Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՄՆ-ն ու Արեւմուտքը պետք է դիտորդական առաքելություն ուղարկեն Արցախ՝ արցախցիների անվտանգ տեղափոխումն ապահովելու համար»․ Լեւոն Հայրյան

Սեպտեմբեր 25,2023 14:22

Արցախցիներն այսօր բողոքի ցույց արեցին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մոտ՝ պահանջելով, որ ԱՄՆ-ն միջազգային մեխանիզմներով ապահովի արցախցիների անվտանգ տեղափոխումը Արցախից Հայաստան։

«Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լեւոն Հայրյանի խոսքով՝ Արցախում մարդիկ այսօր շատ դաժան մարտահրավերների առաջ են կանգնած, սա վերջին 35 տարվա ամենադաժան մարտահրավերն է։ «Ժողովրդի առաջ հարց է ծառացել՝ մնալ իր տանը, թե՞ դուրս գալ։ Մարդիկ կան, որ տատանվում են, մարդիկ էլ կան, որ ասում են՝ մահվան գնով իմ տնից չեմ գնալու։ Մեր հիմնական պահանջը ԱՄՆ-ից ու Արեւմուտքից այն է, որպեսզի դիտորդական առաքելություն ուղարկեն Արցախ եւ Արցախից ելքի ճանապարհներին։ Մենք բոլորս գիտենք, որ ռուսին ու թուրքին վստահել չի լինի։ Ինչպես արցախցի ուսանողների դեպքում եղավ, մի երկու խումբ անարգել տեղափոխեցին Հայաստան, հետո սկսեցին ձերբակալությունները, նրանք զերծ չեն մնալու այս գործելաոճից, շարունակելու են։ Ժողովրդին էլ պետք է զգուշացնենք, որ մինչեւ 100 տոկոսով վստահ չլինեն՝ դուրս չգան այդ ճանապարհներով։ Թուրքն ու ռուսը հիմա գիտեն, որ աշխարհի ուշադրությունը բեւեռված է այստեղ, սկզբում չեն խանգարում, հետո չգիտեմ, թե ինչ է լինելու այն մարդկանց հետ, ովքեր այնուամենայնիվ չեն ուզենա դուրս գալ»,- ասաց նա։

Լեւոն Հայրյանի խոսքով՝ Արցախում այսօր գտնվող բնակչության 30-40 տոկոս կարող է չցանկանան լքել իրենց հայրենիքը։ «Մարդիկ չեն ուզում իրենց տները լքել։ Մարդկանց ամեն ինչ կապված է իրենց տան հետ, տունը թողնելը, հայրենիքը թողնելը մի քիչ դժվար է։ Բայց այնտեղ էլ անվտանգության երաշխիքներ չկան։ Եթե մի տարածքում չկա հայկական ինքնիշխանություն, ապագա ցեղասպանության բույն է։ Ես անգամ վախենում եմ Ռուսաստանի մեր հայրենակիցների համար, ինձ թվում է՝ վաղ թե ուշ մի հայկական ցեղասպանություն էլ Ռուսաստանում է լինելու, երբ հետեւում ենք Ռուսաստանի մեդիայում արտահայտված մտքերին։ Էրդողանի ու Պուտինի խոսույթն այսօր համարյա նույնն է։ Այսինքն՝ հայը որպես հայ կարող է ապրել միայն այն երկրում, որտեղ կա հայկական սուվերենիտետ։ Եթե Արցախի վրա չտարածվի հայկական ինքնիշխանությունը, այնտեղ 100 հազար հայ լինի, 1 մլն, թե 10 մլն հայ լինի, չի կարողանա ապրել։ Բայց եթե հայկական ինքնիշխանություն լինի, մեկ հայն էլ այնտեղ կարող է ապահով ապրել։ Չնայած սա հիմա թվում է շատ ուշացած, բայց եթե հայկական ինքնիշխանություն լինի Արցախում, հայերը կկարողանան այնտեղ ապրել։ Թուրքերին լավ իմանալով՝ կարող ենք ասել, որ մնացողներն ապագա մատաղացուներ են»,- հավելեց նա։

Արցախցիներն այսօր հանդիպելու են նաեւ Հայաստան ժամանած ամերիկացի սենատոր Գարի Փիթերսի հետ։ «Այս պահանջները կբարձրացնենք, կտեսնենք, թե ինչ հնարավորություններ կան»,- ասաց Հայրյանը։

Նա նաեւ անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթին՝ նշելով․ «Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթն ինձ հիշեցրեց այդ մարդու՝ ճղճղան ձայնով ելույթը 2019 թվականի օգոստոսին Ստեփանակերտի հրապարակում, երբ ասաց՝ «Արցախը Հայաստան է, եւ վերջ։ Եվ եթե այս մարդն ասում է՝ պետք է պայքարենք մեր ինքնիշխանության համար, նշանակում է պատրաստում է երկիրն արժանացնել Ստեփանակերտի ճակատագրին։ Ինչո՞ւ հիմա հանկարծ խոսեց ինքնիշխանությունից ու անկախությունից այն ֆոնին, երբ Էրդողանը գալիս է Նախիջեւան։ Այսինքն՝ պատրաստվում են երեւի Հայաստանից էլ մի մաս տալ։ Ժողովրդին կոչ եմ անում ավելի ակտիվ դուրս գալ փողոցներ՝ այս իշխանությունների հետ հարցերը պարզելու համար։ Սրանք ինչքան մնան, հայ ազգը վնաս է կրելու»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930