Հանրապետության հրապարակում «Ազգային կոմիտեի» այսօր հանրահավաքը մեկնարկեց Արցախի իրավիճակի քննարկմամբ: «Անկեղծ ասած` թվարկվող անելիքները պետության խնդիրն է, բայց քանի որ մենք պետություն չունենք, մեր պետությունն անգլուխ է, պետության գլխի տեղը դրված է մի ուրիշ իր, մենք ստիպված ենք այդ խնդիրների մի մասը վերցնել մեր վրա, մենք՝ այս երկրի պատասխանատու քաղաքացիներս, որ հավաքվել ենք այստեղ»,-ասաց կոմիտեի անդամ Ավետիք Չալաբյանը:
Նա թվարկեց անելիքները. «Երեկ արդեն բազմաթիվ նախաձեռնություններ հնարավոր բոլոր մեթոդներով ճնշում էին գործադրում, որպեսզի Արցախից հումանիտար միջանցք բացվի և հնարավոր լինի այնտեղից դուրս բերել մեր ծերերին, երեխաներին, կանանց, վիրավորներին: Պետք է արձանագրել, որ այսօր այդ միջանցքը կարծեք թե սկսել է բացվել, և Հայաստանի Հանրապետություն են տեղահանվել արցախցի հայրենակիցներից, որոնք առաջին օգնության կարիքն ունեն: Ես ուզում եմ արձանագրել, որ դա իրոք ձեռքբերում է: Մեր առաջին խնդիրն է, արցախցի մեր հայրենակիցներին փրկելն է, նրանց օգնելը, մղձավանջից դուրս բերելը, շատ կարևոր է, որ մենք պատրաստ լինենք նրանց օգնել:
Երկրորդը, այս ողբերգությունն ունի կոնկրետ մեղավորներ՝ հասցեական, իհարկե թիվ մեկ մեղավորը՝ ցեղասպան, ոճրագործ Ադրբեջանն է՝ իր հրեշավոր պարագլուխով: Բայց նա ունի իր գործակիցները և համար մեկ գործակիցը Նիկոլն է: Պետք է հիշենք, որ այս մեծ ցեղասպանությունը տեղի է ունեցել նաև գերտերությունների անտարբեր աչքերի առաջ: (…) Մենք չպետք է թույլ տանք, որ Ադրբեջանն այդ ցեղասպանությունը մարսի, ցեղասպանությունը միջազգային օրենքներով ոճրագործություն է մարդկության հանդեպ: Հիմա մենք, ցեղասպանության բոլոր հնարավոր փաստերը պետք է հավաքենք ու զբաղվենք դրա դատապարտմամբ»,-ասաց Չալաբյանը:
Կարդացեք նաև
Փաստերը հավաքագրելու համար նրանք արդեն թեժ գիծ են բացել, որի հեռախոսահամարը շուտով կհրապարակվի:
«Իշխանափոխությունից բացի, մեր կարևորագույն խնդիրն է մեր 120 հազար արցախցի հայրենակիցների տառապանքը մեղմելն է, մենք այսօր նեցուկ պետք է լինենք նրանց, որպեսզի կարողանանք պաշտպանել Սյունիքը և վաղը վերադարձնել Արցախը»,-ասաց Չալաբյանը:
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ