Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ադրբեջանի կառավարությունը պետք է պատասխանատվության ենթարկվի, ես աջակցում եմ պատժամիջոցների նախագծերին. ԱՄՆ սենատոր. «Ազատություն» ռ/կ

Սեպտեմբեր 25,2023 23:45

ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսը Հայաստանում է՝ անձամբ տեսնելու այն մարտահրավերները, որոնց բախվում են հատկապես Լեռնային Ղարաբաղում և զբաղվելու հումանիտար հարցերով: «Ազատության» հետ զրույցում նա հայտարարեց՝ Ադրբեջանի կառավարությունը պետք է պատասխանատվության ենթարկվի։

«Ազատություն». – Բաքուն հայտարարում է, որ այն, ինչ կատարվում է Լեռնային Ղարաբաղում, իրենց ներքին գործն է։ Երևանն, ընդհակառակը, հայտարարում է, որ անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղ ուղարկել ՄԱԿ-ի մանդատ ունեցող խաղաղապահների, Բաքուն, որը լավ հարաբերություններ ունի ռուս խաղաղապահների հետ, դեմ է միջազգային խաղաղապահներին։ Կարծում եք՝ կա՞ հնարավորություն այս հարցն առաջ մղելու համար։

Գերի Փիթերս. – Կարծում եմ, որ համաշխարհային հանրությունը պետք է անշուշտ առաջ մղի այդ հարցը: Կարծում եմ, որ իմ կառավարության համար կարևոր է նաև դա առաջ մղել՝ հաշվի առնելով այն պատմությունները, որոնք մենք լսում ենք, և հաշվի առնելով այն փաստը, որ առկա էր մատակարարումների կրիտիկական շրջափակում այսքան երկար ժամանակ, բնական է, որ պայմաններն իսկապես ծանր են լինելու մարդկանց համար։

Եվ ես կարծում եմ, որ կարևոր է, որ համաշխարհային հանրությունը հնարավորություն ունենա տեսնելու՝ ինչ է իսկապես տեղի ունենում՝ հաշվի առնելով նաև հակամարտության բնույթը վերջին մի քանի տարիներին:

«Ազատություն». – Վերջին շրջանում Երևանի ու Մոսկվայի հարաբերությունները շատ լարված են։ Իսկ Բաքուն ու Անկարան շարունակում են հայտարարել, որ իրենց պետք է այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքը»։ Հայաստանում մտավախություն կա, որ եթե նոր պատերազմ սկսվի, Հայաստանը մենակ կմնա Ադրբեջանի ու Թուրքիայի դեմ, իսկ Ռուսաստանը Հայաստանին չի սատարի։ Արևմուտքից հայտարարում են, որ չեն հանդուրժի զինված ագրեսիա Հայաստանի դեմ, բայց ըստ Ձեզ, ուրիշ ի՞նչ կարող են Հայաստանում մարդիկ ակնկալել Արևմուտքից, այդ թվում՝ Միացյալ Նահանգներից պատերազմի պարագայում։

Գերի Փիթերս. – Կարծում եմ, որ մեզ համար կարևոր է շարունակել աշխատել հարաբերությունների վրա և ավելի ամուր հարաբերություններ կառուցել Միացյալ Նահանգների հետ: Դա մեկ այլ պատճառ է, որ ինձ Հայաստան է բերել։ Կարծում եմ, որ կան բազմաթիվ հնարավորություններ, որ միասին աշխատենք, այդ թվում՝ տնտեսության աճ ապահովելու, աշխատատեղեր ստեղծելու, ամերիկյան ներդրումները Հայաստան ներգրավելու հարցում։ Բայց որպեսզի այդ ներդրումները տեղի ունենան, դուք պետք է ունենաք խաղաղություն, համախմբած տարածաշրջան, որը համաձայնության կգա խաղաղությունն ապահովելու համար, իսկ հետագայում մարդկանցից կպահանջի շարունակել այն։

«Ազատություն». – Ադրբեջանի այսպես կոչված՝ «հակաահաբեկչական գործողությունից» օրեր առաջ ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալ Յուրի Քիմն ասաց, որ Միացյալ Նահանգները չի հանդուրժի էթնիկ զտումներ կամ այլ վայրագություններ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ և կոչ արեց Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը։ Այս մասին նա խոսել է հենց Սենատում։ Իսկ հիմա տեսնում ենք, որ մարդիկ հավանաբար ընդմիշտ հեռանում են իրենց տներից, ինչպե՞ս կարձագանքեք այս իրավիճակին որպես սենատոր։

Գերի Փիթերս. – Մենք պետք է շարունակենք ագրեսիվ կերպով պահանջել միջազգային դիտորդների մուտք տարածաշրջան, ինչպես նաև պահանջենք, որ մարդասիրական բեռները հնարավորինս արագ մուտք գործեն։ Չնայած կան որոշ բեռնատարներ, որոնք շարժվում են, շատ ավելին պետք է ուղևորվի այդ տարածք: Եվ պարզապես անհավանական կարևոր է, որ մենք շարունակենք պնդել այս պահանջները և դրանք առաջ մղենք, մինչև կիրականանան։

«Ազատություն». – Կոնգրեսում քննարկումներ կա՞ն Ադրբեջանին զրկելու ԱՄՆ-ի ուղիղ աջակցությունից, ինչպես նախատեսում է 907-րդ բանաձևը, հնարավո՞ր է այն կիրառվի եկող տարի։

Գերի Փիթերս. – Քննարկում կա։ Ըստ էության, ես հենց վերջերս եմ աջակցություն հայտնել օրենսդրական նախաձեռնության, որն այժմ գտնվում է Միացյալ Նահանգների Սենատում այդ նպատակի համար: Ադրբեջանի կառավարությունը պետք է պատասխանատվության ենթարկվի։ Մենք ունենք նաև օրենսդրություն, որը կարող է նախագահին իրավունք տալ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ, այնպես որ Կոնգրեսում տեղաշարժ կա։ Ես աջակցում եմ այդ նախագծերը։ Մենք աշխատելու ենք, որ դրանք անցկացնենք առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում:

«Ազատություն». – Փաստորեն նաև պատժամիջոցների հնարավորություն կա։

Գերի Փիթերս. – Դա իմ նշած նախագծի մի մասն է կազմում, որ ներկայացրել ենք մի քանի գործընկերների հետ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930