«Հայաքվե» նախաձեռնության անդամները Երեւանի պետական համալսարանում էին: Նրանք ցույց էին տալիս, թե ինչպես են փակ դռների հետեւում մայր բուհի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի ղեկավարությամբ ինչ-որ քննարկումներ ընթանում:
«Մենք այս պահին գտնվում ենք ԵՊՀ-ում, գիտխորհրդի նիստերի դահլիճի դիմաց, որտեղ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի ղեկավարությամբ տեղի է ունենում խորհրդակցություն, քննարկվում է հայտնի հայտարարությունը: Ուզում են համալսարանի աշխատակիցները կողմ քվեարկեն մի հայտարարության, ըստ որի՝ Արցախը հայկական չէ, նաեւ ստիպեն ուսանողներին դասի նստել… Այ սա է համալսարանի պատկերը, փակ դռների հետեւում նիստ են անում, սա է Նիկոլի ժողովրդավարությունը… Ես կոչ եմ անում գիտխորհրդի դահլիճում գտնվող բոլոր դեկաններին, ովքեր դեմ են այս ամենին, բացեն դռները, հարգելի դեկաններ, դուք մասնակից եք դառնում Արցախի հանձնմանը»,-ասաց Վ. Բրյուսովի անվան համալսարանի պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը:
«Հայաքվե» նախաձեռնության անդամներից Աննա Կոստանյանը դիմեց ռեկտորին. «Հովհաննես Հովհաննիսյան, ձայնս լսո՞ւմ ես, նախկին գործընկեր, ժողովրդավարության քարոզիչ, տարիներով իբր անօրինությունների դեմ պայքար տարած… Հիմա հանցակից ես դառնում Նիկոլ Փաշինյանին, եթե հանցակից չես դառնում, դուռը բաց արա…. Հովհաննես Հովհաննիսյան, պտտվիր, դեմքիս նայիր»:
«Քանի՞սդ եք Արցախում ծառ տնկել, ամոթ ձեզ, ովքեր Արցախում ծառ են տնկել, չեք կարողանալու մեր աչքերի մեջ նայել, հենց հիմա բացեք դռները»,-ասաց մեկ ուրիշ համալսարանական
Կարդացեք նաև
Ամոթ, ամոթ, ամոթ նստողներին ՝ վանկարկեցին մյուսները…
«Ով է ծիծաղողը, պրոռեկտոր Էլինա Ասրիյա՞նը, Էլինա, ինչո՞ւ եք ծիծաղում, լա՞վ եք անում»,-տարակուսանք հայտնեց համալսարանականներից մեկը:
Քիչ անց դահլիճից դուրս եկավ Արեւելագիտական ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը: Նա հաստատեց, որ ռեկտորի, պրոռեկտորների եւ դեկանների մասնակցությամբ քննարկում է, օրակարգում էլ ԵՊՀ-ի հայտարարության տեքստն է, որի վերաբերյալ կոնսենսուս չկա: «Այդ տեքստին մեկը ես դեմ եմ քվեարկել, եւ էլի մարդիկ կան, որ դեմ են քվեարկել … Որոշվել էր քննարկում անենք, որ որոշենք այս իրավիճակում համալսարանի ամեն քայլը՝ որպես մայր բուհ, որտեղ մտավորականներ են աշխատում եւ կրթվում, իսկ թե ինչի է նիստը փակ, չեմ կարող ասել, ես ընդամենը նիստի մասնակից եմ»:
Ցոլակ Ակոպյանն ասաց, որ որպես նախկին համալսարանականներ, ուզում են իմանալ, թե ինչ է քննարկվել, քանի որ ունեն տեղեկատվություն, որ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հրավիրել է բոլոր ռեկտորներին ու պահանջ է դրել խիստ պատժել այն ուսանողներին ու դասախոսներին, որոնք դասադուլի կմասնակցեն:
-Նման բան չկա,- հավաստիացրեց ԵՊՀ պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը:
-Պարոն Հովհաննիսյան, ինչո՞ւ է նիստը փակ,-հարցրեց Ցոլակ Ակոպյանը:
-Այն, ինչ տեղի է ունենում, նիստ չէ, աշխատանքային հանդիպում է քննարկվում են աշխատանքային հարցեր,-ասաց պրոյեկտորը:
-Եթե քննարկվում են աշխատանքային հարցեր, ինչո՞ւ ուսանողների ներկայությամբ չի, եւ երկրորդ, եթե Արցախի հետ կապված հումանիտար եւ այլ հարցեր են, ինչո՞ւ գիտխորհրդին չեք ներգրավում։ Ինչո՞ւ ներկայացված չեն մարդիկ, որոնք պատասխանատու են ուսանողության անունից, ինչու ուսանողական խորհրդի 25 տոկոսը ներկայացված չէ։ Ինչո՞ւ եք որոշել նիստ չանել, աշխատանքային փակ հանդիպում անել, ինչո՞ւ եք հայտարարություն քննարկում,-հարցրեց ԵՊՀ ուսխորհրդի նախկին նախագահ Արմեն Խաչիկյանը;
-Որովհետեւ այսօր ոչ մի բան չի քվեարկվելու…,-պնդեց պրոռեկտորը:
– 2 րոպե առաջ հայտարարության տեքստը շրջանառվել է, պարոն Մելքոնյանն էլ է ասել, առնվազն 4 դեկան դեմ է եղել, այսինքն` եթե դեմ չլինեին, ԵՊՀ դեկանները գիտխորհրդի անունից ռեկտորի ստիպողությամբ պիտի ընդունեի՞ն հայտարարությունը,-հարցրեց Դավիթ Սարգսյանը:
-Ոչ, ոչ…,–փորձեց ընդհատել պրոռեկտորը:
– Եթե ոչ, ապահովեք մեր ներկայությունը,-չէր ընկրկում Դավիթ Սարգսյանը:
-Ստիպված եմ նորից կրկնել, աշխատանքային նիստ էինք անում,-համառեց պրոռեկտորը:
– Ես ձեզ լսեցի, որ աշխատանքային նիստ էինք անում, նորից եմ կրկնում՝ ինչու գիտխորհրդի նիստ չի արվում, այլ արվում է աշխատանքային նիստ,-հարցրեց ԵՊՀ ուսխորհրդի նախկին նախագահ Արմեն Խաչիկյանը:
– Եղել է հայտարարության նախագիծ, որը կոնսենսուսի չի արժանացել, եւ մենք հայտնի հայտարարության տեքստին ծանոթ ենք, հետեւաբար աշխատանքային նիստն է անհասկանալի: Ի դեպ, 2020թ նոյեմբերին ԵՊՀ գիտխորհուրդը պահանջել է ՀՀ իշխանությունների հրաժարականը,-ասաց Դավիթ Սարգսյանը:
-Հավատացեք,-փորձեց ինչ-որ բան ասել պրոռեկտորը
-Դուք ինձ համար վստահելի աղբյուր չեք,-ասաց Դավիթ Սարգսյանը:
Քիչ անց կամիր բերետավորները դահլիճի մոտից տարան նրան:
-Մարդը հանգիստ կանգնած խոսում էր, ինչի՞ համար եք տանում Դավթին, մարդուն տեղեկացրեք, ինչի համար եք տանում,-բացականչեց Աննա Կոստանյանը:
Նա դիմեց ուսանողներին. «Ուսանողներ, մի լռեք, ձեր լռությամբ մասնակից եք դառնում Արցախի հանձնմանը, Արցախի հանձնողների հետ հանցակից եք դառնում, այսօր լռեցիք, վաղը դուք եք հայրենազրկվելու»:
Ավելի ուշ փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքի իր էջում գրեց, որ Դավիթ Սարգսյանը ձերբակալվել է խուլիգանություն կատարելու կասկածանքով: Նաեւ հայտնի դարձավ, որ պրոիշխանական թեզերով հայտարարությունը ԵՊՀ գիտական խորհրդի կողմից չի ընդունվել: Այդ մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Խաչիկ Աբաջյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ