Մեծ քաղաքականության մեջ չկան բարեկամներ ու դաշնակիցներ, կան շահեր, եւ բոլորը բոլորին օգտագործում են: Չնայած ողբերգական ճակատագրին՝ հայերն այդպես էլ չհասկացան, որ հովանավորներ որոնելը ոչ միայն անիմաստ է, այլեւ չափազանց վտանգավոր: Ցանկացած ներունակ հովանավոր սեփական շահն է առաջ մղելու, եւ գլխավորապես՝ ի հաշիվ հովանավորյալի:
Այս ճշմարտությունն իր ահավոր դեմքը բացում է պատմական այն հանգրվաններում, երբ միջազգային կարգ է փլուզվում, ինչպես հիմա է, կամ ինչպես եղավ Առաջին աշխարհամարտի ժամանակ, երբ սկսեց գործել ջունգլիների օրենքը: Առավել եւս՝ երբ աշխարհի հզորներն իրենք են ներքաշվում գոյաբանական պայքարի մեջ: Ռուսաստանը կարող է փլուզվել, եթե ցույց տա իր թուլությունը: Նույնը կարող է տեղի ունենալ Իրանի եւ Թուրքիայի հետ:
Նմանօրինակ խնդրի առջեւ է կանգնած համաշխարհային առաջնորդը՝ Միացյալ նահանգները, որն իր գերիշխող դիրքը (հեգեմոնիան) կորցնելու պարագայում՝ նախ տնտեսապես, ապաեւ ֆիզիկապես, կարող է կործանվել: Խնդիրը գոյութենական է, այսպիսի դեպքերում ոչ մի երկիր մեկ այլ երկրի փրկելու համար ինքնազոհողության չի գնա: Սա է հովանավոր չփնտրելու հիմնական խորհուրդը: