Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե առաջիկա օրերին այս հրապարակը լեփ-լեցուն չլինի, վատից վատ ենք լինելու, պետք է շարժվենք վերջապես. Սեֆիլյան

Սեպտեմբեր 23,2023 21:31

Ազատության հրապարակից Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով այսօր՝ երեկոյան, սկսվեց Ազգային ժողովրդավարական բեւեռի աջակիցների երթը:

Նախքան երթը՝ Բեւեռի խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը ելույթ ունեցավ:

«Նորություն չէ, որ 44-օրյա պատերազմից սկսած մինչեւ այսօր պատերազմը չի կանգնել: Նոյեմբերի 9-ից հետո Ազգային ժողովրդավարական Բեւեռը  կրկնում էր՝ այս ծանր վիճակից դուրս գալու ճանապարհը մեկն է՝  միջազգային խաղաղապահների մուտքը Արցախ եւ ՀՀ: Զգուշացրել ենք, որ մինչեւ այն ժամանակ, երբ Երեւանում ազգային քաղաքական գլուխ չի ձեւավորվել, շարունակվելու է մեր ընթացքը վատից վատ: Վերջին ընթացքում այդ ամենի ականատեսն ենք եղել: Մենք համախմբման կոչեր ենք արել, բայց մեր ժողովուրդը չուզեց տնից դուրս գալ, շարժվել, ինչ-ինչ բաների հավատաց:

Մեր վատ կանխազգացումը տեղի ունեցավ օգոստոսին, օգոստոսի երեքից հայտարարեցինք, որ որոշել ենք նորից հրապարակներ դուրս գալ՝ զգալով առաջիկա արհավիրքը: Այդ ժամանակից բարձրաձայնել ենք, որ մեզ  հրապարակ դուրս բերողը Արցախում սպասվող վտանգն է, մեկ ամիս ամեն օր կանչել ենք մեր ժողովրդին եւ խնդրեմ. սեպտեմբերի 19-ին , 20-ին ստացանք վատից վատը: Սիրե՛լի ժողովուրդ, հիմա էլ ասում ենք, եթե առաջիկա օրերը այս հրապարակը լեփլեցուն չլինի, վատից վատ ենք լինելու, պետք է շարժվենք վերջապես: Փաշինյան կոչեցյալը ռուսական կողմի, ավելի ուշ ռուս-թուրքական  կողմի թելադրանքով զբաղված է մի բանով՝ հնարավորինս խանգարել Արեւմուտքի մուտքը տարածաշրջան, որի պատճառով  ստացանք ցեղասպանություն Արցախում: ՄԱԿ անվտանգության խորհրդի նիստից ժամեր առաջ Փաշինյանը հայտնում է  այնպիսի մտքեր, որ հնարավորինս խանգարի Արեւմուտքի մուտքը տարածաշրջան: Նա ամեն օր, ամեն ժամ շարունակում է իր ցեղասպան գործունեությունն, ու մեր ժողովուրդը տակավին հանդուրժում է, զարթնի՛ր  ժողովուրդ»,- իր ելույթում ասաց Սեֆիլյանը:

Նա կոչ ուղղեց նաեւ ուսանողությանը՝ հորդորելով չվերադառնալ բուհեր, լցնել փողոցները, ակտիվ լինել:

Սեֆիլյանի ելույթից հետո նրա աջակիցները սկսեցին քայլերթը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով:

Ցույցի մասնակիցները նաեւ տեղեկացնում էին, որ հաջորդ ցեղասպանությունը լինելու է Սյունիքում եւ կոչ էին անում քաղաքացիներին դուրս գալ փողոցներ պայքարի ու դժոխքի վերածել Նիկոլ Փաշինյանի կյանքը:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930