Ֆրանկֆուրտում արդեն 25 տարի անընդմեջ գործող Միություն ընդդեմ ցեղասպանության թուրք եւ քուրդ անդամները միջազգային հանրությունից պահանջում են շտապ ճանաչել Արցախի Հանրապետությունը եւ հարգել արցախահայության ինքնորոշման իրավունքը։ Կազմակերպության ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարության մեջ նրանք նաեւ շեշտել են, որ Արցախի 120 հազար հայերը նորից ցեղասպանվելու վտանգի տակ են։
Այդ մասին հաղորդում է Akunq.net-ը՝ ստորեւ թուրքերենից թարգմանաբար ներկայացնելով հայտարարության ամբողջական տեքստը.
«Գերմանիայի, Եվրոպայի, համայն աշխարհի մարդու իրավունքների պաշտպաններին, հաստատություններին, խորհրդարաններին եւ կառավարություններին ուղղված հրատապ կոչ.
Կանգնեցրե՛ք Ադրբեջան պետության՝ Արցախի բնակչության հանդեպ սկսած էթնիկ ոչնչացման արշավը…
Կարդացեք նաև
Զուտ հանդիսատես մի՛ մնացեք տասնյակ հազարավոր մարդկանց՝ դարձյալ ցեղասպանության ենթարկվելու ժամանակ։
9 ամիս է, որ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) եւ Հայաստանի միջեւ ճանապարհը ավազակաբար շրջափակված է, մանուկ թե պատանի, ծեր թե հիվանդ՝ տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչներ դատապարտված են սովի, ցրտահարության ու հիվանդությունների եւ զրկված՝ կյանքի գոյատեւման անհրաժեշտ միջոցներից։ Այս մարդկային ողբերգության հեղինակ Ադրբեջան պետությունը հիմա էլ ռմբակոծում է Ստեփանակերտ քաղաքը եւ խաղաղ բնակչությանը հարկադրում արտագաղթել այնտեղից։
Շրջափակման հետեւանքով լիովին սովահարության ենթարկված, սննդից եւ կենսական միջոցներից զրկված 120 հազար հոգի, որոնց մեջ գտնվում են 30 հազար երեխա, 2 հազար հղի կին, 20 հազար տարեց, ներկա պահին, 2023 թ. սեպտեմբերի 19-ից սկսած ենթարկվում է Ադրբեջանի զինված ուժերի իրականացրած լայնածավալ ահաբեկչական հարձակմանը։ Սա Ադրբեջանի կողմից օրը ցերեկով իրականացվող էթնիկ զտում եւ ցեղասպանություն է։
Արցախի ամբողջ բնակչությունն անբարենպաստ եղանակային պայմաններում շարունակում է ապրել նկուղներում՝ առանց էլեկտրականության, հաղորդակցման միջոցների, առանց սննդի եւ ջեռուցման հնարավորության։ Ադրբեջանի օդուժը, ԱԹՍ-ներ եւ այլ միջոցներ կիրառելով, շարունակում է թիրախավորել քաղաքացիական ենթակառուցվածքներ եւ խաղաղ բնակիչների։ Ներկա պահին Արցախի ժողովրդի խաղաղ բնակավայրերն անխտիր ռմբակոծվում են։ Դա Ադրբեջանի ռեժիմի վայրենությունն է։
Հայ ժողովրդի գոյությունը 108 տարի անց սպառնալիքի տակ է նույն հանցագործների կողմից… Բազմաթիվ եվրոպական երկրների խորհրդարաններ, այդ թվում՝ Գերմանիայի, Ֆրանսիայի եւ այլ պետությունների, ինչպես նաեւ՝ աշխարհի բազմաթիվ երկրների, ներառյալ՝ Ամերիկայի օրենսդիր մարմինները 1915 թ. հայ ժողովրդի ենթարկված մեծ ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող որոշումներ են ընդունել։ Նման որոշումները հույս էին ներշնչում, որ ցեղասպանության սպառնալիքներ այլեւս չեն լինի, վերքերի վրա սպեղանի կդրվի, եւ արդարությունը կվերականգնվի։
Մինչդեռ այսօր Թուրքիան եւ Ադրբեջանը, իրենց համատեղ քաղաքական եւ ռազմական ռազմավարությանը հավատարիմ մնալով, օգտվում են ամեն տեսակի առիթից ու հնարավորություններից, որպեսզի տարածաշրջանում շարունակեն 1915 թ. Ցեղասպանությունը եւ հայազրկեն այդ հողերը։
Ցեղասպանությունը ճանաչած երկրները մարդկային մեծ պատասխանատվություն են ստանձնել սպառնալիքի տակ գտնվող այս ազգի գոյությունը պահպանելու համար։ Միջազգային հանրությունը պե՛տք է շտապ գործի անցնի՝ մարդկայնության դեմ իրականացվող այս հանցագործությունը կանգնեցնելու համար։
Արցախում բնակչության դրության մասին անտեղյակություն է առկա, քանի որ նրանք զրկված են ստաբիլ հաղորդակցման միջոցներից ու վառելիքից։ Այնտեղ պետք է հապշտապ միջազգային խաղարարար ուժեր ու դիտորդներ ուղարկվեն, եւ արագ օդային կամուրջ ստեղծվի բնակչությանն անընդմեջ ու ստաբիլ հումանիտար օգնություն ցուցաբերելու համար։
Պետք է հարգանք ցուցաբերել Արցախի բնակչության ինքնավարության եւ սեփական ղեկավարներին նշանակելու իրավունքի հանդեպ։ Պետք է շտապ ճանաչել Արցախի Հանրապետությունը եւ այն վերցնել միջազգային պաշտպանության տակ»։
Միություն ընդդեմ Ցեղասպանության կազմակերպություն / Ֆրանկֆուրտ
Թարգմանեց Մելինե ԱՆՈՒՄՅԱՆԸ
Akunq.net
«Առավոտ» օրաթերթ
23.09.2023