Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալբերտ Բազեյանին առաջադրված մեղադրանքում կա «Նիկոլ Փաշինյանի ֆիզիկապես ոչնչացում» ձեւակերպումը»․ Փաստաբան

Սեպտեմբեր 25,2023 17:33

Երեւանի նախկին քաղաքապետ, ԱԺ նախկին փոխնախագահ, «Նիկոլ Դուման» կամավորական ջոկատի հիմնադիր հրամանատար, պահեստազորի գնդապետ, Համահայկական միացյալ դաշինքի նախաձեռնող խմբի անդամ Ալբերտ Բազեյանին առաջադրված մեղադրանքում կա վարչապետ Նիկոլ Փաշինյանին «ֆիզիկապես ոչնչացնելու» մասին ձեւակերպում։ Այս մասին «Առավոտի» հետ զրույցում ասաց Ալբերտ Բազեյանի պաշտպան Գրիգորի Մելիքյանը։ «Հիմարավարի նման մեղադրանք են դրել, բայց ոչ մի խոսք չկա այն մասին, թե դա ո՞նց պետք է կատարվեր, ե՞րբ պետք է կատարվեր, ի՞նչ եղանակով։ Ուրիշ հերոսի անուն չգիտեն, մի հատ Նիկոլ Փաշինյանի անուն գիտեն, մեղադրանքի մեջ պետք է անունը մտցնեն, երեւի դատավորների վրա ազդելու նպատակով է դա արվել։ Մեղադրանքում կա ձեւակերպում՝ «իշխանության յուրացում, ընդհուպ մինչեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆիզիկապես ոչնչացում»։ Բայց դա մեղադրանքի էությանը հակասում է»,- ասաց փաստաբանը։

Հիշեցնենք, որ ԱԱԾ հաղորդագրության համաձայն՝ Ալբերտ Բազեյանը եւ «Խաչակիրներ ռազամահայրենասիրական» ՀԿ 7 անդամներ, ինչպես նաեւ այլ մարդիկ, ունենալով հակաիշխանական հայացքներ, ՀՀ կառավարության անդամների և ղեկավարի նկատմամբ՝ գաղափարական թշնամանք, նախնական համաձայնության գալով միմյանց հետ, պայմանավորվածություններ են ձեռք բերել իրենց մոտ պահվող զենք-զինամթերքը որպես հանցագործության գործիք օգտագործելու միջոցով կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու եղանակով և դրա սպառնալիքով զավթելու իշխանությունը, մասնավորապես՝ Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով տիրանալ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորություններին:

Քրեական վարույթի շրջանակներում ձեռքբերված բավարար փաստական տվյալների հիման վրա հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքով ձերբակալվել են հանցավոր խմբի ութ անդամներ, ՀՀ քրեական օրենսգրքի 43-419-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել են հանրային քրեական հետապնդումներ, ներկայացվել են մեղադրանքներ:

Փաստաբանի խոսքով՝ Ալբերտ Բազեյանը մեղադրանքը չի ընդունել, բայց ցուցմունք տվել է։ «Պահանջում ենք առերեսումներ, եթե իր դեմ վկայություն տված անձինք կան։ Այս պահի դրությամբ ձերբակալությունը վիճարկվել է դատարանում, այսօր կալանքի միջնորդություն է ներկայացվելու դատարան, սպասում ենք այդ նիստին։ Մենք անհամբեր սպասում ենք կալանքի նյութերի ստացմանը, որ հասկանանք, թե իրենց ձեռքին ինչ կա»,- հավելեց Գրիգորի Մելիքյանը։

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախկին անդամ Արմեն Մկրտչյանը, որը ժամանակին Ալբերտ Բազեյանի հետ մաս էր կազմում «Ազգային վերածնունդ» կուսակցությանը՝ «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ Ալբերտ Բազեյանը երեկ երեկոյան հացադուլ էր հայտարարել։ «Ինքը հայտարարում է, որ սա ամբողջությամբ քաղաքական պատվեր է, մերկապարանոց մեղադրանք է։ Ես էլ եմ 100 տոկոսով համոզված, որ դա այդպես է։ Բազեյանն այդ մարդկանց հետ ոչ մի առնչություն չունի, չի էլ ճանաչում նրանց»,- ասաց Արմեն Մկրտչյանը։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930