Արդյո՞ք պետք է հաշտվել այն մտքին, որ փակում ենք Արցախի պատմության վերջին էջը
Առանց որեւէ վերապահումների կարող ենք արձանագրել, որ
Նիկոլ Փաշինյանի ձեռամբ Արցախն այլևս հայտնվել է իր
գոյությունը դադարեցնելու պարտադրանքի առջև։ Ընդ որում ոչ միայն որպես ինքնուրույն պետական կազմավորում, այլև որպես հայերի հազարամյա բնօրրան։
Կարդացեք նաև
Եվ զավեշտալին այն է, որ այդ ողբերգությունը փաստացի պատմական իրողություն դարձավ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման օրը։
Քանի որ թուրքերը մեծ նշանակություն են տալիս խորհրդանիշերին. ապա կարելի է այդ հանգամանքը գնահատել անթաքույց ակնարկ մեզ՝ հայաստանցիներիս։
Անշուշտ ցանկացած հայ սրտի խորը կսկիծով է վերաբերվում մեր Սուրբ Արցախի և հերոս արցախահայության այս ողբերգությանը։
Բայց արդյո՞ք պետք է հաշտվել այն մտքին, որ մենք փակում ենք Արցախի պատմության վերջին էջը։
Արդյո՞ք կարող ենք պահպանել իր հայրենիքում հայության ապրելու թեկուզ և թույլ հույս։
Արդյո՞ք արցախահայությանը սպասվում է Նախիջևանի հայության ճակատագիրը։
Զարգացումների նման ընթացքն առավել հավանական է, հատկապես, որ կարծես քննարկվում է արցախցիներին՝ իրենց տները թողնելու և գաղթի ճանապարհը բռնելու հնարավորություն տալու հարցը՝ հումանիտար միջանցքի տեսքով։
Իհարկե դա արցախցիների ընտրության հարցն է։ Ուղղակի այդ պարագայում արցախցիները միգուցե կխուսափեն ֆիզիկական խոշտանգումներից (թեպետ անտուն անտեղ, կանանց և երեխաներով, ապրելու տարրական պայմանների բացակայության պարագայում նույնչափ անտանելի ծանր է լինելու), բայց կկորցվի Արցախը հայկական պահելու հնարավորությունը։
Ուստի նույնիսկ այս անելանելի վիճակում պետք է փորձել լուծել ամենակարևորը՝ արցախցուն հնարավորինս փրկել հայրենազուրկ լինելու սպառնալիքից։ Պետք է ի նկատի ունենալ, որ աշխարհաքաղաքական ներկայիս տեղաշարժերը դեռ հեռու են ավարտված լինելուց, ուստի տարածաշրջանում չպետք է բացառել ժամանակի ընթացքում նաև ուժերի հայանպաստ հարաբերակցության հաստատում։
Ուստի Եվլախում հանդիպումներում Արցախի ներկայացուցիչները պետք է պնդեն, որ արցախահայության ֆիզիկական անվտանգության խնդիրը հստակ վերապահվի ռուս խաղաղապահներին և անհարժեշտության դեպքում քննարկվի նրանց Արցախում գտնվելու ժամկետի երկարացման հարցը։
Արցախի պաշտպանության բանակի և իշխանության ներկայացուցիչները չեն կարող հետապնդվել կամ հալածվել։
Ռուսական խաղաղապահների թվաքանակը և սպառազինությունը պետք է համալրվի՝ նրանց վերապահված նոր դերակատարմանը համապատասխան։
Արցախում ներքին կարգ ու կանոնի ապահովումը պետք է թողնել Արցախի ոստիկանությանը, որի կազմը, քանակը և սպառազինության խնդիրները համաձայնեցվում են Ադրբեջանի, արցախցիների և ռուսական զորամիավորման ղեկավարության միջև համաձայնությամբ։
Հասկանալի է, որ հանդիպումներում նման հարցադրումներ անելը Արցախի ներկայացուցիչների ուժերից վեր է։ Այս ամենի մասին ՌԴ ղեկավարության հետ պետք է վաղօրոք բանակցեր և պայմանավորվածություններ ձեռք բերեր ՀՀ Վարչապետը։
Բայց մենք լսեցինք Փաշինյանի հերթական մեկնաբանությունն առ այն, որ Արցախում իրավիճակի պատասխանատվությունը մնում է ռուսական զորամիավորման վրա, իսկ ՀՀ իշխանություններն ընդամենը կհետևեն՝ ստանձնելով պասիվ ստատիստի դեր։
Նման մոտեցումը, ինչպիսի փաթեթավորմամբ էլ այն ներկայացվի, հանցագործություն է սեփական ժողովրդի հանդեպ։
Ուստի մեր ժողովուրդը գործող իշխանության առջև պետք է դնի արցախահայության և Արցախը հայկական պահելու պահանջները և պահանջի դրանց կատարմանն ուղված տեսանելի քայլերի հրատապ կատարում։ Չպետք է մոռանալ, որ 2020- ի Եռակողմ հայտարարության տակ իր ստորագրությունն է դրել նաև Նիկոլ Փաշինյանը և նա պարտավոր է լինել Արցախում զարգացումների շուրջ որոշումների կայացման մասնակից և կրում է դրանց հետևանքների ուղղակի պատասխանատվությունը։
Կրկնում եմ, ըստ իս, Արցախը հայկական պահելու հրամայականն այլընտրանք չունի և Փաշինյանը պարտավոր է որպես իշխանություն իր ջանքերը գործադրել այդ ուղղությամբ, որքան էլ դրանց հասնելը դժվար լինի (վերջապես Արցախում ստեղծված իրավիճակն իր գործունեության հետևանք է):
Իշխանություններին հանրության անունից պահանջներ պետք է ներկայացնի նաև Ազգային Կոմիտեն։
Հասկանալի է, որ Եվլախում նման պայմանավորվածությունների գալը շատ դժվար կլինի, բայց չփորձելը՝ սխալ է։
Այդ պայմանավորվածությունները պետք է արձանագրվեն կողմերի միջև համապատասխան համաձայնագրով։
Խոսրով Հարությունյան
ՀՀ նախկին Վարչապետ