Լրահոս
Օրվա լրահոսը

Պահնորդական կազմակերպության աշխատակիցներն իրենց վերջնահաշվարկի գումարները չեն ստացել

Սեպտեմբեր 25,2023 13:00

2022թ. նոյեմբերի 10-ին «Պահապան 1» պահնորդական ընկերությունից զանգում են հանրապետության կարեւորագույն օբյեկտների պահպանությունն իրականացնող իրենց աշխատակիցներին, ասում՝ «գրքերը հավաքեք, պոստերից դուրս եկեք, թողեք գնացեք տուն»: Եվ դա ասվում է բանավոր: Մինչ օրս որեւէ գրավոր հրաման, իրենց վերաբերվող փաստաթղթեր այս աշխատակիցները չունեն: Ամեն բան ասվել է բանավոր: Այդ օրվանից նրանք ազատվել են աշխատանքից… «Պահապան 1»-ը հարկ չի համարել ստանալ իր աշխատակիցներից տրված տեխնիկական միջոցները` ռետինե մահակները, փարոսիկները, ձեռնաշղթաները, հատուկ համազգեստը,  վճարել նրանց թե աշխատավարձերը, թե վերջնահաշվարկ կատարել:

«2018 թվին Պետեկամուտների կոմիտեն տենդեր հայտարարեց, որպեսզի անվտանգությունը տան տարբեր կազմակերպությունների: Աշխատեցինք այդ ժամանակ «Արմոբիլ» ՓԲԸ-ում մոտ մեկ տարի, իսկ ապա` 24-ժամյա ռեժիմով «Պահապան 1»-ում: Հիմա աշխատում ենք «Քինգ Մարշալ» ընկերությունում»,-ասում է շաբաթ օրը Ավանում գտնվող «Պահապան 1» ընկերության վարչական շենքի դիմաց հավաքված քսանից ավելի անձանցից մեկը: Իսկ հավաքվածներն այս պահին ապահովում են պահպանվող օբյեկտների, շենքերի, շինությունների, կառույցների, դրանց հարող տարածքների անվտանգությունը, համարվելով «Քինգ Մարշալ» ընկերության աշխատակիցներ:

Հավաքին միացան նաեւ Գյումրիի, Վանաձորի անվտանգության աշխատակիցները: «Առավոտի» հետ զրույցում նրանք ներկայացան, նրանց մեջ էին Արարատյան մաքսատան (Իսակովի 10), Ներքին անվտանգության շենքի (Անդրանիկի 37), Հարկայինի (Մոլդովական), 3-րդ դեղատան անվտանգությունն ապահովողները…

Ինչու էին հավաքվել, եւ ինչ կատարվեց վարչական շենքում, երբ նրանք հանդիպեցին «Պահապան 1»-ի ֆինանսական գծով պատասխանատու Գառնիկ Ղալեջյանին, ծառայության պետ Նվեր Փիլոյանին:

Պարզվեց, նախկին գործատուի հետ հարցերը դեռ ավարտված չեն, քանի որ «Պահապան 1»-ը չի վճարել նրանց կիսատ աշխատավարձերը, արձակուրդային գումարները, վերջնահաշվարկ չի կատարել, անգամ չի կատարել ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի կարգադրագիրը, 10 օրվա ընթացքում վճարել իրեն դիմած պահպանության աշխատակիցների վճարները: Շուտով կլրանա մեկ տարին…

Վարչական շենքում հարգալից էր հանդիպումը, նախկին գործատուն ասում էր՝ կգա Հիմնադրամի տնօրենը (Գագիկ Կոստանդյան), նրա հետ ձեր հարցերը լուծեք:

Նաեւ պատճառաբանում էին, թե դատական գործընթացի մեջ են ՊԵԿ-ի հետ, դիմել են Վճռաբեկ դատարան, քանի որ քսան օր առաջ նրանք պարտվել են  վերաքննիչ դատարանում:

Սակայն նախկին աշխատակիցները հարցնում էին. «Մենք ի՞նչ կապ ունենք այդ դատի հետ, դուք ձեր խնդիրը ինչու եք մեր գրպանը գցում», իսկ նրանք պատճառաբանում էին, թե ընկերոթյունը ֆինանսական դժվարություններ ունի, նմանատիպ անհամոզեցուցիչ փաստարկներով, կարճ ասած, ցրեցին իրենց նախկին աշխատակիցներին, վիրավորվեցին նաեւ տարեց աշխատակցի ռեպլիկից, թե՝ «Մեր փողը ոնց եք ուտելու»: Մարդիկ կան, որ հենց այդ գումարների հույսին են:

30-40 պահնորդներն են ամեն անգամ հավաքվում, գնում-գալիս, իրականում երկու հարյուրից շատ են: Հարցիս, թե ինչո՞ւ դատարան չեն դիմել, ասում են՝ նրանք առանց այդ էլ դատ ունեն ՊԵԿ-ի հետ, հույսով են, թե գործը դատարան չի հասնի:

Եթե գումարում ենք պարտքերը, մեկին 85 000, մյուսին 35 000, կամ` 60 000… մեծ գումար է այն կազմում: Պահնորդների մեջ կան նաեւ կենսաթոշակառուներ:

Ըստ էության, խախտվել է ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 33-րդ, 263-րդ, 264-րդ հոդվածները, ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի կանոնադրության 11-րդ կետի 10-րդ ենթակետը:

Աշխատակիցների հետ զրույցիցս նաեւ պարզ դարձավ, որ նրանք մինչ օրս չեն տեսել իրենց աշխատանքային պայմանագիրը: Մինչդեռ, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 18-րդ հոդվածի համաձայն, գործատուն աշխատանքային հարաբերության այն մասնակիցն է, որն աշխատանքային պայմանագրի հիման վրա կամ օրենքով սահմանված կարգով օգտագործում է քաղաքացիների աշխատանքը:

ՀՀ մասնավոր պահնորդական գործունեության մասին օրենքի  25-րդ հոդվածի համաձայն, պահնորդի կյանքն ու առողջությունը պահպանվում է գործատուի հաշվին, իսկ 28-րդ հոդվածի համաձայն, օրենքով նախատեսված` թիկնապահի եւ պահնորդի սոցիալական եւ իրավական պաշտպանության երաշխիքները չպահպանելն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.09.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930