Լրահոս
Օրվա լրահոսը

Էսսե Հայի մասին

Սեպտեմբեր 24,2023 21:29

Անթանաք այս պատմությունս սկիզբ է առել այն ժամանակից, երբ մեր աչքերը անթարթաբար մխրճվել են հիշողութունների մեջ։

Ես անձնավորում եմ ամեն ինչ, բայց ոչ աչքերը։

Լռությունը ամենամեծ սփոփանքն է դարձել մեր սրտի, ու կաթնագույն այս ողբերգությունը, որը առավել ևս համաձայնություն է սեփական մահապատժի հետ՝ մեզ չի թողնում գոյամարտ սկսել հանուն մեր ինքնության։ Մենք քնել ենք մեր հիշողության մեջ։ Քնել ենք, որովհետև այնտեղ տաք է ու ապահով։ Որովհետև երաշխավորված խաղաղությունը այլևս ոչինչ է ու ճանապարհ դեպի սեփական մահապատիժ, որը ստորագրում ենք մեր ձեռքով։
Ու այսօր մենք սրում ենք այն կացինը, որով վաղը պիտի կիսեն մեր ձայնալալերը, որպեսզի չգոռանք․

-Բարև, աշխարհ։ Ե՛ս եմ, Հա՛յը։

Թող պաթետիկ չհնչեն այս խոսքերս, բայց լեռները նեղացան են մեզնից։
Եթե փորձեմ ավելի գեղագիտորեն ներկայացնել միտքս, կպատմեմ․

…Երեկ լեռներում էի։ Առհասարակ այս վերջին մի քանի օրը լեռներում եմ։ Կեսօրին գնում եմ, գիշերը շատ ուշ, երբ արդեն արջանոցը նոր զոհի համար փայտ է հավաքում, վերադառնում եմ մի հնահիմք տուն, որտեղ պապս ինձ երբեք չի ասել, որ ես ունեմ Հայրենիք, որ ես Հայ եմ ու պիտի ապրեմ լեռներիս համար։ Չի ասել, որովհետև պապս Խոսքի ու Գործի հետ բանակցություններ վարելուց եկավ այն եզրահանգման, որ ճիշտը Գործի հետ հաշվի նստելն է։
Որովհետև պապս Իմանալու ու Ճանաչելու հետ բանակցություններ վարելուց կարողացել էր համոզել Ճանաչմանը, որ իրենք նույն նպատակն ունեն։

Որովհետև պապս գերադասեց ճանապարհը կիսել Հասկանալու հետ, այլ ոչ թե Պատկերացնելու։
Երեկ էլ ես, Կիսումը, Զրույցը, Ծիծաղն ու Արտասուքը որոշեցինք վաղ առավոտյան այցելել մեր պատմության ընկերներին՝ լեռներին ու մի բաժակ բան խմել, մի կտոր հաց կիսել նրանց հետ։
Տխուր էին լեռները։

Մի բան պատմեմ։

Պապիս մահը շատ ծանր էր նստել նրանց վրա։ Երբ ճամփեզրին կանգնած, հայացքով լուռ ճանապարհում էի իդեալիս ու մեկին, ով երբեք չասաց ինձ, որ Հայ եմ ու ունեմ Հայրենիք, ով խոսքի փոխարեն ընտրեց գործը, պատկերացնելու փոխարեն հասկանալն ու իմանալու փոխարեն ճանաչելը, լեռները աղերսագին հայացք նետեցին վրաս, հետո հիշեցին՝ նրանք սկզբնաղբյուրն են կյանքի, մոտեցան, խոնարհեցրին գագաթները մինչև սիրտս ու խնդրեցին․

-Դու ճանապարհում ես պապիդ, մենք հպարտորեն ընդունում ենք մեր ընկերոջը։ Դու հետևում ես Դաստիարակիդ լռությանը, մենք նրա փոխարեն խոսում ենք քեզ հետ։ Քիչ խոսիր ու ականջդ խոնարհեցրու Բարձրերիս բերանի առաջ։ Լսիր մեր կանչն ու մենք քեզ օգնության կգանք։ Մենք հողագո զանգվածներ ենք, որոնց վրա մարդիկ կարոտի, ատելության ու կյանքի հեռավորություններ են չափում, բայց մեզ նայողը սարսափում է մեր ճոխությունից։ Լսիր սրտիդ ու մեծություն եղիր մեզ պես։ Շատերը կգնան ու կգան, քեզնով կչափեն իրենց կարոտը, կդառնաս ատելության բաժակ ոմանց համար, բայց երբ կանգնես նրանց դիմաց, նրանք կսարսռան քո մեծության ճոխությունից։ Լռի՛ր ու մենք քեզ ընկեր կլինենք։

Հպարտությամբ նայիր նրան, ինչի համար պատրաստվում ես ապրել և խոստանում ենք, որ ճանապարհդ դեպի մեր գիրկը պսակված կլինի հավատարմության երդմամբ։

Այդ օրվանից անցել էր ավելի քան ութ տարի։
Ինչ խոսք, հյուրասեր էին լեռներս՝ ընկերներս։ Բարով տեսանք առաջինը, խմեցինք Սերոբի, Մախլուտոյի, Քեռիի, Անդրանիկի ու իր ձիու՝ Ասլանի կենացը, եկանք հասանք մինչև մեր օրեր ու լեռներս զգացին, որ շա՜տ են հարբել։ Որովհետև ամեն անգամ, երբ ուզում էինք խմել վերջին սերմի հերոսության համար, զգում էինք, որ նրանք ժամ առ ժամ ավելանում են։
Լեռներից ամենաավագը, ով տարբերվում էր փոքր ինչ արտաքին վառ դիմագծերով ու համառ բնավորությամբ, սկզբունքային պնդաճակատությամբ ու անհամեմատելի մեծ համբերությամբ, ասաց․

-Ութ տարի անցավ, հիշո՞ւմ ես։

-Հիշում եմ,- ծիծաղեցի,- էդ ժամանակ դու կպատկերացնեի՞ր, որ հիմա, էս ձեր ծոցում պիտի հարբենք միասին։
-Ինքը հենց էդպես էլ պլանավորել էր,- մեջ ընկավ միջնեկը, ում գլխին մի հրաշագեղ քարագործ գլխարկ կար,- ուղղակի չէր պատկերացրել, որ էս անգամ ներքին պլաններն իրենց իրոք կարդարացնեն,- ծիծաղեց։
-Դու ինձ էն ասա,- քաշեցի գլուխս հաջորդ բաժակը,- էդ գլխարկդ չի՞ փոշոտվում։
-Էս գլխարկս գիտե՞ս ինչ հին է,- զգաստացավ, հպարտ հայացքը գցեց վրաս,- էս գլխարկը վեցերորդ դարի հիշատակում ունի։ Բայց ավելի կոնկրետ ասում են, որ Սյունիքի մեր տարիքով փոքր ընկերներն են նվիրել Օրբելյաններին։ Դու կհիշես չէ՞ էդ դեպքերը,- շրջվեց դեպի ավագը։
-Հա՜։ Էդ ժամանակ էստեղ լավ իրարանցումներ էին։ Էն սելջուկների հախից ոնց եկանք է՜։
-Դու էլ դարձել ես լրիվ գերեզմանո՜ց,-շրջվեցին դեպի կրտսերը,- բերանդ բացիր, մի բան էլ դու ասա, ուրախանանք։
-Պապդ բարևում էր, ասեց փոխանցեմ,- նայեց ինձ։
Հացս կոկորդիս կանգնեց։ Ես միշտ չեմ սիրել, երբ հումորի ու ծիծաղի մեջ կարոտիդ հաշիվն են բերում։
-Դու էլ բարևեիր,- ցածրաձայն ասացի։
-Դու կգաս, քո ձևով կբարևես։
-Էդքան քիչ ա՞ մնացել,- ժպտացի։
-ՉԷ՜ հումոր եմ անում, բայց մեծ եղբորս թույլատվությամբ՝ դու ընտրել ես ճանապարհդ։ Էնպես որ, իմացիր, որ մեր գլխին տեղ ունես։ Պետք լինի, յոթ օր-յոթ գիշեր մենք մերոնցով հարսանիք կանենք, զուռնա-դհոլով կդիմավորենք։
-Այ դրա համար էլ սիրում եմ ձեզ,- գրկեցի։
-Դու ասա տեսնենք,-լցրեց հաջոդ բաժակը ավագը,- ինչ կա էդ հոտած հարթավայրերում, դաշտերում ու մարգագետիններում։
-Ճահիճ են էլի դառնում։ Մեկ մեկ մտածում եմ՝ տեղափոխվեք էնտեղ, միքիչ թող պնդանան էլի, մեծի ապտակին կարոտ են մնացել։

Հոգոց հանեց։

-Հուսահատությունն է զանգում,- դիմեց ավագին միջնեկը,- ի՞նչ ասեմ։
-Ասա մենք հարազատներով սեղան ենք նստած, թող հետո զանգի։
-Ինչ է ուզու՞մ որ,- զարմացա ես,- դրան կարծեմ շան սատակ էիք արել ոչ պատշաճ այցելության համար։
-Հա՜ հիշում եմ ։ Էս վերջերս նոր խմբի մեջ է անդամագրվել, գալիս են, խաղաղ ապրելու կոչեր են անում ու ասու՜մ են,- ծիծաղեց,- առանց արյուն խաղաղության հասելու օրակարգ ենք մշակել։ Ասում եմ՝ հիմար, եկել ինձ ասում ես, թե խաղաղություն ոնց ունենա՞մ։ Մեղադրում է՝ ձեր խաղաղության ժամանակ և գործարքն էր արվում, և կարմրում էիք։ Հիմա ուզում ենք մշակել մի օրակարգ, որ միայն գործարք արվի, չկարմրեք։

-Բա ի՞նչ ասեցիր։

-Ի՞նչ պիտի ասեի, մեծությանս նայիր։ Դրա վրից ճահճահոտ էր գալիս։ Դա ով է, որ իրեն բան ասեմ։
Ծիծաղը իրեն մի փոքր լքված էր զգում, չնայած որ հավեսով գլուխն էր քաշում բաժակի մեջ լցված յուրաքանչյուր զանգված, Կիսումը հարբած երգում էր, փոքր ժայռակտորի վրա կտկտացնելով։
Շատ խմեցին լեռները։ Հիշեցինք մանկությունս, անցյալս, քննարկեցինք ապագան, պլանավորեցինք նոր հանդիպումներ։ Եվ երբ արդեն խմիչքն իր գործն արել էր, ավագ լեռը կանչեց Արտասուքին, որը առանձնացած ինչոր լուրջ հեռախոսացրույցի մեջ էր դաշտավայրի թաղամասից մեկի հետ, քաշեց դեպի կուրծքը, չգրկեց։
-Վախենում ես կծի՞,- ծիծաղեց միջնեկը։
-Գնա ձեր մարգագետիններ ու ասա, որ լեռներն ասել են՝ ինձպեսները տեղ չունեն իրենց սեղանի վրա,- ապա թեքվեց ինձ,- դու էստեղ գալուց կողուկուշտդ նայիր, որ հետևցդ ամեն շուն-շանգյալ էս ճամփան չմտնի։
Ու երբ իջնես էդ ճահճավայրերը, ընդհամենը մի երկու բառ կփոխանցես նրանց։

-Ի՞նչ ընկերս։

-Ասա՝ դուք արժանի չեք մեզ։ Չնայած որ ձեր մեջ կան մարդիկ, որոնց հայրերը ժամանակին հավատարմության երդում են տվել ։ Նրանց Մենք փառքով դիմավորեցինք, որոշներն էլ արդեն ճանապահին են, բայց դուք կեղտոտել եք ձեր ոտքերը ձեր ցեխոտ իրականության մեջ։ Դուք չեք ներվելու պատմության կողմից, ու չեք հանդիմանվելու ձեր ապրած կյանքի համար։ Որովհետև դուք պիտի լքված լինեք ձեր ինքնության աչքից ու անճանաչելի պիտի լինեք ձեր գիտակցության համար։ Ձեր որդիները ձեզ համար դատավորներ պիտի լինեն ու նոր կախաղաններ պիտի պատրաստեն ձեր ճահճափոսերի դիմաց։ Ձեր գլուխները պիտի արնքահամ լինեն ձեր իսկ ճահճում։ Նրանք պիտի հոտեն ձեր երկրի վրա, որովհետև հողն անգամ ձեր արյունը չի ընդունելու։ Ձեր հիշողության աչքերը պիտի կերակուր դառնան երկնքի թռչունների համար ու ձեր մարմինները պիտի կախվեն մեր գլխարկներից, որպեսզի բոլորը տեսնեն, թե ինչպես է լինում ավարտը ճահճասերների։ Ձեզ պիտի ստրկացնի ձեր ընտրությունը։ Դուք ձեր նախկին ու ներկա կյանքում գարշանքի համար ամենաախորժելի կերակուրը դարձաք, որովհետև ճահիճը տաք էր ձեզ համար ու ապահով։ Ու երբ խեղդվեք ձեր իրականության մեջ, մեր գագաթները չեն իջնի ձեզ օգնության, ու կթողնեն, որպեսզի ձեր գարշահոտը հիշեցնի բոլորին, որ մեր գլխարկների վրա վաղուց ցուցադրություններ չեն արվել։

Խոսեց ավագս՝ ընկերս, հետո համբուրեց ճակատս ու ճանապարհեց դեպի տուն, որտեղ պապս ինձ երբեք չի ասել, որ ես Հայ եմ ու ունեմ Հայրենիք, որովհետև Պապս իր ճանապարհը Հասկանալու հետ կիսեց, Ընկերը եղավ Ճանաչելուն ու հաշվի նստեց Գործի հետ։

Ու այսօր, երբ տարանջատել են մեր արյունը մեզնից, երբ կշռադատությունը զոհ է գնացել մեր անանձնական ցանկություններին ու ցեմենտապատվել են մեր գեղեցկադեմ ժպիտները՝ մոռացել ենք, որ ատելության վրեժ ունենք լուծելու, որը պիտի մեր սիրո ամենամեծ արտացոլումը լինի մեր սերունդների համար, որովհետև մեզ պատմում են մեր ջարդված հայրերի բարոյական հաղթանակների մասին։
Բայց պիտի արևից շուտ փայլենք հայոց երկնակամարում, որովհետև պիտի պատմության արդարամարտիկը ու վրեժխնդիրը լինենք։

Որովհետև մեր ուսերին է դրվել մեր հայրերի ու նրանց նախահայրերի կատարած մեղքերը․․․
Որովհետև կործանման դռան վերջին բանալին մեր ձեռքում է ու մեզնից հետո այլևս ի՞նչ է մնալու, եթե ոչ ոչինչ։
Որովհետև

Մե՛նք ենք, դատավորները մեր ժամանակի,

Ու մե՛նք ենք, որ հա՛յ ենք,

ու մե՛նք ենք, Հա՛յը։

Դավիթ ԽԱՌԱՏԵՆՑ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930