ԱՄՆ Սենատի անդամ, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Հայաստանին և Արցախին մշտապես նեցուկ կանգնած Ռոբերտ Մենենդեսին կաշառակերության կասկածանքով դաշնային մեղադրանք է առաջադրվել, հայտնել է Հարավային Նյու Յորքի դատախազը:
ԱՄՆ դատախազության խոսքով՝ նյուջերսցի տարբեր գործարարներ Մենենդեսին և նրա կնոջը, որն, ի դեպ, ազգությամբ հայ է, ընդհանուր հաշվով կես միլիոն դոլարը գերազանցող գումար են տրամադրել որոշակի ծառայությունների դիմաց: Ենթադրաբար որպես կաշառք տրամադրված գումարները, ոսկու ձուլակտորները և «Մերսեդես» մակնիշի մեքենան հայտնաբերվել են ամուսինների տանը: Գումարների մի մասը հայտնաբերվել է սենատորի հագուստների գրպաններում:
Դատախազությունը Նյու Ջերսին ներկայացնող սենատորին մեղադրում է նաև Եգիպտոսի Արաբական Հանրապետության իշխանություններին գաղտնի, ոչ-հրապարակային տեղեկատվություն տրամադրելու համար՝ գաղտնի կերպով Եգիպտոսի կառավարությանն աջակցելու նպատակով:
Բոբ Մենենդեսը, որը Դեմոկրատական կուսակցության անդամ է, ժամանակավորապես թողել է արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնը, տեղեկացրել է Սենատի դեմոկրատների առաջնորդ Չաք Շումերը:
Մենենդեսն իրեն մեղսագրվող արարքները «զրպարտչական արշավ» է որակում: Առավել հատկանշական է նրա հայտարարությունն այն մասին, որ իրեն շարունակ փորձել են լռեցնել: «Տարիներ շարունակ, ետնաբեմում գործող ուժերը անդադար փորձել են լռեցնել իմ ձայնը և փորել իմ քաղաքական գերեզմանը: Ավելի վատ, նրանք ինձ տեսնում են որպես քաղաքական խոչընդոտ իրենց քաղաքական լայն օրակարգի առաջ մղման հարցում»:
Մենենդեսն ակնարկում է, որ այս ուժերը հետապնդում են իրեն նաև միջազգային բռնապետների դեմ իր պայքարի համար: «Ես հաստատակամորեն կանգնել եմ աշխարհի տարբեր բռնապետների դեմ, լինեն դա Իրանում, Կուբայում, Թուրքիայում կամ այլուր՝ պայքարելով կուրացնող ուժերի դեմ և կանգնելով նրանց կողքին, որոնք կանգնած են ազատության և ժողովրդավարության կողքին»: Նա հավելել է, որ «շարունակում է կենտրոնացած մնալ այս կարևոր գործի շուրջ» և որ «հիմնազուրկ մեղադրանքները չեն կարող շեղել նրան»:
Նյու Ջերսիի նահանգապետ Ֆիլ Մըրֆին Մենենդեսին կոչ է արել վայր դնել սենատորական մանդատը: Համացանցում վարկած է շրջանառվում, որ առաջադրված մեղադրանքների հետևում կանգնած են հենց Մենենդեսի կուսակիցները:
Ընդամենն օրեր առաջ Մենենդեսի գլխավորությամբ երկկուսակցական օրինագիծ էր ներկայացվել Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու և ադրբեջանական ագրեսիայի ֆոնին հայ ժողովրդին աջակցելու վերաբերյալ:
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ