Լրահոս
Օրվա լրահոսը

«Չենք ուզում թշնամին մեզ այսպես տեսնի՝ ուրախանա». Տեղահանված արցախցիներ (Ֆոտոշարք)

Սեպտեմբեր 25,2023 19:30

«8  ամիս է՝  կարգին բան չեմ դրել բերանս, թուրքը ամբողջ օրը խորոված էր անում մեր կողքին, մենք էլ սոված»,-ասում է  Արցախից տեղահանված 47-ամյա տիկին Նազիկը՝ խմելով տաք սուրճը խմելով կարկանդակի հետ։

Գորիսի թատրոնի շենքի մոտ է․ սպասում է որ իրեն ուղեկցեն հյուրանոց։

Լուսանկարվել չի ցանկանում։

«Չեմ ուզում թշնամիս ինձ սենց տեսնի եւ ուրախանա։ Մի օր Աստված կրակ կթափի իրենց գլխին՝ մեզ այս օրը գցելու համար»,-ասում է Նազիկը։

Պավլուշա Սերոբյանը իր «Մոսկվիչ» մեքենայով է հասել Կոռնիձոր։ Կնոջ, հարսի եւ 3 թոռների հետ։ «Հարցնում են՝ ի՞նչ ես բերել հետդ։ Ինչ պիտի բերամ, հազիվ երեխեք ու մեր շորերը։ Սառնարանը, փոշեկուլ, մեծ հեռուստացույց, բոլորը ինչ ստեղծել էի այս տարիներին՝ մնաց սրբապիղծներին»,-նշում է Պավլուշա պապը։

Գորիսի թատրոնի շենքում եռուզեռ է․ բոլորը շտապում են՝ ուզում են րոպե առաջ հաշվառվել ու մեկնել իրենց կեցության վայրերը։  Մարդկանց տեղավորում են  հյուրանոցներում, Սիսիանի եւ Գորիսի տարածաշրջանների այն բնակավայրերում, որտեղ ազատ տներ կան։

«Ասում են՝ մի գնացեք, հետ եք գալու, լույսը, գազը անվճար է լինելու։ Հետո թե գնացեք՝ մեր Ղարաբաղը ազատեք։ Թուրքերն են ասել՝ Հակարիի կամուրջը անցնելուց»,-պատմում է 26-ամյա Անուշավան Գասպարյանը՝ նշելով որ կնոջ եւ  3 տարեկան աղջկա հետ ավտոբուսով է եկել։ «Ծնողներս դեռ այնտեղ են։ Սպասում են՝ գուցե ստացվի մի երկու բան բերեք, մեր ապրուստը հո չենք թողնելու իրենց»,-Aravot.am-ի հետ զրույցում նշում է Անուշավանը։

«Երկու հարկանի տունս թողել եմ, դուռը փակել, բանալին վերցրել եկել, որ թուրքը գա վայելի, իրենք սովոր են ուրիշների աշխատանքը վայելեն։ Իրանց Ալլահը իրանց պատժելու է մի օր, էլ չեմ խոսում մեր Աստծո մասին», -թոռների հետ «Գորիս» հյուրանոց ճանապարհվելուց ասում է  Նվարդ Հովսեփյանը։

«Մեր գյուղը Վանքն էր․ մտան ասին դուրս եկեք, զենքը  պահեցին մեր վրա։ Ժամանակ տվեցին ՝ եթե չէ, ուրեմն ողջ չեք մնա»,-ասում է Գոհար Հարությունյանը։

Սյունիքի մարզպետի աշխատակազմը ողջ կազմով Գորիսում է․ կամավորների հետ հաշվառում են տեղահանվածներին ու ուղեկցում կեցության վայրեր։

«Կամավոր եմ եկել, ուզում եմ օգտակար լինել, բայց ասում են այս պահին կամավորների կարիք չկա։ Տվյալներս վերցրին, որ անհրաժեշտության դեպքում կանչեն»,-ասում է 21-ամյա գորիսեցի Արմինեն։ Նա մենակ չէ, եւս 25 մարդ կամավորագրվում է հերթափոխով աշխատելու համար։

Իսկ Հակարիի կամուրջից եկող մարդկային հոսքը չի դադարում․ այս պահին նույնիսկ խցանումներ են։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930