Լրահոս
Օրվա լրահոսը

Բերման ենթարկվածներին թույլ չեն տալիս զանգել, չեն ներկայացնում հիմքերը. ՄԻՊ գլխավոր քարտուղար

Սեպտեմբեր 25,2023 17:16

«Սեպտեմբերի 19-ից մեր աշխատակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով, ինչը ենթադրում է, որ հավաքների ազատության իրավունքի դիտարկումը իրականացնում ենք ոչ միայն մեդիահրապարակումների վերլուծությամբ, այլ շուրջօրյա թեժ հեռախոսազանգերին, ահազանգերին արձագանքելով եւ ներկայացված տեղեկատվությունը ամփոփելով… Մեր արագ արձագանքման խմբերը մեկնում են ոստիկանության բաժիններ եւ քննչական մարմիններ՝ տեղում դիտարկելու ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման վիճակը»,-Մեդիա կենտրոնում կայացած ՝ «Իրավապահ մարմինների արձագանքը ցուցարարների բողոքին որքանո՞վ է իրավաչափ» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՄԻՊ աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանը:

Նա տեղեկացրեց, որ շուրջ 270 ազատությունից զրկված անձանց հետ առանձնազրույցներ են ունեցել եւ ամփոփել են այն տեղեկատվությունը, որը տրվել է հենց հավաքի մասնակիցների կողմից:

ՄԻՊ ներկայացուցիչը նշեց այն հիմնական խնդիրները, որոնք, նրա ձեւակերպմամբ՝ համակարգային բնույթ են կրում, շարունակական են. «Հավաքների ազատության հետ կապված ոստիկանական պրակտիկայի համակարգային խնդիրները տարիներ շարունակ ՄԻՊ-ի կողմից արձանագրվել են: Վերջին օրերի հավաքները եւս ցույց տվեցին, որ շատ հարցեր համակարգային մակարդակում մնում են չլուծված»,-ասաց Նաիրա Փիրումյանը:

ՄԻՊ գլխավոր քարտուղարը ներկայացրեց դրանցից մի քանիսը. «Առաջինը անձին ազատությունից զրկելու պահին դրա հիմքերն ու պատճառները չներկայացնելն է: Քաղաքացիները հաճախ նշում են, որ ձերբակալման են ենթարկվել ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու իրավախախտման հիմքով, մինչդեռ նման օրինական պահանջ որպես այդպիսին չի էլ ներկայացվում: Հավաքի մասնակցի կողմից չի եղել առնվազն պարզ եւ հստակ, թե ինչու է բերման ենթարկվում, որ՝ ոչ իրավաչափ վարքագծի համար: Արձանագրել ենք նաեւ խնդիրներ՝ կապված զանգի հնարավորության ապահովման հետ: Ունեցել ենք դեպքեր, երբ անձանց ասել են՝ հեռախոսները անջատել, եւ այս տրամաբանության մեջ անձը իրազեկված չի եղել զանգ կատարելու հնարավորության մասին, այսինքն` իր նախընտրությամբ որեւէ անձի զանգելու եւ իր գտնվելու մասին տեղյակ պահելու իրավունքի մասին: Շատ դեպքերում անձանց մոտ եղել է այն կանխավարկածը, որ նման իրավունք չունեն»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930