Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպանը նշել է՝ Ֆրանսիայում գործում է հանրային կարգի պաշտպանության դոկտրին, որի վերաբերյալ ուրախ կլինեն կազմակերպել փորձի փոխանակում

Սեպտեմբեր 25,2023 16:50

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին:

Նախարարը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիային, քանի որ այն առաջին պետություններից էր, որը տարածաշրջանային անվտանգային իրավիճակի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի կողմից հերթական լայնածավալ ագրեսիայի կապակցությամբ ուղիղ դատապարտեց Ադրբեջանին՝ նշելով վերջինիս հանցավոր գործողությունները Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության նկատմամբ։ Նախարարը կարևորել է նաև սեպտեմբերի 22-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստը գումարելու Ֆրանսիայի նախաձեռնության, ինչպես նաև սույն նիստի շրջանակներում Ֆրանսիայի արտահայտած դիրքորոշման համար։

Գրիգոր Մինասյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության համար կարևոր է նաև սեպտեմբերի 24-ին Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի՝ Ֆրանսիական TF1 հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում ևս մեկ անգամ հնչեցրած վերահաստատումը՝ Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման և այդ ուղղությամբ Ֆրանսիայի աջակցության պատրաստակամության վերաբերյալ:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակն իրապես մտահոգիչ է: Օլիվիե Դըկոտինյինը նշել է, որ Ֆրանսիական կողմը արձանագրել և տարբեր խողովակներով դատապարտել է խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների հրետակոծման և ապօրինի գերեվարումների դեպքերը:

Նախարարն ու դեսպանը անդրադարձել են նաև Երևանում ընթացող ցույցերին ու անհնազանդության ակցիաներին: Քննարկվել են այս գործընթացների արտաքին ազդեցության հանգամանքները: Անդրադարձ է կատարվել նաև ցույցերի ընթացքում գործադրվող ոստիկանական գործողություններին և դրանց հետևող իրավական գործընթացներին: Դեսպանը նշել է, որ Ֆրանսիայում գործում է հանրային կարգի պաշտպանության դոկտրին և դրա վերահսկողության մեխանիզմներ, որի վերաբերյալ ֆրանսիական կողմն ուրախ կլինի կազմակերպել փորձի փոխանակում:

Անցնելով օրակարգային հարցերին՝ կողմերը քննարկել են ընթացող դատաիրավական բարեփոխումների օրակարգը: Դեսպան Դըկոտինյին բարձր է գնահատել Արդարադատության նախարարության կողմից իրականացվող քայլերն ուղղված այդ օրակարգի հետևողական իրականացման, իրավունքի գերակայության և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ուղղությամբ, նշելով, որ այդ զարգացումները կարևոր են ոչ միայն ժողովրդավարական բարեփոխումների այլ նաև ներդրումային միջավայրի բարելավման ենթատեքստում:

Երկուստեք կարևորվել է Արդարադատության նախարարության և Ֆրանսիայի Հանրապետության միջև ունեցած ամուր գործընկերությունը և վերջին տարիններին Ֆրանսիայի դեսպանատան աջակցությամբ իրականացված ծրագրերն ուղղված Հայաստանում արդարադատության համակարգի ամրապնդմանն ու դատաիրավական բարեփոխումների և արդարադատության մատչելիությանը:

Կողմերը քննարկել են նաև Արդարադատության նախարարության և Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամի միջև համագործակցության ընթացքը և հեռանկարները, մասնավորապես համալսարանի ուսանողների տեսական գիտելիքների գործնական կիրառումը նախարարության գործառույթների շրջանակներում:

Նախարարն ու դեսպանը քննարկել են Հռոմի ստատուտի վավերացման գործընթացն ու այդ ուղղությամբ հնարավոր համագործակցությունը: Քննարկվել է նաև Հայաստանում արբիտրաժային կենտրոնի ստեղծման գործընթացն ու այս համատեքստում փորձի փոխանակման հնարավորությունը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել դատավորների նկատմամբ հարուցվող կարգապահական վարույթներին: Նախարարը նշել է, որ ներկայիս օրենսդրությունը հնարավորություն է տալիս ուսումնասիրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կայացված վճիռներն ու խախտումներ հայտնաբերելու դեպքում՝ կարգապահական պատասխանատվության ենթարկել դատավորներին:
Նախարարն ու դեսպանը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930