Լրահոս
Օրվա լրահոսը

Միություն ընդդեմ Ցեղասպանության թուրք եւ քուրդ անդամները միջազգային հանրությունից պահանջում են շտապ ճանաչել Արցախի Հանրապետությունը․ «Ակունք»

Սեպտեմբեր 23,2023 13:26

Akunq.net – Ֆրանկֆուրտում արդեն 25 տարի անընդմեջ գործող Միություն ընդդեմ Ցեղասպանության թուրք եւ քուրդ անդամները միջազգային հանրությունից պահանջում են շտապ ճանաչել Արցախի Հանրապետությունը և հարգել արցախահայության ինքնորոշման իրավունքը։ Կազմակերպության ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարության մեջ նրանք նաև շեշտել են, որ Արցախի 120 հազար հայերը նորից ցեղասպանվելու վտանգի տակ են։

Այդ մասին հաղորդում է Akunq.net-ը՝ ստորև թուրքերենից թարգմանաբար ներկայացնելով հայտարարության ամբողջական տեքստը․

«Գերմանիայի, Եվրոպայի, համայն աշխարհի մարդու իրավունքների պաշտպաններին, հաստատություններին, խորհրդարաններին և կառավարություններին ուղղված հրատապ կոչ․

Կանգնեցրե՛ք Ադրբեջան պետության՝ Արցախի բնակչության հանդեպ սկսած էթնիկ ոչնչացման արշավը․․․

Զուտ հանդիսատես մի՛ մնացեք տասնյակ հազարավոր մարդկանց՝ դարձյալ ցեղասպանության ենթարկվելու ժամանակ։

9 ամիս է, որ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) և Հայաստանի միջև ճանապարհը ավազակաբար շրջափակված է, մանուկ թե պատանի, ծեր թե հիվանդ՝ տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչներ դատապարտված են սովի, ցրտահարության ու հիվանդությունների և զրկված՝ կյանքի գոյատևման անհրաժեշտ միջոցներից։ Այս մարդկային ողբերգության հեղինակ Ադրբեջան պետությունը հիմա էլ ռմբակոծում է Ստեփանակերտ քաղաքը և խաղաղ բնակչությանը հարկադրում արտագաղթել այնտեղից։

Շրջափակման հետևանքով լիովին սովահարության ենթարկված, սննդից և կենսական միջոցներից զրկված 120 հազար հոգի, որոնց մեջ գտնվում են 30 հազար երեխա, 2 հազար հղի կին, 20 հազար տարեց, ներկա պահին, 2023 թ․ սեպտեմբերի 19-ից սկսած ենթարկվում է Ադրբեջանի զինված ուժերի իրականացրած լայնածավալ ահաբեկչական հարձակմանը։ Սա Ադրբեջանի կողմից օրը ցերեկով իրականացվող էթնիկ զտում և ցեղասպանություն է։

Արցախի ամբողջ բնակչությունն անբարենպաստ եղանակային պայմաններում շարունակում է ապրել նկուղներում՝ առանց էլեկտրականության, հաղորդակցման միջոցների, առանց սննդի և ջեռուցման հնարավորության։ Ադրբեջանի օդուժը, ԱԹՍ-ներ և այլ միջոցներ կիրառելով, շարունակում է թիրախավորել քաղաքացիական ենթակառուցվածքներ և խաղաղ բնակիչների։ Ներկա պահին Արցախի ժողովրդի խաղաղ բնակավայրերը անխտիր ռմբակոծվում են։ Դա Ադրբեջանի ռեժիմի վայրենությունն է։

Հայ ժողովրդի գոյությունը 108 տարի անց սպառնալիքի տակ է նույն հանցագործների կողմից․․․ Բազմաթիվ եվրոպական երկրների խորհրդարաններ, այդ թվում՝ Գերմանիայի, Ֆրանսիայի և այլ պետությունների, ինչպես նաև՝ աշխարհի բազմաթիվ երկրների, ներառյալ՝ Ամերիկայի օրենսդիր մարմինները 1915 թ․ հայ ժողովրդի ենթարկված մեծ ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող որոշումներ են ընդունել։ Նման որոշումները հույս էին ներշնչում, որ ցեղասպանության սպառնալիքներ այլևս չեն լինի, վերքերի վրա սպեղանի կդրվի, և արդարությունը կվերականգնվի։

Մինչդեռ այսօր Թուրքիան և Ադրբեջանը, իրենց համատեղ քաղաքական և ռազմական ռազմավարությանը հավատարիմ մնալով, օգտվում են ամեն տեսակի առիթից ու հնարավորություններից, որպեսզի տարածաշրջանում շարունակեն 1915 թ․ Ցեղասպանությունը և հայազրկեն այդ հողերը։

Ցեղասպանությունը ճանաչած երկրները մարդկային մեծ պատասխանատվություն են ստանձնել սպառնալիքի տակ գտնվող այս ազգի գոյությունը պահպանելու համար։ Միջազգային հանրությունը պե՛տք է շտապ գործի անցնի՝ մարդկայնության դեմ իրականացվող այս հանցագործությունը կանգնեցնելու համար։

Արցախում բնակչության դրության մասին անտեղյակություն է առկա, քանի որ նրանք զրկված են ստաբիլ հաղորդակցման միջոցներից ու վառելիքից։ Այնտեղ պետք է հապշտապ միջազգային խաղարարար ուժեր ու դիտորդներ ուղարկվեն, և արագ օդային կամուրջ ստեղծվի բնակչությանն անընդմեջ ու ստաբիլ հումանիտար օգնություն ցուցաբերելու համար։

Պետք է հարգանք ցուցաբերել Արցախի բնակչության ինքնավարության և սեփական ղեկավարներին նշանակելու իրավունքի հանդեպ։ Պետք է շտապ ճանաչել Արցախի Հանրապետությունը և այն վերցնել միջազգային պաշտպանության տակ»։

Միություն ընդդեմ Ցեղասպանության կազմակերպություն / Ֆրանկֆուրտ

Թարգմանեց Մելինե ԱՆՈՒՄՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930