Հայաստանում անվտանգային միջավայրը կտրուկ փոխվելու է, և մենք այն սպառնալիքները, որ տեսնում ենք, այլևս չենք տեսնելու կամ ընթացքում արդեն չենք տեսնելու, ամենակարևորը՝ եթե այս իշխանությունը պատերազմ է բերում և այժմ մենք լայնամասշտաբ պատերազմի շեմին ենք՝ հենց այս իշխանությունների պատճառով, նույն Նիկոլ Փաշինյանը հաստատ չի կարող ևս մեկ պատերազմ ղեկավարել և ևս մեկ պարտության տանել մեր ժողովրդին, այսինքն՝ ցանկացած պարագայում իշխանափոխությունը դառնում է անվտանգության ապահովման գլխավոր նախապայման: Այս մասին քիչ առաջ Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ լրագրողներ հետ զրույցում ասաց «Ազգային կոմիտեի» անդամ Անդրանիկ Թևանյանը:
Նրա խոսքով, արցախցիներին օգնություն ցուցաբերելու ամենատարբեր հնարավորությունները կան, բայց այստեղ պետության խնդիրն է, «չէ՞ որ արցախցիների անվտանգության ապահովումը մեր պետության խնդիրն է, ի վերջո մեր Անկախության հռչակագրով և ՀՀ Սահմանադրությամբ Հայաստանը հանձնառություն ունի Արցախի անվտանգության և պաշտպանության հարցում»:
Լրագրողի հարցին, թե իշխանափոխության դեպքում, հնարավո՞ր է Արցախը հետ բերել՝ Թևանյանը պատասխանեց, որ Արցախին կարելի է այս վիճակից հանել, հետո անցնել կոնկրետ քայլերի, որոնցից առաջինը Պրահյան գործընթացից դուրս գալն է, ՀՀ դաշնակիցներ Ռուսաստանի և Իրանի հետ հարաբերությունների հստակեցումն ու վերականգնումն է, բանակի վերականգնումն է:
«Մենք համոզված ենք, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, որը հաստատ մեր երազանքի փաստաթուղթը չէր, ամբողջությամբ կարող է գործել, եթե պաշտոնական Երևանը դավաճանաբար կամ հիմարաբար պատերազմ չհայտարարի Ռուսաստանին և դուրս գա Պրահյան գործընթացից»,-ասաց Թևանյանը:
Կարդացեք նաև
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ