Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մենք հասկանում ենք թե ինչու են հարցեր առաջանում Ռուսաստանի դերի վերաբերյալ». Սամանթա Փաուեր

Սեպտեմբեր 25,2023 23:40

«ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը Հայաստանի աջակցությունը վերջին մի քանի տարվա ընթացքում եռապատկել է՝ ուղղված  տնտեսական զարգացումներին, փոքր բիզնեսին, ժողովրդավարության ինստիտուցիոնալ բարեփոխումներին, որոնց հետամուտ է եղել Կառավարությունը: Սա Հայաստանի հետ մեր փոխգործակցության ընդհանուր համատեքստում է, մեր փոխգործակցությունը նշանակալիորեն աճում է, եւ ավելի խորը համագործակցություն է ձեւավորվում մեր կառավարությունների միջեւ: Դա նաեւ իր արտացոլումն է գտնում մեր երկու ժողովուրդների ամուր կապերի վրա»,- ասուլիսում ասաց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանթա  Փաուերը:

Նրա խոսքով, այդ համատեքստում պակաս կարեւոր չէ  նաեւ մեծաթիվ ամերիկահայերի գործոնը:

Ինչ վերաբերվում է Ադրբեջանի հետ փոխգործակցությանը, այս մասին էլ ասաց. «Մենք ընդհանուր շրջանակ ենք դիտարկում նրանց վերջին իրադարձությունների արձագանքի համար: Ամենակարեւորն ուզում ենք, որ հրադադարը պահպանվի, մարդիկ կարողանան դուրս գալ  Լեռնային Ղարաբաղից, եթե դա իրենց ընտրությունն է»:

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ղեկավարը հավելեց, որ չի կարող նշել, թե կոնկրետ ինչ գործիքներ կարող է կիրառել Միացյալ նահանգները, բայց ընդգծեց, որ դրանց թիվը մեծ է: Նրա խոսքով, Վաշինգտոնում շատ բարձր մակարդակում քննարկումներ են ընթանում, թե որոնք կլինեն համարժեք գործողությունները:

Ինչ վերաբերվում է  տարածաշրջանից Ռուսաստանին հայերի կյանքի գնով հեռացնելու վերաբերյալ հարցին, այս մասին էլ  Սամանթա Փաուերն ասաց. «Տեսնելով ոչ միայն վերջին օրերի, այլեւ վերջին տարիների դեպքերը՝ ներառյալ  Լաչինի ճանապարհի արգելափակումը՝  մենք հասկանում ենք, թե ինչու են հարցեր առաջանում Ռուսաստանի դերի վերաբերյալ… Այդ հարցերը մեզ համար հասկանալի են: Բայց մեր շեշտադրումը հայ-ամերիկյան փոխգործակցությունն է…Ես չեմ կարող ներկայացնել, թե ինչպես ենք այս պահին փորձում խորացնել փոխգործակցությունը, որովհետեւ այս պահին շատ հարցեր դիտարկման ընթացքում են:

Եվ պետքարտուղարի տեղակալ Քիմի, եւ դեսպան Քվինի, եւ վարչապետի հետ քննարկել ենք շատ շոշափելի առաջարկներ, որոնք հնչեցին կառավարութան կողմից: Մենք դրանք փոխանցելու ենք, եւ կտեսնենք, թե որոնց կկարողանանք արձագանքել ժամանակին: Մենք  որպես գործընկեր՝ երկխոսություն ենք ծավալում ըստ անհրաժեշտության, ըստ կարիքների: Մենք ըստ ի հայտ եկող մտահոգությունների են ինտենսիվացնում մեր երկխոսությունը»

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930