Վաղվանից անհնազանդության բողոքի ցույցերը սկսվելու են առավոտյան 8։00-ից։ Այս մասին այսօր Հանրապետության հրապարակում հանրահավաքինհայտարարեց ԱԺ «Ազգային կոմիտեի» անդամ Իշխան Սաղաթելյանը:
«Մեր միակ ռեսուրսը դուք եք՝ հայ մարդը։ Մենք ո՛չ ոստիկանություն ունենք, ո՛չ զինված բանդաներ ունենք, ո՛չ էլ օտարերկրյա գործակալներ ենք՝ ֆինանսավորվում ենք ինչ-որ մարդկանց կողմից։ Այս փոփոխությունը մենք պետք է անենք մենք մեզանով՝ մեր թիմն ավելացնելով։ Մենք պետք է դուրս գանք փողոց, անհնազանդության մակարդակը հասցնենք մի աստիճանի, երբ իշխանությունը ծնկի գա։ Վերջնական փոփոխության հասնելու համար մենք միմյանց անհրաժեշտ ենք ոչ միայն այս հանրահավաքում, այլ նաեւ առավոտ ժամը 8-ին՝ բուն գործողություններ սկսելու համար։ Վաղը առավոտյան 8։00-ից մինչև 11։00 մայրաքաղաքում համատարած անհնազանդության բողոքի ակցիաներ»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը:
Սաղաթելյանը հայտարարեց, որ Երևանում անհնազանդության ցույցերն անցկացվելու է 6 վարչական շրջաններում, առավոտյան 8-ից:
Կարդացեք նաև
«Կենտրոնում. վաղը պիտի հավաքվենք՝ կրկեսի դիմաց, Երիտասարդական մետրոյի մոտ, Բրյուսովի անվան համալսարանի դիմաց, Հանրապետության հրապարակ։ Այս 4 տեղերում հավաքվում եք, այդ տեղերում լինելու են մեր ներկայացուցիչները, կազմակերպիչները ւև ձեզ հետ սկսելու են անհնազանդության բողոքի ակցիաներ։ Աջափնյակում՝ Մարզահամերգային համալիրի դիմաց, Շենգավիթում՝ Գարեգին Նժդեհի հրապարակի դիմաց, Էրեբունիում՝ Սասունցի Դավիթ արձանի դիմաց, Արաբկիրում՝ Կոմիտաս 38՝ Սուրբ Խաչ եկեղեցու մոտ և Կասյան 2, Քանաքեռ-Զեյթունում՝ Երևան Սիթի հանրախանութի դիմաց։ Եթե միասին դուրս գանք, ապա պետական ապարատը կանգնեցնելու ենք, վստահ եղեք»։
Նա նշեց, որ մարզերում ևս ակցիա իրականացնող քաղաքացիները պետք է շարունակեն անհնազանդության գործողությունները:
«Հանրապետության գլխավոր մայրուղիները փակում ու պարալիզացնում եք պետական ապարատի գործունեությունը։ Մարզերի ակցիաներն ուժեղացնում են Երևանին, իսկ Երևանի ակցիաները՝ մարզերին»։
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ