«Քաղաքացիները ինձ զանգել, ասում են՝ պինդ եղեք, մենք ՀՀ պետականության կողքին ենք։ Անընդհատ ստանում եմ զանգեր, ու քաղաքացիներն ասում են, որ ՀՀ անկախության ու ինքնիշխանության կողքին են»,- լրագրողների հարցին՝ ՀՀ քաղաքացիներից զանգեր ստանո՞ւմ է, քանի որ երեկ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը կոչ էր արել քաղաքացիներին զանգել իշխանական պատգամավորներին և ասել, թե հրապարակում իրենց մասին ինչ են մտածում, ՀՀ ԱԺ միջանցքում լրագրողների հետ զրույցում այսպես պատասխանեց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ իրեն զանգած քաղաքացիները չե՞ն ասել, թե ինչ արեցիք Արցախի հետ, ՔՊ-ական պատգամավորն արձագանքեց․ «Այդ քաղաքացիները զանգել են ու ասում, թե ինչ արեցին ՀՀ նախկին նախագահները, երբ նաև իրենց միջամտությամբ Ղարաբաղում փոփոխություններ եղան, այդ թվում՝ իշխանության»։
Լրագրողների դիտարկմանը՝ մի՞թե այս վիճակը փոփոխությունների հետևանքով էր, ՔՊ-ական պատգամավորն այսպես պատասխանեց․ «Ամեն դեպքում քաղաքացիներն ասում էին, դե իշխանություն էին ուզում երեք տարի, տվեցիք Դաշնակցությանը Ղարաբաղում իշխանություն․ տեսանք՝ ինչ եղավ։ Մի շաբաթվա արդյունքում կապիտուլյացիայի բանը եղավ»։
Լրագրողները հարցրին՝ բայց բանակը կարո՞ղ էր պայքարել, Գևորգ Պապոյանը պատասխանեց․ «Ես ոչ մեկին չեմ մեղադրում, ես ձեզ ասում եմ, թե ինչ են քաղաքացիներն ասում։ Ամեն օր զանգում են, գրում են։ Անկեղծ կլինեմ՝ մարդիկ, որոնք մեզ քննադատում են, մեզ չեն ընտրել, վաղը կարող է էլի չընտրեն մեզ, հիմա զանգում, ասում են՝ ձեր կողքին ենք, ասում են՝ ոչ թե սրանով ձեր կողքին ենք, այլ ՀՀ անկախության, ինքնիշխանության օգտին ենք մենք կանգնած։ Դա նշանակում է, որ այստեղ քաղաքական հարց չկա։ Սա անկախության շարժում է, և այդ մարդիկ անկախության կողքին են»։
Կարդացեք նաև
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ո՞ր ինքնիշխանության կողքին են, պատգամավորը պատասխանեց՝ ՀՀ ինքնիշխանության։ Մյուս հարցին՝ դա ենթադրո՞ւմ է Զանգեզուրի միջանցք տալ, Գևորգ Պապոյանը վստահեցրեց՝ ոչ, չի ենթադրում։
Մյուս հարցին՝ հոկտեմբերի 5-ին Գրանադայում կարո՞ղ է այդպիսի փաստաթուղթ ստորագրվել, ՔՊ-ական պատգամավորը պատասխանեց՝ չէ։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ