«Մենք եվրոպական «CEE Bankwatch Network» ՀԿ-ների ցանցի ներկայացուցչությունն ենք Հայաստանում։ Ցանցը հայտարարությունը մի քանի ամիս առաջ է տարածել եւ խնդրել մեկնաբանություն-առաջարկություն ներկայացնել ՎԶԵԲ-ի վերաբերյալ։ Մենք էլ ներկայացրել ենք»,-այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Էկոլուր» ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը՝ պարզաբանելով հայկական լրատվամիջոցներից մեկի հրապարակումը։ Ըստ լրատվամիջոցի՝ հայ էկոլոգները սեպտեմբերի 22-ին ադրբեջանցի էկոլոգների հետ միասին նամակ են հղել ՎԶԵԲ-ին ինչ-որ նախագծի առնչությամբ։
Զարաֆյանի ներկայացմամբ՝ լինելով նշված ցանցի ներկայացուցիչը Հայաստանում՝ 2008-ից սկսած ՎԶԵԲ-ի ներդրումային քաղաքականության վերաբերյալ մշտապես մեկնաբանություններ են ներկայացրել։
Այս անգամ հայտարարությունը վերաբերում է հանքարդյունաբերությանը՝ 9 երկրների քաղհասարակության 20 եւ միջազգային բնապահպանական-իրավապաշտպան 7 կազմակերպություններ դիմել են ՎԶԵԲ-ին՝ հանքարդյունաբերության ոլորտում ներդրումները վերանայելու պահանջով։
«Իրականում մեր հանքարդյունաբերությունը ցանցի «պորտֆոլիոյի» շատ քիչ տոկոս է։ Պահանջներ են ուղղվում նաեւ նավթի եւ գազի արդյունահանման ոլորտում ՎԶԵԲ-ի ներդրումային քաղաքականությանը, քանի որ ամենամեծ ներդրումներն այս ոլորտներում են լինում»,-ասաց Զարաֆյանը։
Կարդացեք նաև
«Էկոլուր»-ը հրապարակել է «CEE Bankwatch Network»-ի հայտարարությունը, որտեղ նշված է․ «Սեպտեմբերի 15-ին քաղաքացիական հասարակության կազմակերպություններն առաջարկություններ են ներկայացրել ՎԶԵԲ-ի հանքարդյունաբերության ռազմավարության վերաբերյալ՝ պահանջելով վերանայել այս ոլորտում ներդրումային մոտեցումը, մասնավորապես.
– Առաջնահերթություն տալ շրջանաձև տնտեսության մեջ ներդրումներին, այլ ոչ միայն՝ հանքարդյունաբերությանը
– Կենտրոնանալ նյութերի բնապահպանական հետքի ազդեցության նվազեցման և վերամշակման խթանման վրա
– Ապահովել, որ հանքարդյունաբերության ոլորտում ներդրումներ չկատարվեն այն երկրներում, որոնք չեն պահպանում բնապահպանական օրենքները
– Սահմանել հանքարդյունաբերության համար արգելված տարածքներն ու արգելված տեխնոլոգիաները.
– Երաշխավորել բնիկ ժողովուրդների նախնական իրազեկված համաձայնությունը և բոլոր շահագրգիռ համայնքների համաձայնությունը
– Շոշափելի օգուտներ տրամադրել տեղի համայնքներին այն երկրներում, որտեղ գործում է ՎԶԵԲ-ը»:
Հայտարարությանը միացել են քաղհասարակության 20 կազմակերպություններ Ալբանիայից, Հայաստանից, Ադրբեջանից, Բոսնիա և Հերցեգովինայից, Վրաստանից, Մոնղոլիայից, Ուգանդայից, Ուկրաինայից եւ Ուզբեկստանից, ինչպես նաեւ 7 միջազգային բնապահպանական եւ իրավապաշտպան կազմակերպություններ։ Հայտարարությանը միացել է ադրբեջանական «Oil Workers’ Rights Protection Organization Public Union» կազմակերպությունը։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ