Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բոլորը շատ լավ գիտեին սպասվող զարգացումների մասին, բայց բոլորը կամա թե ակամա Ալիևի թելն էին թելում․ Տաթև Հայրապետյան

Սեպտեմբեր 25,2023 17:08

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Արցախի մասին նորմալ, ոչ էմոցիոնալ վերլուծություն գրելը բարդացել է: Ինչ վտանգավոր կանխատեսում ունեի ու երազում էի սխալ դուրս գալ, եղավ: Հիմա էլ ակնհայտ, բոլորի աչքի տեղի է ունենում տանջված, քայքայված, հայրենիք կորցրած հայերի տեղահանման ու էթնիկ զտման գործընթացը: Բայց քանի որ ոչ մեկին՝ ոչ ՀՀ-ին, ոչ ՌԴ-ին, ոչ էլ Արևմուտքին ձեռնտու չի ասել, որ եղավ էթնիկ զտում, դրա համար էլ Ադրբեջանն ու Թուրքիան բոլոր չեն վաստակի համապատասխան պիտակը: Որևէ փաստավավերագրում չեղավ միջազգայինների կողմից, որևէ օտարերկրյա լրագրող չմտավ Արցախ, որևէ հումանիտար կառույց չարձանագրեց եղածը, մի քանի ռուս խաղաղապահ էին կադրեր նկարել ադրբեջանական վայրագության, դրանց էլ սպանեցին, արագ ցավակցեցին, թեման փակվեց:

Մնում է Աստծուն փառք տալ ողջ մնացածների համար, գրկաբաց ընդունել Հայաստանում, փորձել օգնել ու հասնել մարդկանց:

Բայց ինձ համար ակնհայտ է, որ այս էթնիկ զտումը տեղի է ունենում ոչ միայն ՌԴ-ի օգնությամբ, այլև հենց Արևմուտքի՝ մեղմ ասած՝ անգործությամբ: Սեպտեմբերի 19-ից հինգ օր առաջ  Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմը ԱՄՆ սենատում կազմակերպված լսումների ժամանակ ասում էր, որ իրենք խստորեն նախազգուշացրել են Բաքվին, որ չգնա ռազմական գործողությունների: Այն ժամանակ նշել էի, որ նման զգուշացումների վրա Ալիևը թքած ունի: Ինչպե՞ս կարող է ես դա հասկանամ, իսկ ԱՄՆ որոշում կայացնողները չհասկանան, չի կարող դա լինել: Բոլորը շատ լավ գիտեին սպասվող զարգացումների մասին, բայց բոլորը կամա թե ակամա Ալիևի թելն էին թելում:

Մինչ հայկական կողմերին կոչեր էին անում նոր զիջումների գնալ, որի դիմաց իբրև պիտի բացվի Լաչինի միջանցքը, Ադրբեջանը պատրաստվում էր նոր ագրեսիայի: Ադրբեջանի գործելաոճը պարզ է՝ իմիտացնել բանակցային գործընթաց, պատրաստվել կռվի, հարձակվել, իրավիճակ փոխել գետնի վրա ու հետո ասել, դե հիմա կբանակցենք այս կետից: Բոլորն էլ դա շատ լավ հասկացել են, Ալիևն իր բերանով ասում է՝ «պատերազմն եղել է իմ կյանքի առաքելություն…», բայց բոլորը նշված դիկտատորի հետ «խաղաղության պայմանագիր» են խաղում՝ մեր կյանքների, արժանապատվության, հայրենիքի, կռվի ու զոհողության հաշվին:

Ինչո՞ւ եմ սա ասում, որ պատրանքներ չլինեն դրսի որևէ ուժի նկատմամբ, որովհետև այսօր Արևմուտքն ու ՌԴ-ն կռիվ են տալիս, թե ով ավելի սերտ հարաբերություններ կունենա Թուրքիայի, նաև Ադրբեջանի հետ, իրենք էլ դրանից մաքսիմալ օգուտ են քաղում: Պետք չի այլոց ճնշման ներքո զիջել սեփական իրավունքներն այն հույսով, թե իբրև դա կկանխի պատերազմը: Պատերազմը բառերով չեն կանխում կամ զիջումներով, այն էլ Ադրբեջանի դեպքում, դա կանխում են քայլերով, պատրաստվելով՝ թե՛ ռազմական, թե՛ դիվանագիտական, թե՛ հոգեբանական ու տեղեկատվական առումներով: Իսկ մեզ մոտ իշխանությունները երևակայական ներքին դևերի դեմ են պայքարում՝ զբաղված պահելով մեր ժողովրդին:

Ինձ համար ամենածանրը տեսնելն է, որ այս փուլում ու հենց հիմա բոլոր կողմերից սպանում ու արժեզրկում են պայքարը հայ ժողովրդի մեջ ու հայ ժողովրդի համար: Ու դա արվում է Սյունիքի դեմ հստակ ու ծրագրված կերպով նախապատրաստվող ագրեսիայի նախօրեին: Մեզ չեն հայրենազրկում ուղղակի, մեր մեջ պայքարն են արժեզրկում, կռիվը, կյանքը ու անձնազոհությունը… Բայց ինչ-որ տեղից ուժ գտնել է պետք, երևի մոտավորապես նենց, ոնց որ Նժդեհը գտավ՝ վճռական մենակի հոգեբանությամբ…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930