Դե քեզ խելոք պահիր, որ ո՞ւր գնանք: Ճի՜շտ է, «Լունապա՜րկ»: Երեւի թե չկա երեւանաբնակ այնպիսի փոքրիկ, որն իր ծնողների հետ նման զրույց չի ունեցել: Եվ իսկապես՝ Երեւանի սրտում գտնվող այս բարի անկյունը՝ «Լունապարկը», արդեն շուրջ 25 տարի է, ինչ տեղի (ու ոչ միայն) թերեւս բոլոր երեխաների ամենասիրելի վայրերից մեկն է: Այստեղ այցելում են ոչ միայն երեւանցիները, այլեւ մարզերի բնակիչները. երեխաներն անգամ դասարաններով են գալիս, որովհետեւ վստահ են՝ «Լունապարկում» իսկապես կարելի է զվարճանալ:
Մեր երկրում զբոսաշրջության զարգացմանը զուգահեռ՝ «Լունապարկը» սիրված է դառնում նաեւ օտարերկրացի երեխաների համար, քանի որ այստեղ կան բոլորի նախասիրություններին հարմար զվարճանքներ, որոնք իրավամբ կարողանում են գոհացնել փոքրիկ հաճախորդներին:
Ինչպես մեզ հետ զրույցում նշեց «Լունապարկի» (ՍԿՈԲ ՍՊԸ-ի) տնօրեն Վոլոդյա Վարդանյանը՝ իրենց գլխավոր նպատակներից մեկն այգին տարեցտարի գեղեցկացնելն ու հարմարավետ դարձնելն է: Այդ նպատակով այստեղ ուշադրություն է դարձվում ոչ միայն կարուսելների բազմազանությանը, այլեւ մաքրությանն ու անվտանգությանը:
«Մեծ ուշադրություն ենք դարձնում կարուսելների տեխնիկական անվտանգությանը: Ամեն տարի կատարում ենք տեխզննում: Այս տարի եւս՝ հունիսի 26-ին, անցկացրեցինք տեխզննում: Մենք աշխատում ենք ԱԻՆ-ի հետ. տարին մեկ անգամ գալիս են, բոլոր կարուսելները զննում, մինչեւ իրենք թույլ չտան, մենք իրավունք չունենք աշխատեցնելու դրանք: Եթե կարուսելն անսարք է, մեր միջոցներով սարքում ենք, ապա նորից հրավիրում ԱԻՆ-ի մասնագետներին, որոնց ստուգելուց հետո միայն միացնում ենք»,-նշեց պարոն Վարդանյանը:
Կարդացեք նաև
Սակայն, բնականաբար, այսքանով կարուսելների ստուգումները չեն սահմանափակվում, քանի որ այգին էլ իր հերթին ունի մասնագետներ, որոնք ամենօրյա հսկողություն են ապահովում:
«Կարուսելի օպերատորը՝ հսկիչը, տեխնիկայի անվտանգության գծով կարգավորողը, ամեն առավոտ ստուգում են, լվանում, նոր միացնում: Դրա համար կա մատյան, որտեղ ամեն օր գրանցում ենք, որ տվյալ կարուսելը ստուգված է»,-պարզաբանեց տնօրենը:
Խոսելով այն մասին, թե որո՛նք են հաճախորդների կողմից ամենասիրված կարուսելները՝ պարոն Վարդանյանն ասաց, որ երեխաների պահանջներն ու ցանկությունները խիստ բազմազան են՝ ոմանք գնացքն են նախընտրում, ոմանք գերադասում են ավտոդրոմը կամ բիոռոբոտը…
Նշենք, որ բոլոր կարուսելների համար սահմանված է հատուկ տարիքային շեմ, որը խոստորեն պահպանվում է աշխատակիցների կողմից: Իսկ ինչ վերաբերում է նրանց ընտրությանը, ըստ Վարդանյանի, մեծ ուշադրություն են դարձնում ոչ միայն աշխատողի մասնագիտական գիտելիքներին, այլեւ հաճախորդի հետ նրա գրագետ ու բարեհամբույր շփվելու ունակությանը. չէ՞ որ նախ եւ առաջ նրանք գործ ունեն երեխաների հետ:
Ինչպես վստահեցրեց մեր զրուցակիցը՝ այգում անվտանգ են ոչ միայն կարուսելները, այլեւ՝ պարզապես հաճելի զբոսանքը:
«Ոստիկանության հետ ունենք պայմանագիր. այգու անվտանգությունն ապահովվում է նրանց միջոցով»,-ասաց Վոլոդյա Վարդանյանը:
Նա նշեց, որ այգին սիրված է ոչ միայն երեխաների, այլեւ՝ մեծահասակների, մասնավորապես՝ տարեցների կողմից: Այսպես՝ այստեղ կան տաղավարներ, որտեղ արդեն տարիներ շարունակ հավաքվում են այսպես ասած՝ այգու բնակիչ դարձած պապիկներն ու զրուցում, մի բաժակ սուրճ վայելում:
Ի դեպ՝ խնամված ու կանաչապատ այս այգում՝ «Լունապարկում», կան թե՛ սուրճի, ջրի ապարատներ, թե՛ սրճարան: Այգին ունի ցայտաղբյուր ու զուգարան, գրեթե ամեն երեք մետրի վրա աղբամաններ են տեղադրված, իսկ մաքրուհիներն աշխատում են բառացիորեն անդադար: Մի խոսքով, ըստ մեր զրուցակցի, ամեն ինչ արվում է՝ այգու այցելուների լիարժեք հանգիստը անվտանգ ու գեղեցիկ կազմակերպելու համար:
Եվ իսկապես՝ մեր հարցումները պարզեցին, որ այցելուները համակարծիք են տնօրենի հետ՝ «Լունապարկն» իրոք այն վայրն է, որտեղ կարելի է գալ ընտանիքով ու հաճելի ժամանակ անցկացնել, քանի որ այստեղի գնային քաղաքականությունը նույնպես հարմարեցված է յուրաքանչյուրի գրպանին:
«Ինչ վերաբերում է գներին, գիտեք, որ այսօր դրանք ընդհանուր առմամբ բարձր են: Ֆինանսապես շատ ենք տուժում, բայց գները չենք բարձրացրել ու չենք բարձրացնելու՝ հաշվի առնելով տատանումները, ժողովրդի վիճակը…»,-ասաց պարոն Վարդանյանը:
Հավելենք, որ այստեղ կան որոշ կարուսելներ՝ նախատեսված միաժամանակ երեխայի ու ծնողի համար, որոնցից օգտվելիս երեխայի տարիքի համապատասխանության դեպքում՝ մինչեւ 5 տարեկան, վճարում են մեկ հոգու համար:
Բացի այդ՝ տոնական օրերին, օրինակ՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, մինչեւ ժամը երկուսը բոլոր ատրակցիոններն անվճար են:
Ինչպես արդեն վերը նշեցինք՝ անվտանգությունից, հարմարավետությունից ու մաքրությունից զատ՝ այգում մեծ ուշադրություն է դարձվում նաեւ գեղեցկությանը:
«Այս տարի բարեկարգում ենք կատարել՝ նույնիսկ մեր տարածքից դուրս: Տեսնում եք՝ վարդեր են աճում, մեր տարածքում չեն, բայց մենք մշակում ենք, մեր այգեգործներն ամեն օր զբաղվում են դրանով, չէ՞ որ որքան քաղաքը սիրուն լինի, այնքան ավելի հպարտ կլինենք: Նույնը մաքրությանն է վերաբերում. մեր աշխատողները նաեւ այգու հարակից տարածքներն են մաքրում: Նպատակ ունենք եկող տարի եւս այգու մի հատվածը բարեկարգել, դա կապված է ֆինանսի հետ, այս տարի այնպես ստացվեց, որ այգու կողքին կառուցապատում է ընթանում, եւ մեր ճանապարհը փակվեց, հաճախորդները 20-30 տոկոսով պակասեցին»,-անկեղծացավ պարոն Վարդանյանը:
Ի դեպ՝ նշենք, որ այստեղ Երեւանի քաղաքապետարանը շատրվաններ է կառուցում, ինչը, ըստ այգու տնօրենի, մեծապես ողջունելի է:
«Երբ ավարտեն, մեր հաճախորդներն էլ դարձյալ կշատանան, կողքին էլ եկեղեցին է, շատ գեղեցիկ կլինի, զբոսաշրջիկներն էլ ավելի շատ կգան… Որքան սիրուն, այնքան՝ լավ. հայ մարդու պատիվն է»,-ասաց Վոլոդյա Վարդանյանը:
Ամալյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Տեսակետ» մամուլի ակումբ
«Առավոտ» օրաթերթ
23.09.2023