Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Լեռնային Ղարաբաղի բնակիչներն արժանի են, որ բռնությանը վերջ դրվի, Ադրբեջանը պետք է կատարի խոսումը».Սամանթա Փաուեր

Սեպտեմբեր 25,2023 21:40

«Մենք կոչ ենք անում Ադրբեջանին, որ պահպանի հրադադարը եւ կոնկրետ քայլեր ձեռնարկի պաշտպանելու քաղաքացիական անձանց իրավունքները Լեռնային Ղարաբաղում: Նախագահ Ալիեւը խոստացել է երաշխավորել էթնիկ հայերի իրավունքները: Ադրբեջանը պետք է կատարի այդ խոստումը:

Ավելին՝ շատ կարեւոր է, որ աշխարհը կարողանա ստուգել, համոզվել, որ Ադրբեջանն իր խոստումը կատարում է: Բոլոր կողմերը պետք է թույլ տան, որ միջազգային հումանիտար գնահատում եւ ներկայություն լինի, որպեսզի տեսնեն՝ արդյոք Ադրբեջանը կատարո՞ւմ է իր հանձնառությունները, եւ կարողանան այդ կառույցները  հաշվետվություն ներկայացնել միջազգային հանրությանը»,-  ԱՄՆ դեսպանատանը կայացած ասուլիսում ասաց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանթա  Փաուերը:

Նրա խոսքով. «Ադրբեջանը պետք է մշտապես եւ լիարժեք բացի Լաչինի միջանցքը ուղեւորափոխադրումների, կոմերցիոն եւ հումանիտար փոխադրումների համար: Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ խոստումները բնակիչներին սին կլինեն, քանի դեռ քաղաքացիական անձինք չեն կարող ազատ գնալ եւ գալ, երբ դեղորայքի եւ սննդի պաշարները չեն կարողանում հասնել այնտեղ: Այնպիսի կազմակերպություններ, ինչպիսին, օրինակ,  ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունն է, պետք է ունենա մուտք, որպեսզի առաջին անհրաժեշտության աջակցություն, հումանիտար օգնություն ցուցաբերվի մարդկանց»:

Խոսելով մինչ այժմ Հայաստանին ԱՄՆ-ի ցուցաբերած օգնության մասին, Սամանթա Փաուերը նաեւ հավելեց. «Վաղը ես կհայտարարեմ լրացուցիչ հումանիտար աջակցության մասին: Մենք ապահովելու ենք առաջին անհարժեշտության նյութեր, վերմակներ, հիգիենայի պարագաներ այն անձանց, ովքեր թողել, հեռացել են իրենց տներից, Լեռնային Ղարաբաղից եւ այժմ օգնության կարիք ունեն: Մենք պատրաստ ենք սննդամթերք եւ կանխիկ դրամական աջակցություն, իրավական օգնություն, կացարան ապահովել այն անձանց, որոնք դրա անհրաժեշտությունն ունեն: Մենք սերտորեն աշխատում ենք տեղի իշխանությունների հետ…

Լեռնային Ղարաբաղի բնակիչներն արժանի են, որ բռնությանը վերջ դրվի, իրենց հայկական մշակութային կապերն ապահովեն, նաեւ կարողանան իրենց հայեցողությամբ ազատ տեղաշարժվել: ԱՄՆ-ը շարունակելու է աշխատել Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարության հետ՝ ամենաբարձր մակարդակում հետամուտ լինելով խաղաղության: Ապագայի հետ կապված՝ մենք շարունակելու ենք մեր փոխգործակցությունը Հայաստանի ժողովրդի հետ ժողովրդավարությունն  ամրապնդելու եւ տնտեսական զարգացումն ապահովելու ուղղությամբ»:

 Գոհար  ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930