«ԲԱՑՈՒՄ» քաղաքացիական նախաձեռնության անդամներն այսօր ՀՀ քաղաքացիներին հրավիրել էին Գիտությունների ազգային ակադեմիայի շենքի մոտ ՀՀ անկախության ու ինքնիշխանության պահպանման հարցով հավաքի:
Նախաձեռնության անդամ Նարեկ Այվազյանը անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի՝ սեպտեմբերի 24-ի ուղերձին եւ ասաց, որ այն քաղաքացիների խոսույթից գողություն էր, որը հրամցվեց որպես իր կատարելիք աշխատանք, որը մինչեւ հիմա նա ձախողել է: Այվազյանը չմտաբերեց մի աշխատանք, որ այս իշխանությունը սկսի ու հաջողությամբ ավարտին հասցնի. «Մինչեւ հիմա, ինչ սկսել են, ձախողել են: Չեմ հիշում մի ազգային գործ, որը սկզբից մինչեւ վերջ կատարեն՝ սկսած Արցախը Հայաստան է, ե՛ւ վե՛րջ, ինչը շուռ եկավ ու դարձավ Արցախը Ադրբեջանի տարածք է, ու վե՛րջ»:
Ըստ Այվազյանի՝ փողոց դուրս եկած բոլոր քաղաքացիները, որոնք չեն հաշտվում ստեղծված իրողության հետ, պետք է համախմբվեն ու դառնան ուժային գործոն եւ ձեւակերպեն ընդհանուր ռազմավարություն: Նարեկ Այվազյանի խոսքով, ռազմավարության հենքի վրա աշխատանքային խմբերը պետք է իրականացնեն այդ ռազմավարությունից բխող գործողություններ:
«Սա մի փոքր խմբի անելիք չէ, համատեղ ուժերով իրականացվող գործողություն է: Ժողովրդին պետք է դրա մասին իրազեկել, մինչեւ չմիավորվենք, ժողովուրդը չի գալու կանգնի ձեր գաղափարների կողքին: Մենք պատրաստակամություն ենք հայտնում օգնել յուրաքանչյուրին մեր ներուժի չափով»,- հավելեց նա:
Կարդացեք նաև
Անդրադառնալով Արցախից ՀՀ տեղափոխվող քաղաքացիների ահագնացող հոսքին՝ Այվազյանը շարունակեց. «Գաղթ է իրականացվում Արցախից ՀՀ, դա ցեղասպանական քաղաքականության մաս է կազմում: Ադրբեջանը, Ալիեւի ղեկավարությամբ, իրականացնում է ցեղասպանություն: Պետք է հստակ իրավաքաղաքական գնահատական տրվի թշնամու ղեկավարությանը ու նրան սատարող ցանկացած ուժին, որը կանգնում է հանցանքի կողքին. լինեն՝ տեղական ուժեր, թե՛ միջազգային ուժեր: Ով ուզում է լինի, ուղիղ պետք է կանգնել երեսներին ասել; Եթե կա վախ, ուրեմն վախը պետք է օգտագործենք մեզ համար, ոչ թե դարձնենք ուրիշների համար գործիք մեր դեմ»:
Նրա խոսքով, հումանիտար աղետը գալարվելով մտնում է ՀՀ, կհասնի Երեւան: Այդ աղետը կանխելու համար, ըստ Այվազյանի, ՄԱԿ-ի դիմաց հուլիսի 19-ից սկսած հումանիտար բեռներ են հավաքել, պահանջել ու շարունակելու են պահանջել ՄԱԿ-ից, որ ապահովի դրանց տեղափոխումը դեպի Արցախ. «Արցախը չենք համարում, որ վերցրել են:
Արցախը օկուպացված է, օկուպացված ռեժիմին պետք է դուրս բերենք:
Եթե չշարունակենք մեր պայքարը Արցախում, Սյունիքում եւ ամենուր նաեւ միջազգային հարթակներում, մեր խոսքի իրավունքն էլ են խլելու»:
Նա նաեւ հավելեց, որ ազգերի ինքնորոշման իրավունքի պահանջն են շարունակելու ՄԱԿ-ից պահանջել, ինչից այս իշխանությունները զրկեցին Արցախին:
Այվազյանը նաեւ ասաց, որ վաղը 18:00-ին կրկնելու են այսօրվա հավաքը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ