Երկու օր է՝ համացանցում մեծ աղմուկ է բարձրացրել ՀՀ տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում նկարահանված մի տեսանյութ, որտեղ դասադուլ հայտարարելու ու հանրահավաքին միանալու կոչ անող իրազեկման ցույցի մասնակից Նաիրա Գրիգորյանի ու ՀՀ տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Կարեն Պետրոսյանի միջև լեզվակռիվ է ծագում։
Համացանցում մասնավորապես քննարկվում է այն հարցը, որ 2018 թվականին՝ հեղափոխության օրերին ուսանողներին դասադուլի կոչ անող, միտինգի տանող, այնուհետ Կաթողիկոսի հրաժարականը պահանջող ցույցերը գլխավորող Կարեն Պետրոսյանն արգելել է իրազեկման ցույցի մասնակիցներին դասադուլի կոչ անել իր գլխավորած բուհում՝ նշելով, թե բուհն ապաքաղաքական է, և որ 300 հազար արցախցիների սպանվելը բուհի օրակարգը չէ։
Մենք այս թեմայի շուրջ զրուցեցինք ինչպես իրազեկման ցույցի մասնակիցների, այնպես էլ Կարեն Պետրոսյանի հետ։
Իրազեկման ցույցի մասնակից Գոռ Թորոսյանը պատմեց, որ 20-30 հոգով շրջել են Գյումրու բուհերով՝ եղել են Արվեստների ակադեմիայում, ՀՀ տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում, ինչպես նաև Շիրակի պետական համալսարանում։
Կարդացեք նաև
«Տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի մուտքի մոտ երկու հոգի կանգնած էին, չեմ ճանաչում՝ ովքեր են, ամենայն հավանականությամբ աշխատակիցներ են, ասացին՝ դաս է, դասապրոցեսը պետք չէ խանգարել, մի որոշ ժամանակ հետո դասամիջոց կլինի, կարող ենք բոլորս ներս մտնել ու իրազեկման ակցիան կատարել։
Դրսում սպասել ենք, սակայն այդ ընթացքում իրազեկման ակցիայի մասնակիցներից մի քանիսի ու աշխատակիցների միջև խոսակցություն եղավ, պայմանավորվեցին, որ մի քանիսը ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ պիտի ներս մտնեն։
2-3 հոգի ոստիկանի ուղեկցությամբ ներս մտան։ Իրազեկման ցույցի մասնակիցներիս մեծ մասը մնաց դրսում, սպասում էինք։ Ներս մտնելուց հետո մյուսները 5-10 րոպե հետո դուրս եկան ու շարունակեցինք մեր ճանապարհը։
Իսկ Արվեստների ակադեմիայում ու Շիրակի պետական համալսարանում բոլորս ներս մտել ենք, ֆակուլտետներով, լսարաններով շրջել ենք, իրազեկումն արել ենք, ասել ենք, որ նպատակը Արցախի փրկությունն է։
Բոլոր բուհերում մի քանի անգամ հայտարարել ենք, որ քաղաքական որևէ կոչ չկա, քաղաքական ուղղորդում չունենք, մեր նպատակը 120 հազար արցախցուն փրկելն է, մեր հայրենիքը պահպանելն է, թշնամուն չհանձնելն է։
Արվեստների ակադեմիայում մեզ միացողներ եղել են, մի կուրս՝ իրենց դասախոսի հետ, միացան մեզ, բայց մի քանի դասախոսներ էլ սկսեցին հակառակվել, թեման քաղաքականացնել, արցախցիներին թիրախավորել, հայտարարել, թե արցախցիները թող իրենք պաշտպանեն իրենց հողը, մենք Գյումրիում ենք, մեր դասը մի խանգարեք, մենք սերունդ ենք կրթում։
Արվեստների ակադեմիայի այլ աշխատակիցներ շատ արագ նման ձևով արտահայտվողներին հեռացրեցին, որ մեզ չխանգարեն։ Մեզ էլ ասացին՝ ձեր իրազեկումը կատարեք, դուրս եկեք։ Բարեհամբյուր մթնոլորտում է անցել»,- պատմեց Գոռ Թորոսյանը։
Aravot.am-ը պարզաբանումներ ստացավ նաև ՀՀ տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Կարեն Պետրոսյանից՝ հետաքրքրվելով, թե ինչո՞ւ չեն թույլատրել իրազեկման ցույցի մասնակիցներին ներս մտնել և ինչո՞ւ չեն թույլատրել ուսանողներին դասադուլ հայտարարել։
Կարեն Պետրոսյանն ասաց․ «Վստահեցնում եմ՝ մեզ մոտ ուսանողների ազատությունն ամենաբարձր մակարդակում է, նրանք, ովքեր ցանկություն ունեն դասադուլի մասնակցել, գնալ հանրահավաքի, նրանց ոչ մեկը չի արգելում։ Ուսանողն ինքն է որոշողը՝ դասադուլ անի, թե՞ ոչ։ Պարզապես այստեղ խոսք է գնում դասը խանգարելու մասին։
Ես կատեգորիկ դեմ եմ դաս խանգարելուն, թող իրազեկեն դասամիջոցին։
Համալսարան ելումուտը կարգավորվում է ֆեյս այդիով, դուռը միշտ բաց է, կարող են ներս մտնել միայն ուսանողները, բուհի աշխատակիցները, ինչպես նաև հյուրերը։ Պիտի ասեմ նաև, որ սխալ է հրամցվում տեղեկատվությունը․ մենք իրազեկման ցույցի մասնակիցներին ոչ թե ներս չենք թողել, այլ ասել ենք՝ ակցիան իրականացրեք դասամիջոցին։
Նրանցից երկուսը ստել են պարետին, թե պիտի բարձրանան իմ մոտ և մտնելով ներս՝ դասապրոցես են խանգարել․ միջանցքում, լսարանում սկսել են գոռգոռալ։ Որոշ դասախոսների կողմից արժանացել են դիտողության։ Դա նյարդայնացրել էր դասախոսներին, նրանցից մեկը դուրս էր հրավիրել նրանց, թե դասը մի խանգարեք։
Ես, ձայները լսելով, դուրս եմ եկել աշխատասենյակից՝ կանխելով աղմուկը, խնդրել եմ չխանգարել դասապրոցեսը և դուրս գալ շենքից։
Նորից եմ կրկնում՝ կատեգորիկ դեմ եմ, որ դասը խանգարվի, դասը խանգարելով՝ երկիրը, ներառյալ Արցախը չես փրկում, երկիրը կփրկվի, եթե ամեն մեկն ամեն օր տքնաջան զբաղվի իր գործով։
Իսկ ինչ վերաբերում է այն խոսքերին, թե Արցախը մեր օրակարգում չէ, իմ խոսքերը խեղաթյուրված են և սուտ է․ պատասխանելով դիմացինի՝ Արցախում 300 հազար մարդ սպանելու չափազանցրած լուրերին, ասել եմ, որ դա կապ չունի իմ և ձեր խոսակցության հետ՝ նկատի ունենալով դասապրոցեսը խանգարելու հանգամանքը։ Ասել եմ, որ դա բուհի օրակարգը չէ, առավել ևս, երբ այն շահարկվում է դասապրոցես խանգարելու համար։ Բուհի օրակարգը և գործառույթը որակյալ մասնագետ ու քաղաքացի կրթելն է։
Նրանք ճիշտ չեն ասում, որ իրենց ակցիան ապաքաղաքական է, իրենք ի սկզբանե քաղաքական օրակարգ են մտցրել, իրենց պահանջը եղել է քաղաքական. միանալ հանրահավաքի, որտեղ պահանջում են վարչապետ Փաշինյանի հրաժարականը։ Դա ապաքաղաքական պահանջ չէ, իսկ բուհն ապաքաղաքական կառույց է, ես ինքս երբեք իմ քաղաքական հայացքները, համակրանքները, հակակրանքները ի ցույց չեմ դնում այնտեղ»։
Մեր այն հարցին, եթե բուհն ապաքաղաքական կառույց է, ինչո՞ւ էիք ցույցի հանում ուսանողներին 2018 թվականին, մեր զրուցակիցն ասաց․ «Այն ժամանակ քաղաքացիական անհնազանդության օրակարգ էր հայտարարված։ Այն ժամանակ ուսանողներին ստիպողաբար կուսակցական էին դարձնում, տանում քաղաքական հանրահավաքների, հեռացնում համալսարանից, դասախոսներին ևս ազատում պաշտոնից և միակ ճանապարհը ընդվզումն էր՝ քաղաքացիական անհնազանդությունը, իսկ նման երևույթներ, բարեբախտաբար, մեր այսօրվա կրթական համակարգում չկան»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ