Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանը թույլ չի տալու տարածաշրջանի երկրների քարտեզներում որեւէ փոփոխություն (ֆոտոշարք)

Սեպտեմբեր 24,2023 12:14

Միջանցքների պատերազմ՝ Հայաստանում եւ Արցախում ստեղծված իրավիճակին նման գնահատական տվեցին օրերս կայացած «Սյունիքը՝ պատմական, ռազմավարական նշանակության, տնտեսական համագործակցության եւ ներդրումային հեռանկարի համատեքստում» գիտաժողովի մասնակիցները։ Գիտաժողովին մասնակցում էին Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսը, Կապանի համայնքապետը, Իրանի խորհրդարանի պատգամավորներ, մոտ երկու տասնյակ իրանցի եւ հայ պրոֆեսորներ, գիտնականներ։

Ադրբեջան-Թուրքիա տանդեմի կողմից «Զանգեզուրի միջանցք» ձեւակերպումը ոչ թե Նախիջեւանի հետ կապ ունենալու համար է, այլ այն ուրիշ նպատակ ունի։ Նման կարծիք հայտնեց Հայաստանի  Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի պրոֆեսոր Գեւորգ Ստեփանյանը։

«Տեղի ունեցող գործընթացները ցույց են տալիս, որ Ադրբեջանն Արցախի տարածքը բռնակցելուց հետո, հող է նախապատրաստելու Սյունիքի բռնազավթման համար։ Նպատակը, անշուշտ, ոչ միայն Սյունիք զավթելն է ու համաթուրքական ծրագրով Նախիջեւանի հետ ցամաքային կապ հաստատելը, այլեւ Արցախ-Սյունիք-Նախիջեւանն Իրանի դեմ ագրեսիվ գործողությունների համար ռազմական հարթակ դարձնելը»,-ասաց Գեւորգ Ստեփանյանը։

Եթե այնպիսի քաղաքականություն վարվի, որը կխախտի Իրան- Հայաստան սահմանը, ապա մենք ընդդիմանալու ենք՝ լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոս Վարամին Մորթեզա Աբեդին՝ հիշեցնելով, որ սա նաեւ պաշտոնական Իրանի տեսակետն է։ «Նմանօրինակ անկայուն իրավիճակները տարածաշրջանի խաղաղության համար վնասակար են։ Մենք համոզված ենք, որ տարածաշրջանի երկրների քարտեզները որեւէ փոփոխության չպիտի ենթարկվեն, եւ մենք դա թույլ չենք տա։ Այս միջազգային գիտաժողովը Կապանի համայնքապետարանի ու իրանական կողմի երկուստեք մտահոգությունների արդյունքում հենց այդ նպատակով իրականացավ։ Հաշվի է առնվել Սյունիքի կարեւոր նշանակությունը թե՛ Հայաստանի, թե՛ Իրանի համար»,-մասնավորապես նշեց հյուպատոսը։

Վերջինիս խոսքով՝ Իրանը ձգտում է աջակցել  տնտեսական ինտեգրումներին, սակայն  որոշ ուժեր՝ տարածաշրջանային գերտերություններ, փորձում են լարվածություն հրահրել՝ սառը պատերազմի իրենց տեսլականով ձգտելով աշխարհը բեւեռների բաժանել։ Սա Վարամին Մորթեզա Աբեդիի համոզմամբ՝  հետադիմական մոտեցում է եւ վնասում է ժողովուրդների ապահով կյանքին։

«Այս մարզով է Իրանի համար ճանապարհ բացվում դեպի Սեւ ծով։ Օրական բազմաթիվ բեռնատարներ են անցնում այստեղով։ Իրանի նախագահն ու Հայաստանի վարչապետը համագործակցության պայմանագիր են կնքել․ այս պահին 700 մլն դոլարի ապրանքաշրջանառություն է իրականացվում եւ ձգտում ենք հասցնել մինչեւ 3 միլիարդի։ Եթե տարածաշրջանն անվտանգ չհամարվի, ապա այս ամենը հնարավոր չի լինի իրականացնել»,-ասաց հյուպատոսը։

Կապան համայնի ղեկավար Գեւորգ Փարսյանը ցնորամիտ է համարում Ադրբեջանի ցանկացած ծրագիր՝ կապված Սյունիքի  հետ։ «Մենք կանգնած ենք մի շարք մարտահրավերների եւ անպատասխան հարցերի դեմ-հանդիպման։ Սյունիքի հանդեպ Ադրբեջանի տարածքային նկրտումները մերժելի են ի սկզբանե։ Երբեւէ գոյություն չունեցող Զանգեզուրի միջանցքի բացումը մեր երկրի ինքնիշխանության հաշվին՝ մերժելի են։ Սյունիքում ժողովրդագրական փոփոխություններ կատարելու ադրբեջանական  ցնորամիտ ծրագրերը մերժելի են։ Հաճելի է նկատել, որ հայ ժողովրդի հետ համամիտ է մեր հզոր բարեկամը՝ Իրանի Իսլամական  Հանրապետությունը»,-հայտարարեց Գեւորգ Փարսյանը։

8 ժամ տեւած գիտաժողովում  անդրադարձ եղավ երկու երկրների բարեկամությանը, տնտեսական ու մշակութային կապերին վերաբերող պատմական փաստերին ու ապագայի տեսլականին։ Քննարկվեց Սյունիքում հայ-իրանական հետագա համագործակցության ընթացքը՝ որպես ադրբեջանա-թուրքական տանդեմի հակակշիռ, ինչպես նաեւ Սյունիքի՝ դերը Իրան-Հայաստան միջանցքի ամրապնդման գործում։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930