ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանադրական կարգի պահպանության ու ահաբեկչության դեմ պայքարի և քննչական գլխավոր վարչությունների ծառայողների իրականացրած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների ու վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել է նախնական համաձայնությամբ, խմբի կազմում իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպք:
Այսպես.
Նախաքննության ընթացքում կատարված ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ «Խաչակիրներ ռազամահայրենասիրական» ՀԿ անդամներ՝ Ս.Խ-ն, Կ.Դ-ն, Դ.Տ-ն, Վ. Մ-ն, Մ.Մ-ն, Գ.Ն-ն, Ա.Հ-ն, ինչպես նաև Ա.Բ-ն, և այլ անձինք, ունենալով հակաիշխանական հայացքներ, ՀՀ կառավարության անդամների և ղեկավարի նկատմամբ՝ գաղափարական թշնամանք, նախնական համաձայնության գալով միմյանց հետ, պայմանավորվածություններ են ձեռք բերել իրենց մոտ պահվող զենք-զինամթերքը որպես հանցագործության գործիք օգտագործելու միջոցով կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու եղանակով և դրա սպառնալիքով զավթելու իշխանությունը, մասնավորապես՝ Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով տիրանալ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորություններին:
Արդյունքում, հանցավոր խմբի անդամներն ուղղակի դիտավորությամբ հանցանք կատարելու համար ձեռք են բերել հեռահաղորդակցության սարքեր, հեռախոսային ու այլ կապը խլացնող սարքեր, հանցանքի կատարումը հեշտացնող միջոցներ և գործիքներ, ինչպես նաև դիտավորությամբ ստեղծել այլ պայմաններ՝ այդ կերպ նախապատրաստվելով կատարել նախնական համաձայնությամբ, խմբի կազմում իշխանության յուրացում, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով չեն կարողացել սկսել իրենց դիտավորության մեջ ընդգրկված հանցանքի օբյեկտիվ կողմի կատարումը, այն է՝ նախապատրաստվող առանձնապես ծանր հանցագործությունը բացահայտվել և խափանվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:
Կարդացեք նաև
Քրեական վարույթի շրջանակներում ձեռքբերված բավարար փաստական տվյալների հիման վրա հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքով ձերբակալվել են հանցավոր խմբի ութ անդամներ, ՀՀ քրեական օրենսգրքի 43-419-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել են հանրային քրեական հետապնդումներ, ներկայացվել են մեղադրանքներ:
Միևնույն ժամանակ խուզարկություններ են կատարվել հանցավոր խմբի անդամների բնակության հասցեներում և հասարակական կազմակերպություն հանդիսացող աշխատավայրերում, որոնց արդյունքում հայտնաբերվել են հրազեն, զենք, ռազմամթերք, օդաճնշիչ ատրճանակներ, զրահաբաճկոններ, հեռահաղորդակցության սարքեր, համակարգիչներ, տարբեր գրառումներ պարունակող նոթատետրեր, փաստաթղթեր և այլն։
Նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են վարութային գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի ամբողջական հանգամանքները, հանցավոր խմբի կազմում ներգրավված անձանց ողջ շրջանակը պարզելու, նրանց նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառելու համար:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ՀՀ ԱԱԾ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ