Լրահոս
Օրվա լրահոսը

«Անհետ կորածների մասին լուր չկա, հավանաբար ադրբեջանցիները նրանց հուղարկավորում են եւ տրակտորներով հարթեցնում այդ տարածքները»․ Մարգարիտա Քարամյան

Սեպտեմբեր 25,2023 16:07

Արցախցիներն այսօր բողոքի ցույց արեցին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մոտ՝ պահանջելով, որ ԱՄՆ-ն միջազգային մեխանիզմներով ապահովի արցախցիների անվտանգ տեղափոխումը Արցախից Հայաստան։

Մարգարիտա Քարամյան«Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ նախագահ Մարգարիտա Քարամյանի խոսքով՝ արցախցիներն արդեն դուրս են գալիս Արցախից, բայց կան մարդիկ, որոնք չեն ցանկանում լքել Արցախը։ «Հազարավոր ընտանիքներ դեռեւս լուր չունեն իրենց անհետ կորած հարազատներից։ Դեռ ոչ բոլոր մեր հերոսների աճյուններն են դուրս բերվել, շատերը սպասում են, որպեսզի իրենց հարազատներին «Կարմիր խաչի» միջոցով տեղափոխեն եւ Հայաստանում հուղարկավորեն։ Նրանք հիմնականում Հադրութի շրջանի բնակիչներն են։ Ադրբեջանցիներն, ըստ երևույթին, չեն թողնում, որ մտնեն այդ բնակավայրերը, որոնք գրավված են իրենց կողմից, որպեսզի մարդիկ հասկանան՝ որտեղ են իրենց հարազատները։ «Կարմիր խաչը» հիմա զբաղված է միայն տարհանման խնդիրներով, ռուսական զորքի վրա արդեն կարելի է խաչ դնել։ Եվ ահա այս իրավիճակում մարդիկ մնալու են այնտեղ։ Ես գիտեմ մեր ժողովրդին, գիտեմ, որ մեծահասակները չեն ցանկանալու լքել իրենց տները։ Դրա համար մենք պետք է եւ խնդրենք, եւ պահանջենք, որպեսզի միջազգային հանրությունը Արցախ դիտորդական առաքելություններ ուղարկի։ Միջազգային կազմակերպությունները վերջապես պետք է մտնեն Արցախ։ Հիմա ինչի՞ համար չեն մտնում։ Այն ժամանակ ասում էին՝ Ադրբեջանի ներքին գործն է, բայց հիմա այնտեղ ցեղասպանություն է։ Երեք տարվա մեջ երկրորդ ցեղասպանությունն է տեղի ունեցել Արցախում։ Էլ ի՞նչ ապացույցներ են պետք միջազգային հանրությանը, որպեսզի հասկանան, որ այդ գործը պետք է անեն։ Գոնե ՄԱԿ-ի կազմակերպությունները գնան փաստահավաք աշխատանք իրականացնեն այնտեղ, որովհետև, ըստ երևույթին, ադրբեջանցիները հուղարկավորում են իրենց կողմից սպանված մարդկանց եւ տրակտորներով հարթեցնում այդ տարածքները, որպեսզի հետքերը կորցնեն։ Մենք հնարավորություն չունենք իմանալու, թե որտեղ են մարդիկ, որոնք անհետ կորած են։ Եվ դա հազարավոր ընտանիքների է վերաբերում»,- ասաց Քարամյանը։

Նրա խոսքով՝ այս երեք տարիների ընթացքում միջազգային հանրությունը քայլեր չի արել։ «Այն, ինչ այս երեք տարիներին մենք իրենց ասել ենք, հիմա հատ-հատ իրականանում է։ Հիմա մենք ուզում ենք հասկանալ՝ գոնե միջազգային իրավունքի ու օրենքների համապատասխան ինչ-որ բան անելո՞ւ են այն մարդկանց համար, որոնք մնում են այնտեղ։ Ես էլ չեմ խոսում այն մասին, որ շատ մեծ վտանգ կա, որ Արցախում մնացած տղամարդիկ, որոնք չենք կարողանալու դուրս գալ, որովհետեւ Ադրբեջանի ցուցակներում նրանց անունը կա, ես չեմ բացառում, որ ռուսներն այդ տղամարդկանց կհավաքեն եւ Ադրբեջանի տարածքով կտանեն Ռուսաստան, այնտեղից էլ Ուկրաինա։ Իրենք արդեն այդպիսի հայտարարություններ անում են ռուսական հեռուստաալիքներով։ Այսինքն՝ ոչ միայն մեր երկիրն են ոչնչացնում, այլ նաեւ աշխարհում մեր երկրի հեղինակությունն են գցում»,- հավելեց նա։

Մարգարիտա Քարամյանի խոսքով՝ Արցախի իշխանությունները մեկ շաբաթ է՝ մարդկանց հստակ տեղեկություն չեն տալիս։ «Այնտեղ կան շատ ծեր ու միայնակ մարդիկ, կա մոտ 6000 հաշմանդամ, ո՞նց են այդ մարդկանց հանելու, ի՞նչ են անելու։ Իրենք իշխանություն չեն, դրածոներ են, որոնք պետք է իրագործեն ռուս-թուրական ծրագրերը։ Իրենց աչքի առաջ երեխաներ են մորթել, իսկ իրենք նույնիսկ մի ցավակցական խոսք էլ չեն ասում, նույնիսկ մի հայտարարություն չեն անում Արցախից, ամբողջ աշխարհին տեղեկացնեն, որ մեզ նորից ցեղասպանում են։ Ոչ Հայաստանից, ոչ Արցախից չկան նման հայտարարություններ, ի՞նչ իշխանության մասին է խոսքը»,- ընդգծեց նա։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930