Լրահոս
Օրվա լրահոսը

«Հավանաբար դեռեւս մայիս ամսին որոշում է կայացվել լուծարել Արցախի Հանրապետությունը, եւ դա համաձայնեցված է եւ Արցախի, եւ Հայաստանի ղեկավարության հետ»

Սեպտեմբեր 25,2023 14:00

«Առավոտի» զրուցակիցն է քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը

– Պարոն Ղուկասյան, Արցախում ստեղծված իրավիճակը ի՞նչ է ցույց տալիս, ի՞նչ պետք է անել։

– Այն իրադարձությունները, որոնք կատարվում են, նախապես մշակված, պլանավորված գործողությունների արդյունք են։ Այդ գործողությունները համաձայնեցված են եւ Արցախի, եւ Հայաստանի ղեկավարության հետ։ Հավանաբար դեռեւս մայիս ամսին որոշում է կայացվել լուծարել Արցախի Հանրապետությունը։ Ես կարծում եմ, որ դրանով էին պայմանավորված դրանից հետո Արցախում տեղի ունեցած կադրային եւ Սահմանադրության փոփոխությունները։ Հատկանշական է, որ այն իրադարձությունները, որոնք սկսվեցին ռազմական գործողություններին զուգահեռ, չեն լուսաբանվում Արցախի լրատվամիջոցների կողմից։ Դա նշանակում է, որ ամբողջ համակարգը ներգրավված է կամ գտնվում է այն ուժերի ազդեցության տակ, որոնք իրականացնում են Արցախի, այսպես կոչված, ինտեգրացիան Ադրբեջանի կազմում։ Մենք տեսանք, որ Արցախի իշխանությունները գնացին բանակցությունների Ադրբեջանի հետ, եւ դա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում օգտագործվեց որպես փաստարկ, իրավիճակի գնահատականների համար նշանակություն ունեցող հանգամանք։

– Ի՞նչ ակնկալիքներ կան ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստից, հայտարարություններից բացի, քայլեր կլինե՞ն։

– Թե ինչ սպասել, կարելի է դատել Հայաստանի դիրքորոշումից, որը ներկայացվել է Անվտանգության խորհրդում։ Բանաձեւ կամ հայտարարություն, որտեղ Հայաստանի կողմից բարձրացված հարցերը կամ տեղ կգտնեն, կամ ոչ։ ՄԱԿ ԱԽ գործառույթը ենթադրում է, որ կարծիքներ արտահայտելուց հետո նիստը գումարած պետությունը առաջարկում է բանաձեւի նախագիծ, այլ պետությունները կարող են նախագծին միանան։ Եվ հարկավոր է 9 պետությունների համաձայնությունը, որ հարցը դրվի քվեարկության։ Քվեարկության ժամանակ հարկավոր է 9 պետությունների, ներառյալ ՄԱԿ ԱԽ 5 մշտական անդամների համաձայնությունը, որպեսզի կայացվի որոշում։ Հավանաբար այս փուլում որոշվում է՝ արդյոք կա՞ն բավարար 9 պետություններ, որ առաջարկվի ՄԱԿ բանաձեւը։ Եթե բանաձեւը չհավաքի անհրաժեշտ թվով ձայներ, կարող է փորձ արվի անել հայտարարություն, բայց դրա համար եւս 9 պետությունների ձայն է հարկավոր։ Կանխատեսել՝ դատելով ելույթներից, հիմա այդ գործընթացը դժվար է։ Բայց կանխատեսելի է, որ այն բանաձեւը, որը ենթադրելու է Ադրբեջանի զորքերը նախկին Լեռնային Ղարաբաղի տարածքից դուրս բերելը, այնտեղ միջազգային խաղաղարար ուժեր տեղակայելը եւ ՄԱԿ-ի կառավարում հաստատելը, Լաչինի միջանցքի անխափան բացումը, այդ բանաձեւին հավանաբար առարկելու է Ռուսաստանի Դաշնությունը։ ՌԴ-ն վետո է դնելու։

Ըստ էության, Արցախի հարցով կա երաշխիքների երեք տարբերակ։ Կամ միջազգային խաղաղարար ուժեր՝ առանց Ռուսաստանի մասնակցության, կամ միջազգային խաղաղարար ուժեր՝ ՄԱԿ-ի ղեկավարությամբ, որի ներքո կարող են լինել նաեւ ռուսական զորքերը, կամ ռուսական զորքերի այն վիճակը, որն այսօր կա։ Այս երեք տարբերակներն են հավանաբար, որոնց շուրջ պետք է կատարվի ընտրություն։

– Եվլախում տեղի ունեցավ Ստեփանակերտ-Բաքու բանակցություն, ի՞նչ գործընթաց է սա, ինչի՞ կհանգեցնի։

– Այդ բանակցություններն անհրաժեշտ էին Ադրբեջանին, որպեսզի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում դա բերեր որպես փաստարկ, որ Արցախի ներկայացուցիչները համաձայն են Արցախի Հանրապետության լուծարման, Պաշտպանության բանակի զինաթափման եւ Արցախից հեռանալու հետ։ Համադրելով Նիկոլ Փաշինյանի հայտարարության ու այլ փաստերի հետ, իմ կարծիքով, դեռեւս մայիս ամսին կայացված որոշումն ունեցել է հետեւյալ երեք կետերը։ Առաջինը՝ Արցախի Հանրապետությունը լուծարվում է, երկրորդ՝ Արցախի Պաշտպանության բանակի կազմը՝ ընտանիքի անդամներով, Արցախից հեռանում է, երրորդ՝ Արցախում հաստատվում են ադրբեջանական կարգերը։ Այդ որոշումները հիմա բանակցության առարկա են, թե ինչպես դա կազմակերպել, ինչպես ասում է Վլադիմիր Պուտինը, հնարավորինս մեղմ։ Եվ տեսնում ենք, որ Հայաստանն իր հերթին նախապես պատրաստվել է Արցախի Պաշտպանության բանակի կազմը եւ իրենց ընտանիքի անդամներին ընդունել։

– Բայց միաժամանակ տեղեկություններ կան այն մասին, որ հնարավոր է Արցախի զինվորականներին, տղամարդկանց մեծ մասին ձերբակալեն ու շինծու մեղադրանքներ առաջադրեն։ Գաղտնիք չէ, որ Բաքուն արդեն ունի ցուցակներ։ Մյուս կողմից, տեղեկություն կա, որ Արցախի բնակչությանը թույլ չեն տալիս տարհանվել ու գալ Հայաստան։ Ի՞նչ կասեք այս մասին։

– Այո, կան այդպիսի տեղեկություններ։ Հասկանալի է, որ այս հարձակման ժամանակ Արցախի բնակչությանը դուրս թողնելը կնշանակի վտանգի տակ դնել Ադրբեջանին, որովհետեւ դա կփաստի, որ էթնիկ զտում է կատարվում։ Դրա համար Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ գործողություններն ուղղված են եղել նրան, որ բնակչությանը կուտակել են Իվանյանի օդանավակայանում, բայց իրենց Հայաստան տեղափոխելու վերաբերյալ որեւէ գործողություն նման պայմաններում չէին անի։ Ըստ այդ ինտեգրացիոն ծրագրի տրամաբանության՝ Արցախում պետք է մնա մոտ 40 հազար հայկական բնակչութուն։ Նրանք հիմնականում այսօրվա չինովնիկներն են ու գյուղացիները։ Մնացածն Արցախից պետք է դուրս բերվեն՝ զինվորականները, բանակի հետ կապ ունեցող անձինք, այլք։ Այդ մարդկանցից մոտ 400-ին կհանձնեն Ադրբեջանին, որպեսզի Ադրբեջանը ցուցադրական դատ կազմակերպի՝ այդ մարդկանց մեղադրելով «Ադրբեջանի դեմ ապստամբություն» իրականացնելու համար։ Եվ այն, ինչ մենք տեսել ենք, 2020 թվականի պատերազմից հետո, նորից այդ ամենի ականատեսը կդառնանք, որպեսզի խնդիրն Ադրբեջանի կողմից ամփոփվի։ Այն է՝ իրենք ցույց կտան, որ հայերի ընդվզումը ոչնչացրել են, մեղավորներին պատժել են, եւ ադրբեջանական ժողովուրդը երջանիկ ու ուրախ կշարունակի ապրել՝ համարելով, որ Ադրբեջանն իր ծրագրային նպատակը՝ գրավել Արցախը, կատարեց ամբողջությամբ։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.09.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930