Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղի գյուղապետը, կորցնելով սեփական մանկահասակ երեխային, այդուհանդերձ, կարողացել է փրկել գյուղի բոլոր երեխաներին: Այս լուրով այսօր մեկնարկեց Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքը: Հայտարարվեց նաեւ, որ չնայած արցախցիները բռնի տեղահանվում են, բայց այսօր էլ Ստեփանակերտի եկեղեցում տեղի է ունեցել ամուսնություն:
ԵՊՀ դոցենտ, «Հայաքվեի» անդամ Մենուա Սողոմոնյանն իր ելույթում խոսեց ոստիկանների գործողությունների մասին. «Օրեցօր կոշտանում է ոստիկանության գործողությունները եւ գնալով թույլատրելի սահմանները հատվում են, բերման են ենթարկվել 200 քաղաքացիներ, ոմանք ձերբակալվել են՝ լրիվ անհիմն, նրանց վրա խուլիգանության հոդվածով շինծու ձեւով գործեր են կարվում: Երկրորդ անգամ ԵՊՀ պատմության մեջ ոստիկանությունը ներխուժում է ԵՊՀ շենքից ներս: Սա անթույլատրելի է: Ես պահանջում եմ ԵՊՀ գիտական խորհրդից գնահատական տալ այս բռնարարքներին, համալսարանականներին ԵՊՀ-ից բռնությամբ տանելու, այն մարդկանց, ովքեր պայքարում են արժանապատվության համար, այն օրինակելի դասախոսներին, ովքեր պայքարում են իրենց ուսանողների արժանապատիվ կյանքի համար»:
Կարդացեք նաև
Նա հորդորեց Բրյուսովի համալսարանի ուսանողներին դուրս գալ եւ հաշիվ պահանջել իրենց պրոռեկտորի անհիմն ձերբակալության եւ քննչական բաժնում պահելու համար:
Մենուա Սողոմոնյանն ասաց, որ պետք է մեծ ուշադրություն դարձվի անհնազանդության գործողություններին. «Ժողովուրդ, ես կոչ եմ անում, խնդրում եմ դուրս գալ առավոտյան փողոց, չենք մեռնելու դրա համար, չենք վիրավորվելու»: Նա հորդորեց հրապարակում հավաքվածներին ամեն մեկը 15-20 բարեկամներով մի խաչմերուկ փակել:
Իսկ թե ինչպես պետք է դա անել, կոչ արեց չգնալ ոստիկանների հետ բախումների ու չփորձել հերոսանալ, պետք է ամեն ինչ անել, որ չմաշեցվի ռեսուրսը: Հենց ոստիկանները մոտենում են, խորհուրդ տվեց ցրվել շենքերի բակերում, հետո միանալ այլ խաչմերուկում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ