Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը երեկ եւ այսօր

Սեպտեմբեր 25,2023 18:15

Այն որ, Հայաստանի անկախությունից ի վեր, ոստիկանությունը մշտապես եղել է ոչ այնքան հասարակական կարգի պահապան, քրեական հանցագործությունները կանխարգելող և բացահայտող կառույց, որքան օրվա իշխանության թիվ մեկ հենարանը՝ փաստ է։

Այժմ չէի ցանկանա, մանրամասն նկարագրել, թե ինչպիսին են եղել ոստիկանական գործողությունները նախորդ երեք նախագահների ժամանակ։ Բայց հաստատակամորեն կարող եմ պնդել, որ նման վայրենություններ, ինչ կատարվում է 2018 թ․սկսած, հատկապես՝ 2020թ․ հետո, երբևէ չի եղել։ Չի եղել, նաև այս աստիճան բարձիթողություն՝ ամեն օր կրակոցներ, սպանություններ, գողություն, թալան։

Այս իշխանությունը ոստիկանությանը բացառապես օգտագործում է սեփական անվտանգությունն ապահովելու համար, թքած ունենալով հանրային կարգի վրա։ Կարելի է, համոզված պնդել, որ այսօրվա ոստիկանը նաև չունի կրթություն և տարրական մասնագիտական պատրաստվածություն։ Ի դեպ, կառավարության նիստերից մեկի ժամանակ, վարչապետ կոչեցյալը հպարտությամբ ասաց, որ պարեկ դառնալու համար կրթություն ունենալը պարտադիր չէ։

Բազմաթիվ փաստեր, նկարահանումներ կան 2020-ից 2023թթ․, տարբեր ստորաբաժանումների՝ կարմիր, սև բերետավորներ, այլ սահմռկեցուցիչ համազգեստերով, անգութ, բութ հայացքներով ոստիկանների և նրանց հրամանատարների կողմից քաղաքացիներին ծեծելու, խեղդելու, նրանց դեմքերին թքելու, այլ վայրենությունների մասին։ Այս ամենը սկսվեց, 2018թ․ քիչ անց, երբ վարչապետ կոչեցյալը, Երևանի ավագանու նախընտրական քարոզարշավի ժամանակ, հարթակից հրահանգեց ոստիկանության և ԱԱԾ պետերին, ասֆալտին փռել իր հակառակորդներին։ Եվ այս խոսքերն արժանանում էին բուռն ծափահարությունների, այդ թվում՝ գեղեցկադեմ, ժպիտը դեմքին, իրեն իրավապաշտպան համարող Գայանե Աբրահամյանի կողմից։

Եվ ահա, վերջին օրերի ոստիկանության վայրագությունների մասին, խոսել է ՆԳՆ փոխնախարար, ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը։ Նա ժխտում է ակնհայտ փաստը՝ ոստիկանի կողմից անչափահասին խեղդելու տեսարանը, լրագրողի հանդեպ բռնությունը, այլ վայրագություններ և խոսում ծառայողական քննության մասին։ Ուղղակի ծիծաղելի է։

Մի պահ պատկերացնենք աներևակայելին, այն է՝ թե ոստիկանապետն անկեղծ է խոսում․ «Այո, խեղդում է, մեկ այլ դրվագում թքում դեմքին, դաժանորեն ծեծում, պառկեցնում ասֆալտին։ Այդպես է մեզ հանձնարարել մեր տեր վարչապետը։ Նա ասել է, ով ավելի դաժանորեն ծեծի, ջարդի, ավելի շատ պարգևավճար կստանա։ Այդ խոսքերը նա ասաց քննչական կոմիտեի, հակակոռուպցիոն կոմիտեի պետերի, գլխավոր դատախազուհու ներկայությամբ։ Եվ նրանք բոլորը ժպիտները դեմքերին հավանություն տվեցին»։

Ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը ստաժավոր ոստիկան է։ Նա ծառայել է Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի իշխանությանը, ինչպես իր տարիքի բոլոր ոստիկանները։ Սակայն պարոն Հովհաննիսյանին կուզենայի հիշեցնել, նրա այսօրվա տիրակալ, վարչապետ կոչեցյալի հոգին ոնց էր փառավորվում, երբ 2008թ․ ցուցարարները ծեծում էին ոստիկաններին։ Բազմաթիվ ոստիկաններ, այսօրվա վարչապետ կոչեցյալի հրամանի,հարձակման հետևանքով, ստացել էին ծանր մարմնական վնասվածքներ (43-45 էջ)։

Եվ դու՛, պարոն Հովհաննիսյան, առանց ամաչելու, այսօր ծառայում ես քո ծառայակիցներին նվաստացրած անձին։

Ոստիկանության վայրագություններին բարձր գնահատական է տվել, աշխարհի ամենաերջանիկ անձը՝ ԱԺ խոսնակը։ Նրա խոսքերին կարելի է ընդհանրապես չանդրադառնալ, քանի որ բացի անձնական վայելքներից, նրան ոչինչ չի հուզում՝ հայրենակիցների տառապանքներ, տեղահանություն, զոհեր, գերիներ։ Նա իր ողջ կյանքում երբեք չի ունեցել սկզբունքներ, արժեքներ, այլ միայն քծնել, հաճոյացել է ժամանակին օլիգարխներին, այսօր՝ մարդատյաց տիրոջը։ Բայց, եթե տեսականորեն պատկերացնենք, որ նա թեկուզ զգուշությամբ քննադատեր ոստիկանական գործողությունները, ապա ինքն անձամբ կհայտնվեր ասֆալտին պառկած։

Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930