Լրահոս
Օրվա լրահոսը

«Մայր Հայաստան» դաշինքը հետևողական է լինելու, որպեսզի մեղավորները պատասխանատվության ենթարկվեն օրենքի ողջ խստությամբ

Սեպտեմբեր 25,2023 23:13

«Մայր Հայաստան» դաշինքը խիստ մտահոգություն է հայտնում և դատապարտում զանգվածային անկարգություններին մասնակցելու կեղծ հոդվածով տասնյակ քաղաքացիների դեմ ապօրինի քրեական հետապնդում իրականացնելը և բողոքի ակցիաների հարյուրավոր մասնակիցների բերման ենթարկելը։

Հատկապես դատապարտելի են ակնհայտ քաղաքական ենթատեքստով և ընդգծված բռնություն կիրառելով բերման ենթարկելու, ձերբակալելու և կալանավորելու դեպքերը։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի հանդեպ խոշտանգումն ու շինծու մեղադրանքով կալանավորումը նշվածի ակնհայտ դրսևորումն են։ Անընդունելի է լրագրող Դավիթ Սարգսյանի ձերբակալությունը՝ խուլիգանության ակնհայտ կեղծ մեղադրանքով։ Անթույլատրելի է անհնազանդության ակցիաների մասնակից Տաթևիկ Վիրաբյանի՝ զոհված զինծառայող Գևորգ Վիրաբյանի քրոջ, կալանավորումն իբրև թե բռնության կոչերի համար։ Դաշինքը դատապարտում է պատգամավորներին ու լրագրողներին բերման ենթարկելու գործելաոճը։

Բողոքի և անհնազանդության խաղաղ ցույցերի մասնակիցների հանդեպ կալանքը՝ որպես խափանման միջոց կիրառելու գրեթե բոլոր միջնորդությունների՝ դատարանների կողմից բավարարումը գնահատում ենք որպես գործադիր իշխանության հրահանգների կատարում դատավորների կողմից, ինչը խաթարում է պետության բնականոն գործունեությունը։

«Մայր Հայաստան» դաշինքն անընդունելի է համարում բերման ենթարկելիս ոստիկանության աշխատակիցների կողմից ցուցարարների հանդեպ կիրառվող ծեծն ու խոշտանգումը, որն ուղեկցվում է մարդկանց արժանապատվությունը վիրավորող հայհոյանքներով։ Կոչ ենք անում ոստիկանությանը զերծ մնալ նման հակաօրինական գործելաոճից։ ՀՀ քննչական կոմիտեին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին կոչ ենք անում պատշաճ իրավական գնահատական տալ կատարվածին և ապօրինություններից պաշտպանել տուժածների իրավունքները։

«Մայր Հայաստան» դաշինքը հետևողական է լինելու, որպեսզի մեղավորները պատասխանատվության ենթարկվեն օրենքի ողջ խստությամբ և ապահովվի քաղաքացիների ազատ արտահայտվելու իրավունքի լիարժեք իրացումը։

Տեղի ունեցողը ևս մեկ անգամ հաստատում է օրվա հրամայականը՝ իշխանափոխություն։

 

«Մայր Հայաստան» դաշինք

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930