Երևանում մի շարք փողոցներում վաղ առավոտից տեղի են ունենում անհնազանդության գործողություններ։
Կրկեսի մոտ «Արցախ, Արցախ» վանկարկելով քաղաքացիները փակել են ճանապարհը։ Մի մարդ իջել էր մեքենայից և ռուսերեն ասում էր՝ մենք ուշանում ենք, թողեք, որ անցնենք։ Սոնա Աղեկյանն էլ ասաց, ոչ մի դեպքում։ Ռուսերեն խոսողն էլ ասաց․ «Իսկ ինչո՞վ եք օգնելու»։ Սոնա Աղեկյանը հայտարարեց․ «Մենք փորձում ենք բոլորս բարձր պահել հայի արժանապատվությունը»։ Մի տղա էլ կռիվ էր անում՝ ճանապարհ տվեք, գնանք, շտապում ենք։
Ոստիկանությունը քաղաքացիներին հորդորեց անհապաղ ազատել փողոցի երթևեկելի մասը՝ հայտարարելով, որ քաղաքացիների գործողություններն անօրինական են։
Բողոքի գործողություններ են իրականացվում նաև Մոսկովյան-Թումանյան փողոցների խաչմերուկի մոտ՝ Վալերի Բրյուսովի անվան համալսարանի դիմաց։ Այստեղ ևս ցուցարարները փողոց էին փակել։ Ոստիկանները զգուշացրին, որ քաղաքացիների քայլերը հակաօրինական են։
Կարդացեք նաև
Այնուհետև սկսեցին քաղաքացիներին բերման ենթարկել, նրանց թվում էր նաև բլոգեր Միկա Բադալյանը։
Այս պահին փակ է Տերյան-Մոսկովյան խաչմերուկը, Գարեգին Նժդեհի հրապարակի մոտ արգելափակված է մեքենաների տեղաշարժը։ Կիևյան կամրջի մոտ ևս մեքենաներ են արգելափակված։ Փակ է նաև Աբովյան փողոցը, Կոմիտասի Սուրբ խաչ եկեղեցու մոտ երթևեկությունը դադարեցված է։ Արգելափակված է երթևեկությունը Կոմիտաս-Գյուլբենկյան խաչմերուկում, Սայաթ-Նովա-Ալեք Մանուկյան խաչմերուկում։ Ոստիկանական մեծաթիվ ուժեր են Երևանով մեկ տեղաշարժվում։
Իսկ քաղաքացիները նաև մեքենաների ազդանշաններով են միանում ցուցարարներին։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ