Իշխանությունը վստահ էր, որ հաջորդ քայլով Ավինյանը թիմի աջակցությամբ կհաղթի ընտրություններում, ինչը թույլ կտա «մի կրակոցով երկու նապաստակ խփել»՝ վերջինիս մեկուսացնել Կառավարությունից եւ երկրորդ՝ լուծել մայրաքաղաքի ՔՊ-ացման հարցը: Բայց սպասումները չարդարացան՝ իշխանությունը տարավ «պյուռոսյան» հաղթանակ, որը մեծ հաշվով հավասարազոր էր պարտության: Բանն այն է, որ ընտրողների աննախադեպ ցածր մասնակցության (28,44%) պայմաններում ՔՊ-ն ստացավ երեւանցիների ձայների միայն 32,57%-ը: Դրանով իշխող քաղաքական ուժը կորցրեց ինքնուրույն քաղաքապետ ընտրելու հնարավորությունը: Երեւանը, փաստորեն, ՔՊ-ին ու նրա առաջնորդին, մեղմ ասած, ուղարկեց գրողի ծոցը:
Համեմատության եզրեր անգամ չկան՝ ընտրական աջակցության ցուցիչը, ուրեմն եւ կառավարող ուժի հանդեպ ժողովրդի վստահությունը նվազել է շուրջ երկուսուկես անգամ։
Պետք է նկատի ունենալ նաեւ, որ պաշտոնապես հրապարակված չոր ու ցամաք թվերն ամեն ինչ չէ, որ արտահայտում են: Փոքր-ինչ ձեւափոխելով հայտնի ասույթը՝ կարելի է այն վերաշարադրել հետեւյալ կերպ. «սատանան պաշտոնական թվերի ենթաշերտերի մեջ է»: Հիմա եկեք ուշադրություն դարձնենք երեւանյան ընտրություններին չմասնակցածների բարձր ցուցանիշին՝ դա կազմում է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 71,56 տոկոսը կամ 584.880 մարդ: Ճիշտ այդքան ընտրող չի գնացել քվեարկելու Երեւանի քաղաքապետի իր նախընտրելի թեկնածուի օգտին: Եվ, բնականաբար, չի գնացել, որովհետեւ քաղաքական ուժերի ցուցակում ընդգրկված 14 հավակնորդից ոչ մեկին չի վստահել՝ այդ թվում իշխող ուժին:
Դիտարկենք եւս մեկ «ենթաշերտ». ՔՊ-ի ակտիվում, ինչպես նշվեց վերը, 32,57 տոկոս պաշտոնական արդյունք է գրանցվել: Բայց ո՞վ չգիտի, որ այդ արդյունքը զուտ «մաքուր» ձայներ չեն: Դրանցում արտացոլված է նաեւ օրվա իշխանության վարչական ռեսուրսը, որը սովորաբար համարվում է 20 տոկոս, երբեմն՝ ավելի: Այսինքն՝ ցանկացած իշխանություն ընտրության գնում է՝ արդեն ունենալով 20 տոկոս «բոնուս», որը գոյանում է պետական-կառավարչական լծակների քողարկված կամ անթաքույց օգտագործման արդյունքում: Պատկերը կամբողջանա, եթե հավելենք այն տարաբնույթ ընտրախախտումները, ինչի փորձը Հայաստանն ունի, իսկ ներկա իշխանությունների օրոք այն ավելի է բյուրեղացել:
Կարդացեք նաև
Բայց ընտրակեղծարարությունների թեմային մենք դեռ կանդրադառնանք, դրանից առաջ ամփոփենք «ենթաշերտերի» վերաբերյալ մեր նախորդ միտքը: Այսպիսով՝ խնդրո առարկա 32,57 տոկոսից վարչական ռեսուրսի բաժինը՝ 20 տոկոսը, հանելու դեպքում ՔՊ-ի իրական ձայները կամ, որ նույնն է, վարչապետի այս պահի վարկանիշը չի անցնում 12,5 տոկոսի սահմանագիծը: Եզրակացություն. մայրաքաղաքի ավելի քան կես միլիոն քաղաքացի չի վստահում ՔՊ-ին ու նրա ազգակործան առաջնորդին: Վերջինս այլեւս օրինակարգ կամ, եթե ուզում եք, լեգիտիմ չէ: Հետեւաբար՝ իրավունք չունի ժողովրդի անունից խոսելու, բանակցելու, որեւէ հայտարարություն անելու, պաշտոնական փաստաթուղթ ստորագրելու: Առավել եւս՝ Արցախի անունից:
Գեւորգ Բրուտենց
Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) ACNIS reView «Հայացք Երեւանից» կայքէջի acnis.am 2023թ.-ի 33-րդ համարից