ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ֆեյսբուքյան գրառումը
Սիրելի մանկավարժներ,
ԼՂ մեր հայրենակիցներից շատերը, որոնց թվում նաև մեծ թվով երեխաներ, անմարդկային տառապանքի ու փորձությունների միջով անցնելով՝ այսօր արդեն եկել են ու առաջիկա օրերին կգան Հայաստան։ Վստահ եմ՝ գրկաբաց կընդունենք մեր երեխաներին մեր դպրոցներում ու մեր հոգատարությամբ ու ջերմությամբ, մեր հոգածությամբ կփորձենք հնարավորինս դրական ու աջակցող միջավայր ապահովել նրանց համար, մեղմել էս օրերի տառապանքը։
Սիրելի ուսանողներ,
Կարդացեք նաև
այսօր արդեն Գորիսում մեր հայրենակիցների ընդունման աշխատանքներում Գորիսի պետական համալսարանի բազմաթիվ ուսանողներ ունենք ներգրավված՝ որպես կամավոր։ Վստահ եմ՝ ձեզնից շատերն էլ կներգրավվեն աջակցության ամենատարբեր աշխատանքներում՝ սկսած մարդկանց կարիքների գույքագրումից, անհրաժեշտ տեղեկատվական և այլ տիպի աջակցությունից մինչև ավելի մասնագիտական աշխատանքներ։ Օրինակ, այս օրերին սոցիալական աշխատանքի, հոգեբանության կրթական ծրագրերով սովորող մեր ուսանողները կարող են զգալի աջակցություն ցուցաբերել համապատասխան մասնագիտական աշխատանքներում, օտար լեզուներ ուսումնասիրող մեր ուսանողները կարող են էական աջակցություն ցուցաբերել անհրաժեշտ տեղեկատվական հոսքերը նաև այլ լեզուներով ապահովելու համար։ Աշխատանք շատ կա և յուրաքանչյուրիդ ջանքը կարևոր կլինի։
Վաղվանից բուհերը կսկսեն հավաքագրել կամավորական աշխատանքներում ներգրավվելու ցանկություն ունեցող ուսանողներին՝ այդ աշխատանքները կազմակերպելու համար։
Դժվար օրերը միասին անցնելու համար են, պինդ լինենք։