Լրահոս
Օրվա լրահոսը

Սադրիչ միջադեպերով ցույց ու երթ՝ Գյումրիում․ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին միանում էին նաև վարորդները

Սեպտեմբեր 23,2023 19:00

Այսօր Գյումրու Թատերական հրապարակում շարունակվեց բողոքի ցույցը՝ ընդդեմ Արցախում տեղի ունեցող ցեղասպանության, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի հրաժարականի թեմայով։

Ի տարբերություն երեկվա, այսօր մասնակիցների թիվն ավելի շատ էր․ մասնակցում էին ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչներ՝ նախկին ու ներկա պատգամավորներ, նախկին մարզպետ, համայնքապետեր, դպրոցի տնօրեններ, նաեւ որևէ կուսակցությանը չհարող անձինք։

Ցուցարարների թիվը զգալիորեն ավելացավ հատկապես երթի ժամանակ։ Փողոցներում ցուցարարներին էին միանում վարորդներն՝ ազդանշաններ տալով։

Կային նաև սադրիչներ, որոնք վիրավորական արտահայտություններ էին թույլ տալիս արցախցիների, նաև երթի մասնակիցների հասցեին՝ ակնհայտորեն ծեծկռտուք հրահրելով։ Նման մի միջադեպ տեղի ունեցավ Գյումրու կենտրոնական փողոցներից մեկում, երբ վարորդներից մեկն իրեն ավելորդություններ թույլ տվեց արցախցիների մասին։ «Դիշովկա» կանգնիր»,-ասացին ցուցարարները՝ շրջափակելով նրա մեքենան։

Ոստիկաններն, իհարկե, անմիջապես, կանխեցին միջադեպը։ Մեկ այլ վարորդ էլ մեքենայի միջից բղավում էր․ «Գնացեք Ստեփանակերտ, էնտեղ հայրենասեր խաղացեք, ոչ թե Գյումրու փողոցներում»։ Երբ ցուցարարները փորձեցին նրան մոտենալ, վերջինս ասաց, թե ինքը հենց նոր է վերադարձել Ստեփանակերտից։

Ցուցարարները շատ դեպքերում անտեսում էին սադրանքներ հրահրողներին, ոստիկաններն էլ ամեն ինչ անում էին, որ որևէ միջադեպ չլինի։ Մի երիտասարդ տղամարդ էլ թատրոնի շենքի մոտից «դավաճան» անվանեց երթի մասնակիցներին։ Նրան ևս անտեսեցին։

Միտինգավորները նշում էին, որ Նիկոլ Փաշինյանը իշխանության է եկել փողոցում ու հենց փողոցում էլ նրան պիտի հեռացնել։ Ելույթ ունեցողներից մեկը նշեց, թե Նիկոլ Փաշինյանի ուժը Չալոն էր, իսկ Չալոն խորհրդանշում է ամբոխը։

«Շատ խայտառակ բան ստացվեց, էդ Չալոն էսօր կատաստրոֆիկ մի բան դարձավ, վտանգավոր, Չալոն դարձել է բոլորիս խժռող, ոչնչացնող ոմն մեկը»,- ասում էր ելույթ ունեցող մի տարեց մարդ։

Ցուցարարները նշում էին, որ թեև քանակով քիչ են, սակայն հավաքվել են մտահոգ մարդիկ, նրանք, ովքեր պատրաստ են տեր կանգնել իրենց երկրին ու պետականությանը։ Հավաքվել են նրանք, որոնք 1988 թվականի երկրաշարժին ապրեցին վրաններում, տնակների մեջ, սակայն տեր կանգնեցին Արցախին, այժմ էլ տեր պիտի կանգնեն։

«Շատերն ասում են՝ Նիկոլը, որ գնա, ի՞նչ պիտի լինի որ։ Ես կասեմ՝ Նիկոլը, որ գնա, չի խանգարի։ Չի խանգարի, որ կարողանանք տեր կանգնել մեր երկրին, մեր հողին, մեր տղերքի թափած արյանը։ Կարևորն այն չէ, թե մեզանից ով կենդանի կմնա, ով կմեռնի, կարևորն այն է, որ տեր կանգնենք, որպեսզի 15 թվականի ցեղասպանության երկրորդ փուլը չկրկնվի։

Մենք 100 տարի ողբացինք 15 թվականի ցեղասպանության համար, ամենքս մեր փիլիսոփայական մտքերում տարբեր բանաձևեր արտահայտեցինք, թե ինչ կարելի էր անել, որ 15 թիվը չիրականանար, բայց եկել-հասել է 21-րդ դարը, ու մենք կրկին ենթարկվում ենք այդ ցեղասպանությանը։

Աշխարհի երկրները, որոնք շահագրգռված են թշնամու նյութական ունեցվածքով, ուղղակի թքած ունեն մեր վրա, չեմ ասում բարձր ամբիոններից ամպագոռգոռ հայտարարությունները, որոնք մեծամասամբ ոչ մի օգուտ չեն տալիս։

Միակ ՔՊ-ականը, որը խոսեց ի օգուտ Հայաստանի, Արարատ Միրզոյանն էր, որը ներկայացրեց Արցախում կատարվող իրադարձությունները։ Իհարկե, մեր թշնամի Ադրբեջանը պաշտպանվեց ումո՞վ, ՀՀ վարչապետով։ Եթե թշնամիդ գովում է երկրիդ ղեկավարին, ուրեմն երկրիդ ղեկավարը դավաճան է։ Դավաճան երկրի ղեկավար ունենալ, նշանակում է գնալ կործանման։

Արցախ կորցնելով՝ մենք կորցնելու ենք Գյումրին, կորցնելու ենք Վանաձորը, կորցնելու ենք մեր պապերի թողած ողջ ժառանգությունը։ Եվ որպեսզի չկորցնենք, պետք է մի բռունցք դառնանք ու հավատանք, որ ուժեղ ենք, հեռացնենք դավաճաններին և հնարավորություն ունենանք ստեղծելու Արցախի ազատագրական երկրորդ շարժում, ու մենք կհաղթենք։ Ես իմ ամբողջ կյանքն եմ նվիրել Արցախի պաշտպանությանը ու երբեք չեմ հրաժարվելու իր ուղուց, ինչ գին էլ դա արժենա»,-ասաց մի երիտասարդ։

Քանդակագործ Արթուր Գևորգյանն էլ նշում էր, որ 5 տարի գնացել ենք մի տեղ, որի արդյունքում զրկվել են մեր զավակներից։

«Հաշիվը չգիտենք, բայց սոսկալի է, էն ժամանակ 44 օրվա մեջ 5000 ենք կորցրել, էս 3 օրվա մեջ քանիսին ենք կորցրել, քանի կին ու երեխա, քանի անարգված կին կա Արցախում։ Գիտեք, ամենասարսափելին որն է․ առավոտ արթնանալ ու տեսնել, որ տատիկներն ու պապիկները, որոնք անգամ քարտը չեն կարող բանկոմատ մտցնել ու հանել, նստած են ադրբեջանական հիվանդանոցներում, նրանց ադրբեջանցիները տարել են»։

Ցուցարարները նշում էին, որ օրհասական է Նիկոլ Փաշինյանի հեռանալը, նա «դավաճան է»։

Իրազեկման ցույցի ժամանակ էլ հիշեցնում էին, որ ոխերիմ թշնամու՝ Թուրքիայի սահմանը 4 կիլոմետր այն կողմ է, եթե ոչինչ չանես, մի օր կբացես տանդ դուռդ ու կհանդիպես զինված թուրքի։

Փողոցներում նրանք վանկարկում էին «Արցախ», նաև «Նիկոլ դավաճան» ու պահանջում հրաժարականը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930