Արցախի «Ծիլ» տիկնիկային ստուդիան այս ծանր պահերին նույնպես շարունակում է լինել փոքրիկների կողքին։ Ստուդիայի հիմնադիր, տիկնիկավար-դերասան Արմեն Գաբրիելյանը շրջում է Ստեփանակերտով մեկ և ներկայացումներ ցուցադրում, հեքիաթներ կարդում տեղահանված փոքրիկների համար։
Ներկայացնում ենք «Ծիլի»՝ Արցախում գործունեություն ծավալելու ցավոտ հետհաշվարկը՝ գրառումներով․․․․
Կարդացեք նաև
***
Հեքիաթներում բարին հաղթում է չարին…
Հեքիաթներում գույներ կան…
Կյանք կա…
Ապրող ու ապրեցնող երազանքներ կան…
Բայց իրականությունն ավելի ուժեղ գտնվեց և փշրեց ամենը։ Ու շարունակվում է…
***
Այս պայմաններում է «Ծիլը» այս փողոցից այն փողոցն անցնում, փոքրիկների կողքին լինում` փոքր-ինչ կտրելով աննկարագրելի իրավիճակից, ժպիտ պարգևելով, հույս տալով… Չնայած հույսը վերջին օրերին հետհաշվարկով է ապրում…
Մեր ապրածի մեջ իրականում գույներ չկան։
Գույները հիշողություն են դառնում մեկ առ մեկ…
***
Անհասկանալի, անորոշ ու ծանր շրջան է…
Երբ քեզ ուզում են հեռացնել հող հայրենիից, բայց…
«Ծիլը» կրկին փոքրիկների կողքին է։ Այս անգամ տարբեր գյուղերից տեղահանված երեխաների համար հեքիաթ ընթերցեցինք, ապա քննարկում ծավալվեց։
Այս իրականությունը չի թողնում լուսավոր բաների մասին պատմել։ Գոնե երեխաները մի քիչ հեքիաթի մեջ ապրեն… Չնայած Արցախում հեքիաթները ուժ չունեն… Եվ երեխաներն իրենց անմեղ աչքերով են տեսնում` ինչ է կատարվում…
***
Խառը տրամադրություններ, անորոշություն, ապրելու պայքար… Այստեղ իրականությունն է, շրջված ու խոսող իրականությունը…
Վ․ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ