Լրահոս
Օրվա լրահոսը

«Պրծա՜վ: Էլ Նազարը կռիվ գնացողը չի՜։ Ոնց կուզեք, արեք…»

Սեպտեմբեր 25,2023 13:30

«Նազարը» 100 տարեկան է

«Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության (ղեկավար՝ Սուսաննա Թադեւոսյան) ներառական մանկապատանեկան թատերախումբը օրերս Երեւանի պետական կամերային թատրոնում ներկայացրեց Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազար» թատերախաղը։

Հանդիսատեսի շարքերում էին Հայաստանում Դանիայի Թագավորության դեսպան Էն Թոֆթ Սորենսենը,  «Առաքելություն Արեւելք» դանիական մարդասիրական կազմակերպության տնօրեն Բեթինա Կոլանդեր Ենսենը, իհարկե՝ դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ, աշակերտներ, ուսանողներ, ծնողներ։

«Արդեն 27 տարի է՝ թատերախումբը գործում է հիմնադիր Հասմիկ Խաչերյանի ղեկավարությամբ եւ այդ ընթացքում բեմադրվել է 30 ներկայացում, թատերախմբի աշխատանքներին մասնակցել են շուրջ 400 տարբեր տարիքի եւ տարբեր հատուկ կարիք ունեցող դպրոցականներ»,- մեզ հետ զրույցում ասաց հիմնադրման օրվանից թատերախմբի ռեժիսոր Լեւոն Իվանյանը, ապա նշեց, որ բեմադրությունների համար հիմնականում ընտրվում են հայ եւ համաշխարհային հատկապես դասական դրամատուրգիայի այնպիսի գործեր (Թումանյան, Դեմիրճյան, Գոցցի, Մոլիեր, Շոու, Շեքսպիր, Սերվանտես, Գոգոլ, Շվարց, Անդերսեն եւ այլն), որոնք աշխարհաճանաչողական լայն ընդգրկում ունեն եւ որոնցում ներկայացված կերպարները խաղալու համար բեմական խոսքի, շարժման, պահվածքի եւ նիստուկացի բարձր պահանջ պարունակող հմտությունների է պետք տիրապետել, որոնք բեմում ներկայացվելուց հետո այդ որակները մասնակիցների համար կիրառելի են դառնում ողջ կյանքի ընթացքում։

Ներկայացումը սկսվել էր։ Թեեւ հանդիսատեսը  քաջածանոթ էր այս ստեղծագործությանը, բայց ուշադրությամբ հետեւում էր բեմում կատարվող գործողություններին, հերոսների խոսքին, նաեւ բուռն արձագանքում, ինչն արտահայտվում էր ծափերով, բռավոներով, ծիծաղով, ռեպլիկներով… Եվ սա բնական է. «Քաջ Նազարը» իսկական դասական ստեղծագործություն է, գլխավոր հերոսների խոսքն ու գործողությունները բնորոշ են  բոլոր ժամանակներին ու ոչ միայն մեզ, այլեւ, վստահ ենք՝ բոլոր ազգերին։ Իսկ երբ գլխավոր հերոսը հնչեցնում էր՝ «Պրծա՜վ: Էլ Նազարը կռիվ գնացողը չի՜։ Ոնց կուզեք, արեք…», հանդիսատեսի շրջանում շշուկներ տարածվեցին, որ Արցախում պատերազմ է…

Ի դեպ, ներկայացումը նվիրված էր «Քաջ Նազար» պիեսի 100-ամյակին, որը Դեմիրճյանը գրել է Թումանյանի խորհրդով։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.09.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930