Սեպտեմբերի 19-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի նկատմամբ կատարված լայնածավալ հարձակումից և ՀՀ իշխանությունների կողմից չմիջամտելու վերաբերյալ հայտարարությունից հետո Երևանում, ինչպես նաև ՀՀ այլ վայրերում տեղի են ունենում զանգվածային բողոքի ցույցեր և քաղաքացիական անհնազանդության գործողություններ։ Համացանցում առկա տեսագրությունների, ինչպես նաև հավաքների անմիջական դիտարկման ընթացքում վերհանվել են իրավապահների կողմից բազմաթիվ անհամաչափ և օրենքով չնախատեսված միջամտության դեպքեր։
Բողոքի գործողությունների սկսվելուց ի վեր տեղի են ունեցել բախումներ ցուցարարների մի մասի և ոստիկանների միջև, որին ի պատասխան ոստիկանությունը կիրառել է ուժ և հատուկ միջոցներ։ Հավաքի մի շարք մասնակիցներ շշեր և այլ առարկաներ են նետել ոստիկանության շղթայի և ՀՀ կառավարության նստավայրի ուղղությամբ, իսկ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ՝ անմիջապես հավաքի մասնակիցների կուտակումների ուղղությամբ, առանց նախազգուշացման և առանց պահպանելու կիրառման կանոնները։ Մի շարք ցուցարարներ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։
Սեպտեմբերի 19-ին և հետագա օրերին տեղի ունեցած հավաքների ընթացքում բազմաթիվ դրվագներով ոստիկանությունը անհամաչափ ուժ է կիրառել ցուցարարների նկատմամբ, զանգվածայնորեն բերման ենթարկելով վերջիններիս։ Առկա են բազմաթիվ վկայություններ ցուցարարների նկատմամբ ծեծի և բռնությունների վերաբերյալ՝ ոստիկանների խմբի կողմից ցուցարարներին ծեծելու առնվազն չորս դեպք տեղի է ունեցել տեսախցիկների առջև։
Արձանագրվել են անչափահասների նկատմամբ բռնության, օրինակ՝ գրեթե խեղդելով ազատությունը սահմանափակելու դեպքեր։
Կարդացեք նաև
Փաստաբանների կողմից ստացվել են ահազանգեր, որ ոստիկանության բաժիններում խոչընդոտվում է բերման ենթարկված հավաքի մասնակիցներին իրավական աջակցելու տրամադրելու իրենց աշխատանքը։
Հարուցվել են քրեական գործեր, կալանավորվել են ընդդիմադիր հավաքների մասնակիցներ, ինչը քաղաքական հետապնդման դասական օրինակ է։
Քաղաքական ճգնաժամի պատճառով առկա լարվածությունը ավելի է սրանում իշխանությունների որոշ հայտարարություններից և բռնություններ կիրառած ոստիկանների անպատժելիությունից։ Բողոքի ցույցերի վերաբերյալ ՀՀ վարչապետը ելույթի ընթացքում հայտարարեց ցուցարարների նկատմամբ կոշտ արձագանքների մասին, իսկ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաները պնդում են, որ կիրառվող ուժը համաչափ է։ Ոստիկանության որևէ ծառայող բռնությունների համար պատասխանատվության չի ենթարկվել։
Հայաստանի Հելսինկյան կոմիտեն շարունակում է մշտադիտարկումը և կոչ է անում․
Ոստիկանությանը
- Բացառել հավաքի մասնակիցների նկատմամբ բռնության և այլ ոչ իրավաչափ միջոցներով ներգործությունը։
- Բացառել սահմանված կանոնների խախտմամբ հատուկ միջոցների կիրառումը հավաքների մասնակիցների նկատմամբ։
- Աջակցել խաղաղ հավաքների ընթացքին՝ իրենց իրավասությունների շրջանակում։ Օրենքի խախտմամբ անցկացվող, սակայն խաղաղ բնույթ ունեցող հավաքների նկատմամբ միջամտության կամ դրանք դադարեցնելու անհրաժեշտության դեպքում նվազագույնի հասցնել ուժի կիրառումը և առաջնորդվել համաչափության սկզբունքով:
- Պատշաճ քննության առնել հավաքների ազատության իրավունքի ցանկացած անհամաչափ միջամտության, անհամաչափ ուժի և բռնությունների գործադրման դեպքերը, պատասխանատվության ենթարկել լիազորություններն անցած և կոպիտ խախտումներ թույլ տված իրավապահ համակարգի ծառայողներին։
Հավաքի կազմակերպիչներին և փաստացի ղեկավարներին՝
- Շարունակել պահանջել հավաքի մասնակիցներից զերծ մնալ բախումներից ոստիկանության ծառայողների հետ։
- Մշտապես համագործակցել հավաքի վայրում ծառայություն իրականացնող ոստիկանության ներկայացուցիչների հետ։ Հավաքի խաղաղ և բնականոն ընթացքը խախտող անձանց առկայության բոլոր դեպքերում դիմել ոստիկանությանը՝ այդ անձանց հավաքի վայրից հեռացնելու նպատակով։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ԿՈՄԻՏԵ