Սեպտեմբերի 23-ից Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ)՝ իրավասու մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ սերտ համագործակցությամբ, աջակցում է ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի դրամատիկական թատրոնի շենքում և Կոռնիձորի մարդասիրական կայանում տեղահանված անձանց ընդունման կետերի կահավորման և կառավարման աշխատանքներին։
Կետերում ՀԿԽԸ հատուկ պատրաստվածություն անցած կամավորներն օգնում են գրանցման աշխատանքներում, տրամադրվում է հոգեբանական, առաջին հոգեբանական աջակցություն և ուղղորդում՝ հոգեբանների և արագ արձագանքման թիմերի կողմից, ինչպես նաև ջուր, չոր սնունդ և հեռախոսի մարտկոցի լիցքավորման սարքեր։ Հայկական Կարմիր խաչի ընկերության Որոնում ծառայությունն իրականացնում է Ընտանեկան կապերի վերամիավորման գործառույթներ՝ անհայտ կորած անձանց տվյալների գրանցում և հավաքագրում, հեռախոս չունեցող անձանց հնարավորություն տրվում կապ հաստատել հարազատների հետ։
Աշխատանքներում ներգրավված են ՀԿԽԸ կենտրոնական գրասենյակի և Գորիսի մարզային մասնաճյուղի անձնակազմի ավելի քան 70 անդամ և կամավոր։
Կարդացեք նաև
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) և Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի (ԿԽՄՖ) հետ սերտ համագործակցությամբ, սեպտեմբերի 19-ից սկսած իրականացնում է մարդկային, նյութական և ֆինանսական ռեսուրսների մոբիլիզացիա՝ հնարավոր տեղահանության դեպքում մարդասիրական աջակցություն տրամադրելու համար։
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ ԱՄՆ զարգացման գործակալության և ԿԽՄՖ-ի հետ համաձայնագրի շնորհիվ, ներկա պահին ունի 3000 անձի համար ոչ պարենային ապրանքների, կանխիկ և հոգեսոցիալական աջակցություն տրամադրելու հնարավորություն։
ՄԱԿ ՓԳՀ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ նախօրոք կնքված շրջանակային համաձայնագրերը, որոնք ակտիվանում են արտակարգ իրավիճակների դեպքում, հնարավորություն կտան աջակցել տուժած բնակչությանը դրամական օգնության տրամադրման, սննդի և ոչ պարենային ապրանքների աջակցության, երեխաների պաշտպանության, արտակարգ իրավիճակներում կրթության կազմակերպման և այլ ուղղություններով։
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը կիրականացնի կարիքների արագ գնահատում, որին կհաջորդի ԿԽՄԿ հետ համագործակցությամբ կարիքների խորը և բազմակողմանի գնահատումը։ Դրանց արդյունքների հիման վրա հետագայում կիրականցվի ռեսուրսների միջազգային և տեղական հավաքագրում՝ միջնաժամկետ և երկարաժամկետ աջակցության ծրագրեր իրականացնելու համար։
Հայկական կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ), լինելով Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման լիիրավ անդամ, առաջնորդվում է Շարժման հիմնարար սկզբունքներով` Մարդասիրություն, Անկողմնակալություն, Չեզոքություն, Անկախություն, Կամավորություն, Եզակիություն, Համընդհանրություն։
Հանդիսանալով կառավարությանն աջակցող կառույց՝ մարդասիրական ոլորտում, ՀԿԽԸ-ն արդեն 103 տարի է գործունեություն է ծավալում հանրապետության ամբողջ տարածքում հետևյալ ռազմավարական ուղղություններով՝ աղետների կառավարում, բնակչության տեղաշարժ, սոցիալ – առողջապահություն, առաջին օգնություն, երիտասարդների հիմնախնդիրներին արձագանք, մարդասիրական արժեքների տարածում և այլն:
ՀԿԽԸ առաքելությունն է նվազեցնել բնակչության խոցելիությունը` մարդասիրության ուժի մոբիլիզացմամբ, նախապատրաստվել դիմակայելու այն իրավիճակներին, որոնք կարող են բնակչության խոցելիության պատճառ դառնալ, ցուցաբերել անհրաժեշտ օգնություն` սատարելով սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում գտնվող մարդկանց:
ՀԿԽԸ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ