Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Արշակ Զաքարյան․ «Մարդիկ հետաքրքրվում են, միանում հացադուլին, բայց սադրիչներ էլ են գալիս»

Սեպտեմբեր 23,2023 13:12

Հունիսի 21-ից «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության անդամներն ու համախոհները Երեւանի Գարեգին Նժդեհի արձանի մոտ Նիկոլ Փաշինյանի իշխանության հեռացման պահանջով անժամկետ հացադուլ են հայտարարել։ Aravot.am-ը երեկ այցելեց հացադուլավորներին՝ տեսնելու, թե ովքեր են միացել եւ առողջական ինչ վիճակում են ծայրահեղ քայլի գնացած քաղաքացիները։

Հացադուլ հայտարարել է նաեւ «Հայոց ազգային գվարդիա» ՀԿ ղեկավար Արշակ Զաքարյանը, որի հետ զրույցը, հաշվի առնելով սթրեսային պայմաններում հայտնված օրգանիզմի հետ տեղի ունեցող փոփոխությունները, կարճ տեւեց։ Նա մեզ ասաց, որ ինքն արդեն երկու անգամ հացադուլ արել է եւ որպես այդ ճանապարհով անցած մարդ, ակցիայի մասնակիցներին ծանոթացրել է նման իրավիճակներում պարտադիր որոշ կարեւոր կանոնների պահպանման հետ։

«Սեպտեմբերի 21-ին մենք նույնպես Ազգային ժողովի առջեւ էինք։ Եվ երբ Սուրեն Պետրոսյանը հայտարարեց հացադուլի մասին, որոշեցի միանգամից միանալ։ Բավականաչափ հետաքրքրվողներ կան «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության երիտասարդներով։ Գալիս, զրուցում են, փորձում հասկանալ մտահոգությունները եւ պահանջները։ Հացադուլին միացած մարդիկ էլ կան։ Բայց նաեւ սադրիչներ են գալիս, որոնց ուղարկողները, ինչպես երեւում է, լավ տիրապետում են տեխնոլոգիաներին։ Այդ մարդիկ գալիս են հիմնականում երեկոյան ուշ ժամերի կամ գիշերը, երբ այստեղ քիչ մարդ է լինում։ Գալիս, նյարդային վիճակներ են փորձում ստեղծել, որպեսզի հացադուլավորները հնարավորինս շատ էներգիա ծախսեն։ Երեկ այդպիսի երկու մարդ էր եկել, բայց դրանք ստիպված եղան հեռանալ։ Որպես կանոն, սադրիչները ներկայանում են որպես զոհվածի ծնող։ Երեկվա այդ մարդկանցից մեկը, որ շնիկ էր ման տալիս, մոտ 30 տարեկան կլիներ, ու ներկայանում էր, որպես զոհվածի ծնող։ Ես հենց այդպիսիների հետ չշփվելու, չբանավիճելու խորհուրդ եմ տալիս հացադուլավորներին»,-ասաց Արշակ Զաքարյանը։

Արձանագրելով, որ արդեն 24 ժամից ավելի հացադուլի մեջ են, հետաքրքրվեցինք, թե բժիշկներն իրենց այցելե՞լ են։ «Իմ նախորդ հացադուլների ժամանակ բժիշկները հաջորդ օրվանից արդեն եկել են։ Հիմա նման բան դեռ չկա։ Ես սովոր եմ։ Բայց երիտասարդներ կան։ Լավ կլիներ, որ բժիշկները գային, գոնե նրանց արյան ճնշումը, շաքարը չափեին, որովհետեւ չգիտես, թե ում օրգանիզմը ինչպես է տանում սթրեսը»,-պատասխանեց Արշակ Զաքարյան։ Իսկ նրա կողքին նստած հասարակական գործիչ Արագած Ախոյանն ասաց․

«Ես հացադուլի մեջ չեմ, բայց եկել եմ աջակցելու իմ ընկեր Արշակ Զաքարյանին։ Ճանաչում եմ նաեւ հացադուլ հայտարարած այս երիտասարդներից մի քանիսին, որոնք առաջին քայլերն են անում քաղաքականության մեջ։ Պայծառ երիտասարդներ են։ Այնպես որ, ես ինձ պարտավոր եմ զգում՝ գտնվելու այստեղ եւ աջակցելու նրանց, որպեսզի օր առաջ ազատվենք այս ստահակներից եւ մեր ազգային դեմքը փրկենք։ Մենք առաջին օրը չէ, որ պայքարում ենք այս իշխանության դեմ։ Զարմանում եմ, Արշակը, որ առողջական խնդիրներ ունի, ամեն ինչ դրել է մի կողմ ու եկել հացադուլի է մասնակցում։ Հացադուլն իրեն հակացուցված է։ Բայց ես նրան չեմ համոզում նման բան չանել, որովհետեւ ինքն  ունի սկզբունք, որին երբեք չի դավաճանում։ Այնպես որ, ինձ մնում է միայն նրան ողջունել։ Իսկ ինչ վերաբերում է մեր հայրենակիցներին,  նրանք բոլորը նույնպես պետք է միանան այս պայքարին»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930