«Չեմ ուզում վախեցնել, բայց օրերի հաշվարկով Հայաստանը դրամատիկ գործընթացների մեջ է մտնելու: Արդեն իսկ մտել է»,- այսօր Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ժամանակ ասաց Անդրանիկ Թեւանյանը:
Նա վստահեցրեց, որ աթոռի խնդիր չեն լուծում, Հայաստանի լինելիության հարցն է. «Մենք պիտի ամեն օր պայքար մղենք, որ Երեւանը չդառնա խրամատ, Շուշիի օրը չընկնի»:
Թեւանյանը ժամկետ նշեց. «Հոկտեմբերի 5-ին Նիկոլ Փաշինյանը արդեն իսկ պատրաստվում է կյանքի կոչել այն, ինչ ինքը արել է՝ Ալիեւի ու Էրդողանի հետ նախապես պայմանավորվելով: Եթե այստեղ հավաքվում է 100 հազար մարդ, ապա մինչեւ հոկտեմբերի 5-ը Նիկոլ Փաշինյանին վռնդելը դառնում է իրատեսական, դրան պետք է գնալ: 100%-անոց ինֆորմացիան այն է, որ հիմնվելով ստեղծված իրավիճակի վրա, Նիկոլ Փաշինյանը այսպես թե այնպես հեռանալու է:Այդ հարցով համընդհանուր կոնսենսուս կա: Կարեւորը հետեւյալն է՝ նա հեռանում է ցնցումներո՞վ, թե՞ առանց ցնցումների: Մենք կողմնակից ենք առանց ցնցումների հեռացմանը»:
Թեւանյանն ասաց, որ պատրաստ է խոսել ուժայինների հետ եւ նրանց ներկայացնել ողջ իրավիճակի լրջությունը: Ավելացրեց, որ ՔՊ-ական պատգամավորների հետ էլ են ուզում խոսել, ովքեր կարող են միանալ իշխանափոխությանը, քանի դեռ ուշ չէ:
Կարդացեք նաև
Նա նաեւ դիմեց գործարարներին. «Նրանք առնվազն չպետք է խոչընդոտեն այն աշխատակիցներին, ովքեր ուզում են իրենց նպաստը բերել հայրենիքի փրկությանը: Վաղվանից նոր թափ ենք տալիս համազգային գործադուլին: Սա բոլորին է վերաբերվում: Եթե այդ ամենը համազգային բնույթ չստանա, մենք, սկսած խոշորներից, գնալու ենք իրենց դուռը, անվանական ենք ասելու»: Թեւանյանն ընթերցեց այն կազմակերպությունների անունները, որոնք միացել են գործադուլին՝ խոստանալով, որ իշխանափոխությունից հետո նրանց եկամուտները ավելացնելու են՝ համազգային գովազդ անելով:
Խոսելով վարչապետ Փաշինյանի վերջին ուղերձի մասին՝ Թեւանյանն ասաց. «Նիկոլ Փաշինյանը կեղծ թեզ է տարածում, թե իբր ինքը ինքնիշխանության կողմնակիցն է, մյուս կողմը՝ ծայրագավառ լինելու: Տո ա՛յ ծայրագավառ, դու Թուրքիայի ծայրագավառն ես ու քո ծայրագավառությամբ մի դատիր ուրիշներին: Ծայրագավառ եղել ես, ծայրագավառ էլ կմնա՛ս»: Թեւանյանը պատասխանեց հարցին, թե ինչ են անելու, եթե Փաշինյանի փոխարեն իրենք գան իշխանության. «Անելու ենք ճիշտ հակառակը, ինչ Նիկոլն է անում՝ վերականգնելու ենք մեր դաշնակցային հարաբերությունները Իրանի ու ՌԴ-ի հետ, Արեւմուտքի հետ նորմալ հարաբերություններ ենք հաստատելու, թույլ չենք տալու, որ Հայաստանի անկախության ու ինքնիշխանության հաշվին աշխարհաքաղաքական կռիվներ գնան այստեղ: Այ սա՛ ենք անելու: Չենք պառակտելու մեր հանրությանը, տնտեսություն ենք զարգացնելու ու քո նման ծայրագավառներին այլեւս պետությանը մոտ չենք թողնելու: Մի հատ էլ է հարց հնչեցվում՝ բա լավ, Նիկոլը որ գնաց, բա ո՞վ է լինելու: Չհասկացա՛, ուրեմն Հայաստանում մենակ էդ ծայրագավա՞ռն է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ