«Ազատություն»․ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը տեղական հեռուստաալիքների հետ զրույցում ասել է, որ անհանգստացած է Հայաստանի դեմ Ադրբեջանի հնարավոր ռազմական հարձակմամբ՝ ընդգծելով, որ Բաքուն սպառնում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը:
«Ֆրանսիան շատ զգոն է Հայաստանի տարածքային ամբողջականության հարցում: Այսօր կա Ռուսաստան, որը Ադրբեջանի հանցակիցն է, և Թուրքիա, որը միշտ աջակցել է այդ ձգտումները», – հայտարարել է Ֆրանսիայի նախագահը:
Մակրոնը կրկին անընդունելի է համարել Ադրբեջանի ռազմական գործողությունը Լեռնային Ղարաբաղում, կարևորել է արցախահայությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար ջանքերի համախմբումը և ընդգծել, որ Ղարաբաղի հայերի իրավունքները պետք է հարգվեն: