Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյան. «Այսօր Արցախում մարդկանց զանգվածաբար հանձնում են հողին ու հողը հանձնում թշնամուն»

Սեպտեմբեր 25,2023 18:40

Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբի ուղիղ եթերում խոսելով այս օրերին Արցախում տեղի ունեցող իրադարձությունների մասին՝ ասաց, որ պատմության մեջ Արցախը երբեք ամբողջությամբ չի հայաթափվել: «Որ հաղթական հայոց բանակի փառահեղ մարտական զենքն առանց մարտի ամբողջությամբ տանեն, դնեն թշնամու ոտքերի տակ ե՞րբ է եղել: Ցեղասպանության ժամանակ մենք պետություն չենք եղել, հայերը եղել են փոքրամասնություն Օսմանյան կայսրությունում, եւ օսման ղեկավարությունը որոշել է բնաջնջել անպաշտպան քաղաքացիներին: Բայց որ ունենաս երկու անկախ պետականություն, երկու բանակ ու երկու պետության տեր ժողովուրդը ենթարկվի ցեղասպանության եւ բռնի տեղահանության ու դրա կազմակերպիչը լինի այդ ժողովրդի կողմից իրեն ընտրված համարած մարդը, նման բան ոչ թե մեր ժողովրդի, այլ աշխարհի պատմության մեջ չի եղել:

Արցախում զանգվածային հուղարկավորություններ են: Ու անունները չկան, թե ովքեր են մահացել: Վիճակագրություն էլ չի արվում, թե քանի հոգի են: Մարդկանց հանձնում են հողին ու հողը հանձնում են թշնամուն եւ գալիս են: Ու դա լինում է նույն օրը: Հարազատիդ հանձնում ես հողին ու նույն օրը նստում ես ավտոբուս, սովահար:  Մի կերպ հասնում ես Գորիս, որ երեխայիդ  հաց տան ուտելու: Ու սա՝ 21-րդ դարում, Եվրոպայի խորհրդի անդամ երկրում:

Ասում են Եվրոպա կա: Դրանք ընկած՝ մի մարդու սեռակողմնորոշման պաշտպանության հարցերով են զբաղվում: Այսինքն, ԵԽ անդամ երկրում կարելի է մարդկանց ամիսներով պահել սովահարության մե՞ջ, հետո լցնել բեռնատար մեքենաները՝ կեսը սոված, կեսը դիա՞կ: Այսպիսի բան ոչ միայն հայ ժողովրդի , այլ համաշխարհային պատմության մեջ չի եղել:

Ցավալիորեն սա մեր համար դարձել է սովորական բան: Ասում է՝ ըստ Արցախի ՄԻՊ տեղեկությունների, զոհվել է 200, վիրավորվել է 400 մարդ: Ու դեռ չգիտենք, թե գյուղերում, որոնց հետ ոչ մի կապ չկա, ադրբեջանցիներն ինչեր են արել: Հնարավոր է, չէ՞, որ նրանց զինվորներից մեկի հայրը նախորդ պատերազմներից մեկում մեռած լինի, դա ասի, ես իմ հոր վրեժն եմ լուծում ու ամբողջ գյուղի բնակիչներին գնդակահարի՝ մեր ու մանուկ: Իսկ ինքը ՄԱԿ անվտանգության խորհրդի նիստից մի ժամ առաջ ասում է՝ Արցախի քաղաքացիական բնակչությանը ոչինչ չի սպառնում»,-ասաց Էդգար Ղազարյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930