Էմպաթիան (ապրումակցում) սոցիալական ամուր և հուսալի կապերի ստեղծման առանցքային գործոններից մեկն է, ուրիշի հոգեվիճակը, նրա զգացմունքները, պահանջմունքներն ու մտածելակերպը հասկանալու, նրան կարեկցելու ընդունակությունը, որը երբեմն կարող է ուղեկցվել կոնկրետ գործողություններով, օրինակ՝ օգնության ձեռք մեկնելով։
Ուրիշին ապրումակցելու՝ նրա հույզերն ու մտահոգությունները հասկանալու ճանապարհով հնարավոր է ոչ միայն վստահելի փոխհարաբերություններ ստեղծել, այլև սեփական զգացմունքները կառավարել, և ընդհակառակը՝ միջանձնային, հասարակական հարաբերություններում էմպաթիայի բացակայությունը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել։
Ինչո՞ւ որոշ մարդիկ զուրկ են էմպաթիայից, արդյո՞ք դա հոգեկան կամ նյարդաբանական խանգարման տեսակ է․ այս հարցերի պատասխանները դեռևս ուսումնասիրվում են, թեև կան որոշ ենթադրություններ։
Էմպաթիայի տեսակները
Հոգեբաններ Փոլ Էքմանի և Դենիել Գոուլմանի կարծիքով՝ կարեկցանքի երեք հիմնական տեսակ կա.
Կարդացեք նաև
1․ Կոգնիտիվ՝ ճանաչողական էմպաթիա, որը ենթադրում է այլոց հույզերի ճանաչումն ինտելեկտուալ մակարդակում՝ հիմնված մտավոր գործընթացների վրա՝ համեմատություն, վերլուծություն և այլն։ Դա ուրիշի տեսակետները հասկանալու կարողությունն է՝ անձամբ չկիսելով դրանք ու չգտնվելով տվյալ մարդու հետ նույն իրավիճակում ու հանգամանքներում։
2․ Աֆեկտիվ կամ հուզական էմպաթիա, որը դրսևորվում է ոչ միայն դիմացինի զգացմունքները հասկանալով, այլև դրանք զգալով՝ հաճախ անգամ ֆիզիկապես, մարդուն օգնության ձեռք մեկնելու, նրա նկատմամբ հոգատարություն ցուցաբերելու ձգտումով։
Օրինակ՝ երբ մարդը տեսնում է, որ ինչ-որ մեկը սգում է իր սիրեցյալի կորուստը, տխրություն է զգում և անգամ ցավեր է ունենում կրծքավանդակի կամ որովայնի շրջանում։
3․ Կարեկցող հոգատարություն, որն, ըստ էության, ճանաչողական ու հուզական էմպաթիաների համադրումն է, երբ մարդը ոչ միայն ճանաչում և հասկանում է ուրիշի ապրումները, այլև զգում է դրանք։
Հետազոտությունները ցույց են տվել, որ երբ մարդն ինչ-որ մեկին օգնում է, նրա օրգանիզմը սկսում է դոֆամին արտադրել, որը երջանկություն բերող հորմոններից մեկն է համարվում, և դա խթանում է մարդուն շարունակել էմպաթիկ վարքագիծ ցուցաբերել այլոց նկատմամբ։
Էմպաթիայի դրսևորման աստիճանը տարբեր մարդկանց մոտ տարբեր է լինում, սակայն շատ քիչ դեպքերում է այն լիովին բացակայում։ Քանի որ էմպաթիան ընդունակություն է, մարդկանց մեծամասնությունն այն կարող է զարգացնել։
Ցածր էմպաթիայի մասին է խոսում՝
1․ Քննադատող ու դատապարտող վարքագիծը
Էմպաթիայի ցածր մակարդակ ունեցող մարդիկ ծայրահեղ քննադատաբար են մոտենում այլոց զգացմունքներին ու ապրումներին, երբեմն մեղադրում են մարդուն իր հույզերի համար՝ չմոռանալով հիշեցնել․ «Եթե դու դա չանեիր, հիմա այդ խնդիրները չէիր ունենա»։ Նրանք հակված են պիտակավորելու մյուսներին, այլոց վարքագիծը՝ շատ հաճախ ուշադրություն չդարձնելով պատճառահետևանքային կապերին։
2․ Վստահությունը, որ դա իրենց հետ չի պատահի
Էմպաթիայի ցածր մակարդակ ունեցող մարդիկ խնդիրներ ունեն այլոց կենսական հանգամանքները հասկանալու հարցում։ Նրանք կարող են հավատալ, որ որոշակի իրադարձություններ իրենց հետ երբեք տեղի չեն ունենա, կամ իրենք ավելի լավ կհաղթահարեն նման իրավիճակները։
3․ Ուրիշին «չափից ավելի զգայուն» համարելը
Էմպաթիայի ցածր մակարդակ ունեցող մարդկանց համար շատ դժվար է հասկանալ այլոց հույզերը, և նրանք հաճախ են մտածում, որ դրանք իրական չեն։ Նրանք համարում են, որ այլոց զգացմունքների դրսևորումները ամենևին էլ պարտադիր չեն։
4․ Ոչ պատշաճ արձագանքը
Այս դեպքում մարդն, օրինակ, հանգիստ կարող է կատակել, երբ ինչ-որ մեկն իր հույզերն է արտահայտում, իրեն ուրախ ու անհոգ պահել՝ անտեսելով դիմացինի տխրությունն ու անհանգստությունը։
5․ Դժվարությամբ հասկանալը, թե իր վարքագիծն ինչպես է ազդում ուրիշի վրա
Հաճախ էմպաթիայի ցածր մակարդակ ունեցող մարդը չի պատկերացնում, թե ինչ ազդեցություն ունի իր վարքագիծն այլոց վրա։ Իսկ երբ հասկանում է՝ այնուամենայնիվ, հաճախ մեղքի զգացում չի ունենում։
6. Հարաբերություններ ստեղծելու հետ կապված բարդությունները
Էմպաթիայի ցածր մակարդակը կարող է հանգեցնել հարաբերություններում մշտական բախումների կամ սերտ կապերի բացակայության։
Էմպաթիայի ցածր մակարդակի պատճառները
Ժամանակ առ ժամանակ ցանկացած մարդ կարող է ունենալ էմպաթիայի պակաս, օրինակ՝ դժվար է կարեկցել մեկին, որը քեզ վնասել է։ Հոգեբանները էմպաթիայի ցածր մակարդակը կապում են դաստիարակության, կենսական փորձի կամ սոցիալական գործոնների հետ, նշվում է նաև ժառանգական գործոնը։ Ապրումակցման ցածր մակարդակի ձևավորմանը նպաստում է երկար ժամանակով միայնակ մնալը, հուզական ինտելեկտի ոչ զարգացած լինելը, երկարատև սթրեսի ազդեցությունը, հուզական այրումը և այլն։
Հոգեկան որոշ խանգարումներ, հիվանդություններ նույնպես կարող են նպաստել էմպաթիայի մակարդակի նվազեցմանը, այդպիսիք են՝
- Անձի ու զարգացման խանգարումները,
- Նարցիսիզմը,
- Մաքիավելիզմը*,
- Հակասոցիալական անձնային խանգարումը (սոցիոպաթիա),
- Ալեքսիթիմիան*,
- Աուտիզմը,
- Ալցհայմերի հիվանդությունը և այլն։
Այս վիճակների դեպքում էմպաթիայի դրսևորման աստիճանները կարող են տարբերվել, օրինակ՝ աուտիկ մարդիկ կարող են խնդիրներ ունենալ ճանաչողական էմպաթիայի հետ կապված, բայց և ունենալ զարգացած հուզական էմպաթիա։
*Բռնի ուժի վրա հիմնված քաղաքականություն, բարոյական նորմերի և նման հատկությունների հետ մղում։
*Սեփական վիճակը բանավոր նկարագրելու, հաղորդելու դժվարություն:
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ