Հայաստանում իշխանությունը պետք է փոխվի, որովհետեւ Փաշինյանի պաշտոնավարումը լուրջ վտանգ է ներկայացնում մեր երկրի անկախության եւ ինքնիշխանության համար: Համոզվելու համար, որ դա այդպես է, բավական է միայն համեմատել ՀՀ պետական սահմանների վիճակը 2018 եւ 2023 թվականներին:
Բայց ես վստահ եմ, որ իշխանափոխության միակ ձեւը, որը կարող է օգնել մեր պետականությանը, ընտրություններն են՝ հերթական կամ արտահերթ: Երեւանի ավագանու ընտրությունները ցույց տվեցին, որ այդպիսի բան հնարավոր է: Եվ գուցե, տեսնելով դա, Ալիեւը շտապեց պատժիչ օպերացիա իրականացնել Արցախում՝ հասկանալով, որ Հայաստանի հաջորդ ղեկավարի հարցում նրա բախտը կարող է այս չափով չբերել:
Բայց նույնը կարելի է ասել նաեւ Պուտինի մասին: Պաշտոնական քարոզչությունը շրջանառում է այն անհեթեթ թեզը, թե Կրեմլը ցանկանում է Հայաստանում իշխանափոխություն իրականացնել: Բայց իրականությունը ճիշտ հակառակն է. Պուտինին չափազանց ձեռնտու է, որ մեր երկրում իշխանության մնա մի մարդ, որը ոչ մի բանից գլուխ չի հանում, բացի իր աթոռը պահելուց, որը հանուն զուտ քարոզչական ազդեցություն ապահովելու համար եւ ինչ-որ ներքին, անհասկանալի իմպուլսների ազդեցության տակ կարող է ամիսը մեկ ընկնել աշխարհաքաղաքական տվայտանքների մեջ:
Փաշինյանի՝ իշխանության մնալու դեպքում Ռուսաստանին շատ ավելի հեշտ կլինի իրականացնել Թուրքիայի հետ իր համատեղ ծրագրերը, որոնց առանցքում այժմ «Զանգեզուրի միջանցքն է»: Այո, Հայաստանի վարչապետն այժմ ասում է, որ դա նրա համար «կարմիր գիծ է»: Բայց նա ասել է նաեւ, որ «Արցախը Հայաստան է, եւ վերջ», իսկ 2020 թվականի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն փաստաթուղթը ստորագրելուց անմիջապես հետո նա ասել է՝ «Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը»:
Կարդացեք նաև
Այնպես որ՝ նրա ասած որեւէ բառ ոչ մի նշանակություն չունի, մի օր մի բան կասի, մեկ ուրիշ օր՝ ճիշտ հակառակը: Այսօր Փաշինյանը խոստանում է կռիվ տալ Հայաստանի անկախության եւ ինքնիշխանության համար, բայց վաղը նա կարող է ասել՝ «եկեք, այնուամենայնիվ, Ռուսաստանի (կամ՝ Թուրքիայի) ծայրագավառ դառնանք՝ ուրիշ ճար չկա»: Երբ մարդը չունի բարոյական արգելակներ, չունի նաեւ «կարմիր գծեր»: Հայաստանի ներկայիս վարչապետը պարզապես գտածո է Պուտինի, ինչպես նաեւ, կրկնեմ, Ալիեւի եւ Էրդողանի համար: Երեքն էլ մեծ ջանքեր են գործադրել եւ գործադրելու են, որպեսզի Հայաստանում իշխանափոխություն չլինի:
Եվ, ի դեպ. ռուս խաղաղապահներին Արցախ են բերել ամենեւին ոչ արցախցիները, ինչպես փորձում են ներկայացնել Փաշինյանի քարոզիչները: Իրենց շեֆն է ստորագրություն դրել այդ մուտքն արտոնող չարաբաստիկ եռակողմ փաստաթղթի տակ: Այնպես որ ավելի ռուսամետ գործիչ, քան Փաշինյանն է, դժվար է պատկերացնել:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Համաձայն եմ, բայց մեզ պետք են արտահերթ, ոչ թե հերթական ընտրություններ` այս թյուրիմածությունից ու իր թիմից ազատվելու համար։
Ինչպես միշտ, առանց Պուտին, ոչ մի քայլ։ Պուտինը, ինչպես և ԱՄՆ կամ Եվրոպայի ցանկացած կայացած ղեկավար, իր երկրի շահերն է սպասարկում։ Երբ մենք էինք հաղթած, մեզ էր նախընտրում, երբ պարտված ենք՝ հաղթողին։ Իսկ եվրոպային և ամերիկային մեր այսօրվա կառավարիչներն ձեռնտու չեն՞։ Դուք ինձանից լավ գիտեք, թե ովքեր են իրականում գքւնավքր իշխանափոխությքւններիշահառունորը։ Ձեր նման հոդվածներն միայն օգնում են նրանց թրքասեր իշխանավորների աթոռնորի պահպանմանը
Այս վերլուծությունը կարելի է համարել մեր իրականության հայելային պատկերը – համակողմանի է, ամփոփ և ճշմարիտ։ Երանի թե շատ ընթերցումներ լինեն։
Շատ ցանկալի է կայքի էջում այն հնարավորինս երկար պահել։
Գոնէ միջանցքի պարագային, ժամանակ չմնաց իշխանափոխութեան, ոչ արտահերթ ընտրութիւններով, ոչ էլ որեւէ այլ կերպով:
Թուրքերը չեն սպասեր: 2020ի կորուստներէն ետք, այդ սխալ հաշիւը արդէն ըրինք, վարչակարգի բոլոր ու ամէն տեսակի ընդդիմադիրներս. եւ այդ պատճառով կ’ապրինք հիմա էլ այժմու աղէտը, նոր աստիճանի մը հասած անասելի ողբերգութիւնը:
Հետեւաբար, նախընտրելի է որ Փաշինյանը անմիջապէս ընդունի թրքական միջանցքի բացումը:
Եթէ ոչ, թէ՛ այդ միջանցքը պիտի բացուի, եւ թէ՛ ահաւոր թիւով զոհեր եւ նահատակներ պիտի ունենայ Հայաստանը, անգամ մը եւս: Եւ աւելի լայն հողային կորուստներ:
Այս առումով, այո, իր այդ ըսած *կարմիր գիծ*ը, համազօր է իր *Արցախը Հայաստան է ու վերջ*ին… Եւ դեռ այն ատեն, հայկական բանակ կար… Այս անգամ, ողջունելի կը լինի որ ինք վազ անցնի միջանցքին վերաբերեալ իր խիզախ կեցուածքէն: Բաւարար եղան, *դուխին* հետեւանքները…
Մ. Հայդուկ Շամլեան
Յ.Գ. Ընտրութիւններ կրնան տեղի ունենալ միմիայն Փաշինյանը որոշումով: Հետեւաբար, ի՞նչ իմաստ ունի այդ – թէկուզ բանական եւ իմաստուն – առաջարկը…
Կայ միմիայն մէկ, պղտո՜ր կարելիութիւն, որ թերեւս Փաշինյանը այդ որոշումը առնէ: Եթէ վերջապէս հասկանայ որ՝ ոչ Եւրոպան, ոչ էլ ԱՄՆ-ն, որեւէ պատկերացումով, պիտի չօգնեն իրեն որ կարենայ պահել իր այդ *կարմիր գիծ*ը, եւ ուրեմն միայն ինքը իր բանակին մնացորդով կրնայ փորձել իր այդ գիծը պաշտպանել…
Սակայն այդ պարագային եւս, միջանցքի ճեղքումը անխուսափելի է: Թուրքերը պիտի չսպասեն որ ընտրութիւնները տեղի ունենան, ու անկէ ետք դեռ նոր վարչակարգ մը կազմուի: