«Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարը ասում է․ «Վարչապետ Փաշինյանը և նախագահ Ալիևը Եվրոպական Միության հովանու ներքո ստորագրել են միմյանց տարածքային ամբողջականությունը 1991թ. սահմաններով ճանաչելու փաստաթուղթ, ինչը նշանակում է, որ Ղարաբաղը պարզապես Ադրբեջան է, վերջ։ Իմիջիայլոց նրանք ստորագրել են այդ փաստաթուղթը Եվրոպական Միության հովանու ներքո և մոռացել են այնտեղ գրել, որ իհարկե անհրաժեշտ է ապահովել ղարաբաղցիների իրավունքները որպես ազգային փոքրամասնություն։ Մոռացել են գրել»:
Նախ ուղղենք փաստական սխալները։ Ոչ մի փաստաթուղթ չի ստորագրվել (փաստաթուղթ մենք դեռևս միայն Ռուսաստանի մասնակցությամբ ենք ստորագրել)։ Եղել է երկու հայտարարություն։
Առաջին հայտարարությունը․ 2022 թվականի հոկտեմբերի 7-ին Պրահայում հանդիպումից հետո Եվրոպական խորհուրդը իր անունից կարճ հայտարարություն է տարածել առ այն, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հաստատել են իրենց հավատարմությունը 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրին, որով ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Կարևոր է նկատել, որ հայտարարության մեջ գրված է, որ սա հիմք պետք է հանդիսանա Հայաստանի և Ադրբեջանի սահմանների դելիմիտացման համար։ Կհիշեք՝ սա անմիջապես այն բանից հետո էր, երբ սեպտեմբերին Ադրբեջանը կրկին հարձակվել էր՝ փորձելով խորացնել Հայաստանի տարածքի օկուպացիան, իսկ Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի համար այնքան էլ պարզ չէր, թե որտեղ է սկսվում Հայաստանը։
Երկրորդ հայտարարությունը․ 2023 թվականի մայիսի 14-ին Բրյուսելում հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը իր անունից առավել երկար հայտարարություն է տարածել, որտեղ արդեն նշվում են նաև Հայաստանի և Ադրբեջանի տարածքների մակերեսները և Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության ապահովման հարցը՝ հղում կատարելով նաև նախկին ԼՂԻՄ-ին։
Կարդացեք նաև
Սակայն մի կողմ թողնենք այս փաստական ճշգրտումները։ Առավել կարևոր է բովանդակությունը․ ի՞նչ խնդիր կա Հայաստանի և Ադրբեջանի կողմից փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու մեջ։
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի սկզբից ի վեր՝ Հայաստանի բոլոր կառավարությունների ներքո, Հայաստանի դիրքորոշումը եղել է այն, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը միջպետական՝ Հայաստան-Ադրբեջան հակամարտություն չէ։ Հայաստանի այս դիրքորոշումը իհարկե ավելի դժվար դարձավ պաշտպանելու համար, երբ Ռոբերտ Քոչարյանը դուրս թողեց Լեռնային Ղարաբաղը բանակցություններից և փորձեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծել որպես տարածքային վեճ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև։
Այս դիվանագիտական սխալից հետո, միևնույն է, երբեք Հայաստանը չի ընդունել, որ ինքը միջպետական հակամարտության կողմ է, և պնդել է, որ Լեռնային Ղարաբաղը, միևնույն է, բանակցությունների ինչ-որ մի փուլում պետք է ասելիք ունենա։ Լեռնային Ղարաբաղում էլ մշտապես հիմնախնդրին հղում են կատարել որպես ղարաբաղա-ադրբեջանական։
Եվ ուրեմն ի՞նչ է նշանակում, թե խնդիր է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Ինչո՞ւ է սա իրավունքի կամ որևէ այլ տեսանկյունից իբր թե դժվարեցնում Ռուսաստանի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնված պարտավորությունների կատարումը, երբ Ադրբեջա՛նն էլ ստորագրել է այդ հայտարարությունը։
Միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելը չի նշանակում, թե Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր այլևս չկա։ Դա նշանակում է, որ Ադրբեջանը և Հայաստանը գիտեն իրենց սահմանները և մակերեսները։ Նախ սա շատ կարևոր է Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու տեսանկյունից։ Երկրորդ, Լեռնային Ղարաբաղի մասով սա ընդամենը նշանակում է, որ Հայաստանը չունի տարածքային պահանջ Ադրբեջանի նկատմամբ։ Ո՞րն է սրա նորույթը կամ պրոբլեմը։ Այլ կերպ երբևէ եղե՞լ է։ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման/ելքի տեսանկյունից սա բացառում է թերևս մի տարբերակ՝ թե Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մարզ է, իսկ սա երբեք էլ տարբերակ չի եղել։
Անցած տարիների ընթացքում Հայաստանը հետևողականորեն քայլեր է կատարել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը դիվանագիտական իմաստով առողջացնելու համար, Լեռնային Ղարաբաղի և Բաքվի միջև երկխոսությունը հնարավոր դարձնելու համար, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը իր ճիշտ և լուծելի՛ ձևակերպման մեջ լուծելու համար։ Պարզվում է սակայն, որ Ռուսաստանը սա սխալ է համարում։ Իսկ ի՞նչ է մտածում այս մասին Ադրբեջանը։
Ի հեճուկս մեր ընդդիմության, որը պնդում է, որ «ա՛յ, Հայաստանը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, դրա համար Ադրբեջանի ձեռքերը ազատվեցին, Լաչինի միջանցքը փակվեց, և Ադրբեջանը կարող է ագրեսիայի դիմել», Ադրբեջանը ապացուցել է, որ իր ագրեսիվ մտադրությունների շահից չի բխում միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը։
Ադրբեջանը Լաչինի միջանցքը փակելու և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վերջին ագրեսիան միջազգայնորեն գոնե մի փոքր արդարացնելու համար լրիվ հակառակ և իհարկե կեղծ փաստարկներ է բերում, թե իբր Հայաստանը իր տարածքային ամբողջականությունը դեռ «լավ» չի ճանաչել, թե իբր Լեռնային Ղարաբաղում դեռ Հայաստանի զինված ուժեր կան, թե իբր Հայաստանը Լաչինի միջանցքով անթույլատրելի ապրանքներ էր տանում Լեռնային Ղարաբաղ։ Ինչո՞ւ է սա այսպես։ Որովհետև ագրեսիայի համար գոնե մի փոքր լեգիտիմություն ունենալու համար Ադրբեջանին անհրաժեշտ է, որ լինի Հայաստանի ներգրավվածությունը, որպեսզի նա ամբողջ աշխարհին փորձի խաբել, թե միջազգային իրավունքի ներքո է գործում։
Ո՞ւմ է ուրեմն ձեռնտու, որ Հայաստանը իր սահմաններով և մակերեսով ներգրավված լինի հակամարտության մեջ։ Մի՞թե Ռուսաստանի՝ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնված իր պարտավորությունների կատարման համար նախապայման է, որ Հայաստանը իր սահմաններով և մակերեսով ներգրավված լինի միջպետական հակամարտության մեջ։ Ռուսաստանի աչքերում ո՞ւր է չքվում Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության ապահովման լեգիտիմ պահանջը, երբ Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Մի՞թե Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունների որակը պայմանավորված է Հայաստանի՝ միջպետական հակամարտության մեջ ներգրավվածությամբ։ Եթե նույնիսկ այո, ապա ինչո՞ւ չի հետևում Հայաստանին պաշտպանելու գործողություն, երբ Ադրբեջա՛նն է սկսում միջպետական հակամարտություն և հարձակվում է Ռուսաստանի դաշնակից Հայաստանի վրա»։
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյան