Լրահոս
Օրվա լրահոսը

Պատասխանատվությունն ամբողջությամբ կընկնի էթնիկ զտումների քաղաքականությունը որդեգրած Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի վրա. Փաշինյան

Սեպտեմբեր 24,2023 13:04

Վերջին տարիներին տեղի ունեցած մի շարք իրադարձություններ մեզ՝ բոլորիս իրադրությունը գնահատելու, վերագնահատելու, հետևություններ անելու  հրամայականի առաջ են կանգնեցրել. ի՞նչ է տեղի ունեցել Հայաստանում, ի՞նչ է տեղի ունենում և ի՞նչ պետք է տեղի ունենա, սրանք են այն հարցերը, որոնց պատասխանները ռազմավարական  է ապագայի համար:   Այս մասին այսօր ֆեյսբուքյան իր  տեսաուղերձում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

«Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության դեմ  Ադրբեջանի ձեռնարկած հարձակումները  ակնհայտ եզրակացության են բերում, որ արտաքին  անվտանգության այն համակարգերը, որոնցում մենք ներգրավված ենք՝ արդյունավետ չեն Հայաստանի Հանրապետության պետական  շահերի և անվտանգության տեսակետից. սա երևաց, թե՛ 44 օրյա պատերազմի ընթացքում, թե՛ 2021 թվականի մայիսի ու նոյեմբերի իրադարձությունների ժամանակ, թե՛ 2022 թվականի սեպտեմբերին, և ցանկը դեռ կարելի է շարունակել: 2020 թվականի դեկտեմբերին Խծաբերդի  և Հին Թաղերի գրավումն ու 60-ից ավել հայ զինծառայողների գերեվարումը, Փառուխի դեպքերը, Լեռնային Ղարաբաղի բնակչության ահաբեկման  բազմաթիվ արտահայտությունները, Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը, սեպտեմբերի 19-ի ադրբեջանական հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա: Լրջագույն հարցեր են  բարձրացնում նաև Լեռնային Ղարաբաղում  ՌԴ  խաղաղապահ զորախմբի  գործունեության նպատակների և  մոտիվների մասին:  Ի հեճուկս 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ ԼՂ-ի հայությունը այսօր էլ էթնիկ զտումների վտանգի առաջ է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ վերջին օրերին ԼՂ հումանիտար բեռների մուտք է տեղի ունեցել, բայց դա իրադրությունը չի փոխում. «Եթե ԼՂ հայերի՝ իրենց տներում ապրելու իրական պայմաններ և էթնիկ զտումներից պաշտպանության գործուն մեխանիզմներ չստեղծվեն, հավանականությունը, որ ԼՂ-ի հայերը իրենց կյանքն ու ինքնությունը փրկելու միակ միջոց կտեսնեն հեռացումը իրենց հայրենիքից, չափազանց մեծանում է։

Իրադարձությունների նման զարգացման պատասխանատվությունն ամբողջությամբ կընկնի էթնիկ զտումների քաղաքականությունը որդեգրած Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի վրա։ Իհարկե, ՀՀ կառավարությունը միջազգային գործընկերների հետ աշխատում է ԼՂ հայերի իրավունքների և անվտանգության ապահովման միջազգային մեխանիզմների ձեւավորման վրա, բայց եթե այդ ջանքերը կոնկրետ արդյունքներ չտան, կառավարությունը ԼՂ-ի մեր քույրերին և եղբայրներին ամենայն հոգատարությամբ կընդունի Հայաստանի Հանրապետություն։ Սրանով, սակայն վերը հիշատակված հարցերը ոչ միայն չեն հասցեագրվի, այլև ավելի կսրվեն։ Հայաստանի Հանրապետությունն իր դաշնակցային պարտավորություններից երբեք չի հրաժարվել և իր դաշնակիցներին երբեք չի դավաճանել, բայց իրադարձությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ անվտանգության այն համակարգերը  և այն դաշնակիցները, որոնց վրա մենք երկար տարիներ հույս ենք դրել, մեր խոցելիություններն ի ցույց դնելու և հայ ժողովրդի անկախ պետություն ունենալու անհնարինությունը հիմնավորելու խնդիր են դրել»։

Նրա խոսքով, նման քաղաքականությունը բոլորովին կապ չունի 2018թ. Հայաստանում տեղի ունեցած  հեղափոխությամբ հաստատված կառավարության հետ, այդ քաղաքականության դրսևորումները պարբերաբար եղել են  վերջին տասնամյակներում: «Մենք Հայաստանի անկախությունը կասկածի տակ  դնող ձևակերպումներին  երբեք չենք համաձայնվել, բայց մտահոգիչ է այն, որ անկախ, ինքնիշխան, ազատ և ժողովրդավարական պետություն ունենալու մեր կամքին ականջալուր լինելու փոխարեն մեր որոշ գործընկերներ անվտանգության   ոլորտում մեր խոցելիություններն ի ցույց դնելու գործում  ավելի ու ավելի մեծ ջանքեր են գործադրում, հիմա արդեն հարվածի տակ դնելով, որ միայն մեր արտաքին, այլ  մեր ներքին անվտանգությունն ու կայունությունը, այս ընթացքում խախտելով դիվանագիտական, միջպետական հարաբերությունների  էթիկայի, կոռեկտության բոլոր նորմերը՝ ընդհուպ  պայմանագրերով ստանձնած պարտավորությունները»,-նշեց նա՝ կոչ անելով հարգել մեր պետությունն  ինքնիշխանությունը:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930