Հայաստան ժամանած ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությունը, որը գլխավորում է սենատոր Գարի Փիթերսը, սեպտեմբերի 23-ին այցելեց Սյունիքի մարզ։ Գորիսում նրանց դիմավորեց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։ «Միրհավ» հյուրանոցային համալիրում կայացած հանդիպմանը, որին մասնակցեց նաեւ Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը, մարզպետը կոնգրեսականներին ներկայացրեց ստեղծված իրավիճակը, նաեւ քննարկվեցին Հայաստանի եւ Արցախի առաջ ծառացած անվտանգային ու հումանիտար մարտահրավերները։
Ղուկասյանը կոնգրեսականներին ուղեկցեց նաեւ Կոռնիձոր՝ որտեղ դեռ կայանված են հումանիտար օգնությամբ Արցախի համար նախատեսված բեռնատարները։ ԱՄՆ սենատորները համոզվեցին, որ Լաչինի միջանցքը դեռ փակ է։
Կարդացեք նաև
«Կարծում եմ՝ միջազգային իրազեկման անհրաժեշտություն կա։ Մարդիկ խուճապի մեջ են։ Աշխարհը պետք է իմանա, թե ինչ է կատարվում այնտեղ։ Մենք Ադրբեջանի կառավարությունից լսում ենք, որ անհանգստանալու կարիք չկա, եւ եթե այդ պնդումը համապատասխանում է իրականությանը, նշանակում է, որ միջազգային դիտորդները կարող են մուտք գործել, որպեսզի տեղում ծանոթանան իրավիճակին»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասել է նա։ Փիթերսը հանդիպել է նաեւ Սյունիքում գտնվող այն արցախցիների հետ, որոնք փակ ճանապարհի պատճառով չեն կարողացել հասնել իրենց ընտանիքներին ու հարազատներին։
«Նրանք ամիսներ շարունակ տառապում են այդ շրջափակման պատճառով։ Հիմա էլ անհանգստանում են իրենց հարազատների համար։ Սննդամթերքի, բժշկական պարագաների, վառելիքի պակաս կա։ Իրավիճակը ծայրահեղ ծանր է»,-ասաց Գարի Փիթերսը՝ հավաստիացնելով, որ իր տեսածի մասին կպատմի ԱՄՆ իր գործընկերներին։
«Մենք ջանքեր պիտի գործադրենք Լեռնային Ղարաբաղ՝ միջազգային դիտորդների մուտքի համար եւ տեսնենք, թե իրականում ինչ է կատարվում, եւ օգնենք, որպեսզի Լեռնային Ղարաբաղի բնակիչները արժանանան հարգանքի եւ արժանապատիվ վերաբերմունքի»,-ասել է սենատորը։
Կոնգրեսականները եղան նաեւ Կոռնիձորի հումանիտար կենտրոնում։ Այստեղ Սյունիքի մարզպետի աշխատակազմը պատրաստ է ընդունել Արցախից տեղափոխող մեր հայրենակիցներին։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ